Լրահոս
Օրվա լրահոսը

Վլադիմիր Սոլովյով. «Ո՞վ կցանկանա գալ մեր մոտ, եթե մենք չենք պաշտպանում մեր դաշնակիցներին»

Հոկտեմբեր 16,2020 08:30

Ռուսաստանի ճանաչված հեռուստալրագրող եւ մեկնաբան Վլադիմիր Սոլովյովը «Полный контакт | Соловьёв LIVE» հաղորդաշարի եթերում կոշտ շեշտադրումներով անդրադարձել է Արցախի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմական գործողություններին, որոնք հաճախ տեղափոխվում են նաեւ Հայաստանի Հանրապետության տարածք:

«Ես իսկապես դադարել եմ հասկանալ, թե ՀԱՊԿ-ը ինչ է: Հայաստանը, որ մեր դաշնակիցն է, մեր պաշտպանության ներքո՞ է, թե՞ ոչ: Ադրբեջանի զինված ուժերը խոստովանում են, որ հարվածել են Հայաստանի տարածքին: Պետք է խորը ըմբռնել: Նրանք կարծում են, որ կարող են նշանակետեր խոցել մեր դաշնակցի տարածքում: Նրանց կազմում  լրիվ ընդգրկումով գործում են արտերկրների ահաբեկչական կազմակերպությունների գրոհայինները, որոնց մենք ոչնչացնում էինք Սիրիայում: Հիմա պարզվում է, որ դրանք հայտնվել են մեր սահմանից 80 կմ հեռավորության վրա: Եվ դրանց հավաքագրում է կամ Ադրբեջանը, կամ, դա արվում է, ինչպես պարզ է դառնում, իր եղբոր կամ ընկերոջ՝ Թուրքիայի միջոցով: Ու նրանք լկտիություն ունեն՝ հարված հասցնել մեր դաշնակցի տարածքին: Այսինքն, դա ուղիղ մարտահրավեր է Ռուսաստանին, դա ապտակ է Ռուսաստանին:

Այդ սադրանքին Ադրբեջանի նախագահը հավանություն տվե՞լ է, թե՞ ոչ: Թե՞ նա տեղյակ չէ ու պատրաստվում է ներողություն խնդրել: Այսինքն, Ադրբեջանի պաշտպանության նախարարը մեր դաշնակցի տարածքում նշանակետեր խոցելու որոշումների կայացնելիս առաջնորդվում է իր հայեցողությա՞մբ: Այդ հարվածը հիմա ի՞նչ է նշանակում: Այսինքն, հիմա դա պատերազմ չէ Ադրբեջանի տարածքում, ինչպես էլ դա անվանեն՝ գործողություն, վերականգնում… Ոչ: Դա արդեն պատերազմ է Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ: Այսինքն, վերջ, դիմակները բացվել են: Ստացվում է, որ սա պատերազմ է, որը տեղափոխվում է Հայաստանի՝ ՀԱՊԿ-ի մեջ մտնող երկրի տարածք, որի նկատմամբ մենք պարտավորություն ունենք: Եվ դա՝ չնայած արտաքին գործերի նախարարների, պաշտպանության նախարարների, երկրների ղեկավարների միջեւ բանակցությունների՞ն: Ինչպիսի՞ն պետք է լինի մեր համարժեք պատասխանը: Մենք, ինչ է, նոտա՞ պետք է հղենք, դեսպանի՞ն հրավիրենք: Մենք հիմա ի՞նչ պետք է անենք: Սրանից հետո ո՞վ կցանկանա  գնալ Ռուսաստանի հովանոցի տակ, եթե Ռուսաստանը չի պաշտպանում իր դաշնակցին եւ թույլ է տալիս հարվածներ հասցնել նրա տարածքին: Սրանից հետո հետխորհրդային տարածքում ի՞նչ ազդեցության մասին կարող է խոսք լինել, եթե մենք մեր երկրի սահմանից ընդամենը 80 կմ հեռավորության վրա թույլ ենք տալիս փաստացի դեռեւս չձեւավորված, սակայն արգելված կազմակերպություններից գրոհայիններ հավաքագրող ահաբեկչական անկլավի գոյությունը: Ո՞վ կցանկանա գալ մեր մոտ, եթե մենք չենք պաշտպանում մեր դաշնակիցներին»,-ասել է Սոլովյովը:

 

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031