Սուրեն Սահակյանը կարծում է՝ այս պատերազմը Նիկոլ Փաշինյանի մեղքը չէ, սա ավելի շատ նախկիների մեղքն է, Փաշինյանի մեղքը կլինի հաջորդ պատերազմը
Արցախում ընթացող պատերազմի առաջին օրերից Հայաստանն աշխարհին զգուշացնում է՝ Թուրքիան ահաբեկիչներ է ներգրավել այս պատերազմում։ Սա ենթադրում էր, որ աշխարհն էլ կարձագանքի, փոքր հույսեր կային, կամ մենք մեզ հույս էինք տալիս, որ ԱՄՆ-ն, եվրոպական երկրները Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կկիրառեն, որը կստիպի այդ երկրին դուրս բերել այս տարածաշրջանից ահաբեկիչներին։ Ոչինչ էլ չարվեց, բացի դատապարտելուց։ Հիմա ահաբեկչություններ են լինում եվրոպական երկրներում։ Բայց նույնիսկ այս դեպքում աշխարհից սպասել աջակցություն հօգուտ Արցախի, երեւի միամտություն կլինի։
«Ֆրանսիայում կամ Ավստրիայում իսլամիստների ահաբեկչությունից հետո եվրոպական առաջնորդներն արձագանքեցին, բայց նրանք ասացին՝ մենք Ավստրիայի, Ֆրանսիայի հետ ենք այս ահաբեկչության դեմ պայքարում, բայց նրանք չասացին՝ մենք Հայաստանի հետ ենք, իսկ այդ նույն ահաբեկչությունը Արցախում է։ Այս առումով, այստեղ ոչ այնքան ահաբեկչության գաղափարն է աշխատում, այլ այն, թե՝ որքանով են կարեւորում ահաբեկչական խմբավորումների գործունեության երկրները»,-«Առավոտ»-ի հետ զրույցում ասում է «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանը՝ պատասխանելով մեր այն հարցին՝ թե արդյոք այդ երկրներում իրականացվող ահաբեկչությունից հետո նրանք Թուրքիայի դեմ ինչ-որ քայլեր կձեռնարկեն, որը կանդրադառնա նաեւ Արցախում ընթացող պատերազմի վրա։ Պարոն Սահակյանը եվրոպացի առաջնորդների արձագանքներից ենթադրում է, որ օրինակ՝ Ավստրիայում իրականացվող ահաբեկչությունը եւ ահաբեկչական խմբավորումները վտանգավոր են այնտեղ՝ Եվրոպայում, եւ դրա դեմ այդ երկրները պատրաստ են պայքարել, բայց նրանց համար խնդիր չեն ահաբեկչական խմբավորումները, եթե դրանք Արաքսի հովտում են. «Այս առումով, ես հույս չունեմ, բացի մեր բանակից, որն էլ այդ խնդիրը լուծողն է լինելու»։
Արդյոք վտանգ կա՞ երբ մենք անընդհատ շեշտադրում ենք, որ Արցախում պայքարում ենք ահաբեկչության դեմ, եւ եթե որոշ երկրներ, իհարկե հաշվի առնելով նաեւ իրենց շահերը, որոշեն աջակցել մեզ ահաբեկչության դեմ այդ պայքարում, Արցախը կվերածվի Սիրիայի։ Պարոն Սահակյանը նման վտանգ չի տեսնում։ Նա կարծում է, որ այսօր ընթացող մարտերով Արցախն ավելի մեծ խնդիրներ է լուծում ոչ միայն Արցախի համար, նաեւ՝ աշխարհաքաղաքական, ամենակարեւորն իհարկե, Արցախի Հանրապետության ինքնորոշման իրավունքի հարցն է. «Ես այլ վտանգ եմ տեսնում. երբ շատ ենք շեշտադրում ահաբեկչական խմբավորումների առկայության վրա, աշխարհն էլ արձագանքում է, մենք մոռանում ենք կռվի իրական նպատակը։ Եթե ահաբեկչական խմբավորումները դուրս գան այնտեղից, մենք էլի շարունակելու ենք կռվել։ Այնպիսի տպավորություն է ստեղծվում՝ եթե Թուրքիան մի օր հանի ահաբեկիչներին՝ խնդիրը լուծվելու է։ Այնինչ, մեզ համար, մեր կուսակցության համար սա Արցախի ինքնորոշման իրավունքի կռիվն է, ոչ թե ահաբեկիչների դեմ պայքարի»։
Կարդացեք նաև
Եթե ՀՀ ղեկավարը չլիներ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանն այս պատերազմը չէր սկսի։ Այս թեզը տարածողներին պարոն Սահակյանը հիշեցնում է՝ վերջին երեսուն տարում այն ուղղություններով եւ ինտեսիվությամբ, որով տարվել է բանակցային գործընթացը, այլ ելք, քան պատերազմը, չէր թողել. «Պատերազմից խուսափելն անհնար էր, եթե մեր դիվանագիտությունն ասում էր՝ տարածքներն անպայման տալու ենք։ Ալիեւն էլ առիթը բաց չի թողել եւ ասում է՝ ասել եք պիտի տանք, դե, տվեք, հենց հիմա տվեք, հակառակ դեպքում ուժի միջոցով եմ լուծելու։ Դա էլ իր որոշելու հարցն է, որովհետեւ հայկական կողմը եթե ասել է՝ տարածքները տալու ենք, ըստ էության, ընդունել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Ուստի, այս պատերազմը Նիկոլ Փաշինյանի մեղքը չէ, սա ավելի շատ նախկիների մեղքն է։ Փաշինյանի մեղքը կլինի հաջորդ պատերազմը, եթե չկարողանա այնպես կողմնորոշվել, հայկական դիվանագիտությունն էլ չկարողանա այնպես աշխատել, մեր բանակն էլ չկարողանա այնպես անել, որ հետագայում խուսափեն պատերազմից։ Հիշեցնեմ՝ Փաշինյանը պատերազմի առաջին տաս օրերին զանգել էր առաջնագծի զինծառայողին եւ ասել՝ իրենց գխավոր խնդիրն է դիմակայել այնպես, որ հետագայում այլեւս պատերազմ չլինի»։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
05.11.2020