Լրահոս
Օրվա լրահոսը

Մերձավոր Արևելքի ահաբեկիչներ բերելով Ղարաբաղ՝ Թուրքիան աշխարհաքաղաքական այլ դերակատարների համար է խնդիրներ ստեղծում. Դավիթ Մաթևոսյան. Փաստ». «Փաստ»

Հոկտեմբեր 30,2020 11:12

«Փաստի» զրուցակիցն է «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի փորձագետ Դավիթ Մաթևոսյանը:

-Պարո՛ն Մաթևոսյան, թշնամին որևէ կերպ պատրաստ չէ պահպանել հրադադարը, որի շուրջ արդեն 3 անգամ համաձայնություն էր ձեռք բերվել: Հրադադարի անտեսումն ի՞նչ ցուցիչներ է իր մեջ պարունակում:

-Ադրբեջանի կողմից հրադադարի անտեսումը կարելի է երեք մակարդակներում մեկնաբանել: Առաջինը վերաբերում է ռազմաճակատի դասավորվածությանը: Առաջնագիծը հստակ բնագիծ չունի, որոշ տեղերում այն զիգզագաձև տեսք ունի, կան ներթափանցած բազմաթիվ դիվերսիոն խմբեր: Այսինքն, ձևավորված չէ այնպիսի բնագիծ, որը հնարավորություն կտա գոնե որոշ ժամանակով պահպանել հրադադարը: Երկրորդը վերաբերում է Ադրբեջանին: Ալիևը որոշակի հաջողություններ է գրանցել Ղարաբաղի հարավային հատվածում և կարծում է, որ կարող է զարգացնել իր հաջողությունը, ուստի հրադադարն իր օգտին չէ: Երրորդ մակարդակը կապված է Թուրքիայի գործոնի հետ:

Թուրքիան ամեն կերպ ցույց է տալիս, որ քանի դեռ նա ներգրավված չէ բանակցային գործընթացում, կայուն հրադադար ապահովել հնարավոր չէ: Էրդողանը փորձում է հրադադարը թանկ գնով վաճառել համանախագահ երկրներին՝ մասնավորապես Ռուսաստանին՝ ներգրավվելով տարածաշրջանային աշխարհաքաղաքականությանը: Ամփոփելով նշեմ, որ հրադադարի չպահպանումը կապված է բնագծի անհարմարության, Ադրբեջանի որոշակի հաջողությունների և Թուրքիայի աշխարհաքաղաքական հավակնությունների հետ:

-Ի դեպ, կան պնդումներ, որ այս փուլում Ադրբեջանի կախվածությունը Թուրքիայից բավականին մեծ է, և պատերազմական գործողությունների հիմնական դերակատարը հատկապես Ադրբեջանին թելադրողի իմաստով հենց Թուրքիան է:Ո՞րն է Թուրքիայի ուրվագծվող նպատակը, և արդյո՞ք Թուրքիային գործընթացից հանելու պարագայում այլ իրավիճակ կլինի:

-Թուրքիայի ազդեցությունը Ադրբեջանի նկատմամբ էապես մեծացել է, ինչն առնվազն երկու ցուցիչ ունի: Առաջինը Թուրքիայի ռազմական և քաղաքական աջակցության աննախադեպ ծավալն է, որը, բնականաբար, առանց գին չի տրամադրվում Ադրբեջանին: Երկրորդ՝ Ալիևը պարբերաբար խոսում է առանց Թուրքիայի խնդրի կարգավորման անհնարինության մասին, ինչն անցյալում չէր նշվում: Թուրքիան տարբեր տարածաշրջաններում հանդես է գալիս որպես խնդիրների հարուցող և հետագայում խնդիրները լուծելու գործընթացում բարձրացնում է իր քաղաքական կշիռը: Նույնը տեղի է ունենում Հարավային Կովկասում:

Էապես աջակցելով Ադրբեջանին, Մերձավոր Արևելքի ահաբեկիչներ բերելով Ղարաբաղ՝ Թուրքիան աշխարհաքաղաքական այլ դերակատարների համար է խնդիրներ ստեղծում, մասնավորապես Ռուսաստանի, որը նրան հնարավորություն է տալիս առևտրի մեջ մտնել նրանց հետ և քաղաքական օգուտներ քաղել իրավիճակից: Ղարաբաղյան հարցը կամ Թուրքիայի համանախագահ դառնալու ցանկությունն ընդամենը միջոց են վերոնշյալ նպատակներին հասնելու համար:

Աննա Բադալյան

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031