Լրահոս
Օրվա լրահոսը

Ռազմաճակատ մեկնած կամավորականների շարքերում են օպերային թատրոնի զինվոր-արտիստները

Հոկտեմբեր 15,2020 12:00

Պատերազմական այս օրերին ռազմաճակատում զինվորի կողքին են նաեւ շատ արվեստագետներ։ «Առավոտը» զրուցեց Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի  եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի  արտիստական խմբերի ղեկավարների հետ։ Թատերախմբի վարիչ Ելենա Լեւոնյանը տեղեկացրեց, որ զինվորագրվելու կոչին առաջինն արձագանքել է բեմի մեքենավար Դավիթ Առաքելյանը, նրան հետեւել են շատերը։ Այսօր ճակատում են նաեւ ճանաչված օպերային տենոր, վաստակավոր արտիստ Սարգիս Աղամալյանը, բաս Զոհրաբ Զոհրաբյանը։

Նվագախմբի վարիչ Գարեգին Սիմոնյանը նշեց կամավոր պատերազմ մեկնած ֆագոտահարներ Շմավոն Գրիգորյանի, Վիգեն Հարությունյանի, տրոմբոնահար Կարեն Սարգսյանի, շեփորահար Դավիթ Թադեւոսյանի անունները։ Գլխավոր բալետմայստերի օգնական Սերգեյ Սաֆարյանն էլ ասաց, որ ռազմաճակատից օրերս վերադարձել է կամավոր մեկնած բալետի արտիստ Դավիթ Գրիգորյանը, հետո էլ հավելեց, որ առաջնագծում է Արամ Խաչիկօղլյանը. «Իհարկե, թատրոնի ողջ կոլեկտիվը ներգրավված է ռազմաճակատին օգնելու աշխատանքներում, օրինակ՝ մեր խմբից Արթուր Գրիգորյանը իր տանը հյուրընկալել է արցախցի ընտանիքի, սնունդ, դեղորայք, հագուստ եւ այլ պարագաներ հավաքելու, ուղարկելու գործը իրականացնում են բալետի արտիստները, այդ թվում՝ Գրիգոր Գրիգորյանը, Արթուր Գասոյանը, Էդգար Սամվելյանը»։

Երգչախմբի վարիչ Գեւորգ Մինասյանը հայտնեց, որ այս պահին պատերազմում է նաեւ արտիստ Լեւոն Հարությունյանը։ Ելենա Լեւոնյանն էլ հավելեց, որ լավագույն բեմեր գրաված տենոր, վաստակավոր արտիստ Լիպարիտ Ավետիսյանը իր հարկի տակ հյուրընկալել է արցախցի ընտանիքի եւ սահուն անցում կատարեց դեպի ռազմի դաշտ, հիշեցնելով, որ պատերազմական այս օրերին ադրբեջանական զինված ուժերի կողմից Շուշիի Սբ. Ամենափրկիչ եկեղեցու կրկնակի ռմբակոծումը, ինչի ականատեսը եղավ աշխարհը, ոչ այլ ինչ էր, քան մեր մշակութային եւ կրոնական ժառանգության ոչնչացման փորձ։

Մեր զրուցակիցներն իրենց մտքերով լրացնում էին մեկը մյուսին։ Գարիկ Մինասյանի արտահայտած միտքը, թե Թուրքիան փաստորեն հարյուր տարի անց վերադարձել է տարածաշրջան հայոց ցեղասպանությունը շարունակելու նպատակով, շարունակեց Սերգեյ Սաֆարյանը. «Ախր ինչպես կարող է ցեղասպանության զոհ դարձած ազգի կառավարությունը (նկատի ունի Իսրայելը) սատարել մեր՝ հայերիս հանդեպ արդեն երկրորդ անգամ կիրառվող ոճրագործությանը։ Փաստորեն, ի՞նչ է ստացվում. արցախցին միայն մեկ ցանկություն ունի. ապրել իր հողում, որտեղ ապրել է դարեր շարունակ»։

Գեւորգ Մինասյանն էլ հղում անելով ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանի ֆեյսբուքյան էջին, մեջբերեց. «Թուրքիայի եւ Ադրբեջանի բացահայտ նեոօսմանյան կառավարությունների հրահրմամբ հայերին կրկին սպառնում է ոչնչացում։ Նախագահ Էրդողանը հանդես է գալիս Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղ բանակցությունների դեմ։ Ոչ միայն Ստամբուլում, այլեւ նույնիսկ Բեռլինում հայերը ենթարկվում են թշնամական վերաբերմունքի եւ հարձակումների։ Մենք կոչ ենք անում ձեզ՝ չցուցաբերել անտարբերություն։ Անցյալի հանդեպ կարեկցանք արտահայտելը ենթադրում է պատասխանատվություն ներկայի եւ ապագայի համար»։

Հիշեցնենք, որ պարոն Խզմալյանը այս գրառումը սկսել է այսպես. «Գերմանիայի եւ մի շարք այլ երկրների մշակութային հաստատությունների եւ գիտական կենտրոնների ղեկավարները, քաղաքագետները, լրագրողներն ու արվեստագետները բաց նամակ են հղել Բունդեսթագի պատգամավորներին։ 2016թ. հունիսի 2-ին, երկար քննարկումներից հետո, խորհրդարանի պատգամավորները ճնշող մեծամասնությամբ դատապարտեցին Օսմանյան կայսրությունում հայերի եւ բնակչության մյուս խմբերի նկատմամբ հետապնդումները, որակեցին դրանք որպես ցեղասպանություն եւ հայտնեցին ափսոսանք Գերմանական կայսրության մասնակցության կապակցությամբ։ Սեպտեմբերի 27-ին Լեռնային Ղարաբաղում կրկին պատերազմ է…»։

Օպերային թատրոնի պատասխանատուները զրույցի ընթացքում քանիցս նշեցին, որ այս օրերին իրենք, ինչպես ողջ հայությունը, միաժամանակ ապրում են եւ ցավ, եւ հուզմունք, եւ հպարտություն…, բայց վճռական են տրամադրված, լավատեսությունն իրենց չի լքում եւ այդ տարբեր հոգեվիճակներում էլ շարունակում են ստեղծագործել։

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
14.10.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031