Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

«Հարավային եւ հարավ-արեւելյան ուղղություններում մեր զինված ուժերը հակառակորդից դիրքեր են վերցրել». ՊՆ ներկայացուցիչ

Հոկտեմբեր 31,2020 22:43

«Ամբողջ օրը վաղ առավոտվանից Ադրբեջանի զինված ուժերը ահաբեկչական խմբավորումների հետ միասին ռազմաճակատի գրեթե ողջ երկայնքով շարունակել են հարձակողական գործողությունները, մարտերի ինտենսիվությունը շատ բարձր չի եղել, սակայն որոշ օջախային ուղղություններով գնացել են ինտենսիվ հարձակողական գործողություններ:

Մասնավորապես կենտրոնական ուղղությամբ մեկ-երկու դիրքերի վրա նետելով մեծաքանակ հետեւակային եւ այլ ուժեր, զրահատեխնիկա, օգտագործելով հրետանի՝ միաժամանակ հրետակոծելով Մարտունի քաղաքը, Ադրբեջանի զինված ուժերին հաջողվել է ունենալ որոշակի առաջխաղացում, որոշակի դիրքային փոփոխություններ:

Դրան հակառակ հարավային եւ հարավ-արեւելյան ուղղություններում ընթացող առանձին օջախային մարտերում մեր զինված ուժերը կարողացել են հակառակորդից վերցնել որոշակի դիրքեր, եղել է որոշակի առաջխաղացում: Մարտերը շարունակվում են: Դրանք մեծ ինտենսիվություն չունեն, սակայն կիրառվում են բավականին շատ զենքեր եւ զինատեսակներ»,- իրավիճակը ռազմաճակատում այսպես ներկայացրեց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

Լրագրողի հարցին՝ ի՞նչ վիճակում են Ադրբեջանի վերահսկողության տակ ժամանակավորապես հայտնված Արցախի բնակավայրերի բնակիչները, Արծրուն Հովհաննիսյանը պատասխանեց, որ Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ անցած բնակավայրերի բնակիչները ժամանակավորապես տարհանվել են:

Մեկ այլ հարցի, թե մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանի տելեգրամի էջում հայտնվել է տեղեկություն, որ Ադրբեջանն ու Թուրքիան պատրաստում են «Ջախջախիչ հարված» անունը կրող օպերացիա եւ արգելված զինատեսակների կիրառություն ինչպես Արցախում, այնպես էլ ՀՀ տարածքի վրա, հայկական կողմը պատրա՞ստ է պատասխան քայլեր ձեռնարկել, ՊՆ ներկայացուցիչը պատասխանեց. «Չգիտեմ, թե ինչ «ջախջախիչ» օպերացիայի մասին է խոսքը, բայց Թուրքիայի եւ Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրականացվող օպերացիաները շարունակվում են ամեն օր, ողջ ռազմաճակատի երկայնքով ի ցույց են դրված»:

Հարցին՝ Ժնեւում ձեռքբերված պայմանավորվածությունների համաձայն կողմերը պետք է ակտիվորեն մասնակցեն ռազմի դաշտում մնացած աճյունների նախապատրաստման եւ փոխանակման իրականացմանը, ինչպես նաեւ ցուցակագրում իրականացնեն գերիների փոխանակման համար, արդյոք կա՞ այս առումով առաջընթաց, Արծրուն Հովհաննիսյանը պատասխանեց. «Ինչ էլ բանակցեն, ինչ էլ պայմանավորվեն, մինչեւ չլինեն վերիֆիկացիայի լիարժեք մեխանիզմներ, որը մեր զինված ուժերը սեղմ ժամկետում մշակում են, որեւէ լիարժեք հրադադար լինել չի կարող, որովհետեւ շատ առարկայական է, որ նշվի եւ լինեն այն մեխանիզմները, որոնցով հնարավոր է վերահսկել հրադադարը եւ տեսնել հաղթողին, ինչու չէ նաեւ՝ ի սկզբանե ֆիքսել, որ պատերազմը, ագրեսիան առաջինը սկսել է Ադրբեջանը: Արդեն մի ամիս շարունակվում է պատերազմը, սակայն բոլորին ուշադրությունից դուրս է մնացել, թե ինչպես սկսվեց այն»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031