Լրահոս
Օրվա լրահոսը

«Եկեք ազգային ժողով, ձեր մազը ծռող չկա, եկեք, ասեք՝ լավ ենք արել». Էդմոն Մարուքյանը՝ «Իմ քայլի» պատգամավորներին

Նոյեմբեր 11,2020 22:33 Share

«Եկեք ազգային ժողով, ձեր մազը ծռող չկա, եկեք, ասեք՝ լավ ենք արել, սենց ճիշտ ենք արել, մեծամասնություն ենք, ժողովուրդը մեզ ընտրել է»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Նա հիշեցրեց՝ ժամանակ ինչ խոսում էին, իմքայլականները հայտարարում էին, թե ժողովուրդը մեզ է ընտրել, ժողովրդի իշխանությունն ենք, լեգիտիմ իշխանություն ենք ու շարունակեց. «Հիմա եկեք, էլի ասեք, մենք էլ մեր ասելիքը ձեզ կասենք: Սիրելի ընկերներ, սիրելի գործընկերներ եկեք խորհրդարան: Երեք մարդ է պետք, որ գա, որ խորհրդի նիստը գումարվի, 30 մարդ էլ պետք է գա, որ ԱԺ նիստը քվորումով սկսի: Բայց մենք սպասում ենք 132-իդ, քանի որ այս խորհրդարանն ունի էդքան պատգամավոր: Ժողովուրդը այդքան պատգամավոր է պահում, եկեք ժողովրդին ասեք՝ Դադիվանքը խի՞ էլ մերը չէ, եկեք մարդկանց ասեք, Ղազանչեչոցը խի՞ էլ մերը չէ: Ասեք՝ տենց ենք որոշել, եկեք ասեք: Եթե չեկաք, նիստը չկայացավ այսօր, ես կհայտարարեմ, որ Հայաստանը նաև ներխուժում է խորհրդարանական ճգնաժամ, որից հետո քայլեր կիրականացվեն դրա հետ կապված»:

Էդմոն Մարուքյանը տեղեկացրեց՝ խորհրդարան է այցելել «Իմ քայլից» միայն Լենա Նազարյանը ու մանրամասնեց. «20.15, Լենա Նազարյանի հետ խոսեցինք խորհրդարանում, ես ասացի, որ գործընթացները պետք է բերել քաղաքական ուղիներով և դրա համար խնդրեցինք տիկին Նազարյանին, որ անպայման կապվի խորհրդի անդամների հետ, և մենք կարողանանք խորհրդի նիստը գումարել: Գումարվեց. յոթ մարդ էինք տիկին Նազարյանը, ԲՀԿ խմբակցության այն անդամները, որոնք խորհրդի անդամներ էին և ԼՀԿ-ից ես ու պարոն Խաչատրյանը՝ էլի որպես խորհրդի անդամներ: Կանոնակարգ օրենքի համաձայն և ԱԺ աշխատակարգի համաձայն քվեարկությունը բաց է մինչև 22:15: Այսինքն՝ հնարավոր է խորհրդի նիստ գումարել: Մեզ պետք է երեք խորհրդի անդամ, որ ներկայանան, և մենք կարողանանք խորհրդի նիստը գումարել և անմիջապես նշանակել ԱԺ նիստ»:

Էդմոն Մարուքյանը փաստեց՝ ստորագրվել է մի խայտառակ փաստաթուղթ և նշեց. «Հայաստանը խորհրդարանական երկիր է: ՀՀ ժողովրդի 73 տոկոսը ձայն է տվել մի ուժի, որի պատգամավորները չեն գալիս խորհրդարան, որ նիստ գումարենք: 88 պատգամավորներից մեկ մարդ է եկել խորհրդարան, տիկին Լենա Նազարյանը, և մյուսները չեն գալիս: Հարցն ինչո՞ւմն է: Իշխանությունը միայն վայելելու համար չէ, իշխանությունը նաև պատասխանատվություն է, նաև ռիսկեր են: Եթե այդ իշխանությունը ստանձնել եք, եկեք մի բան ասեք: Եկեք ասեք՝ լավ ենք արել, ստորագրել ենք…եկեք մի բան ասեք»:

Էդմոն Մարուքյանը ասաց, թե թող չկապեն անվտանգության հետ, քանի որ անվտանգության որևէ խնդիր չկա. «Դուք իշխանություն ունեք այս պահին, եկեք նիստի: Ձեր իշխանությունը սպառվում է: Ձեր իշխանությունը այլևս չի լինելու այսպես, որ դուք չգաք նիստերին, ժողովրդին թողնեք փողոցներում, իրենց տանը տարբեր տեղերում իրենց հարցերով իրենց ցասումով: Ինչի՞ն եք սպասում. մտածում եք, որ մի հինգ օր անցնի, կարող է ժողովուրդն ասի լա՞վ եք արել, որ արել եք: Սա խորհրդարանական երկիր է, և ձեր ձայների համագումարով մեխանիկորեն վարչապետ է նշանակվել: Խորհրդարանը վարչապետ չի էլ ընտրել, այն նշանակվել է ԱԺ ընտրությունների արդյունքներով:  Հիմա տվյալ վարչապետի քաղաքական հենարանը դուք եք: Եթե պաշտպանում եք նրա ստորագրությունը, եկեք խորհրդարան, ասեք նորմալ է, ճիշտ է արել: Չեք պաշտպանում, եկեք ասեք, չեք պաշտպանում: Չեք ուզում էլ լինել պատգամավոր, ասեք էլ չենք ուզում լինել պատգամավոր, քանի որ չգիտեինք, որ սա սենց ահավոր ռիսկային բան է պատերազմող երկրում: Դուք չեք կարող ոչ մի բան չասել»:

Էդմոն Մարուքյանն ասաց, որ իր անվտանգությունը վտանգի տակ է, երկու օր է սպառնալիքներ է ստանում, և եթե իր հետ մի բան լինի, ամբողջ պատասխանատուն այս իշխանությունն է լինելու: Նա նաև հարցրեց. «Կա՞ իշխանություն այս երկրում, թե՞ անիշխանություն է սա: Ոնց որ ՀՀ վարչապետն է ստանձնել և չի մտածել, որ բացի դաչայից ու Մերսեդեսից նաև կա Արցախի հիմնախնդիր, այնպես էլ պատգամավորներն են մտածել, որ պատգամավոր լինելը 460 հազար դրամ աշխատավարձ է, դիպլոմատիկ անձնագիր, անձեռնմխելիություն, գործողումներ և պատիվ ու հարգանք: Պատգամավորի գործը նաև նա է, որ ռիսկ անեն, գան այս շենք, ռիսկ անեք, գաք ժողովրդին ասեք՝ այն, ինչ արել եք դուք, ինչ փաստաթուղթ եք ստորագրել»:

Էդմոն Մարուքյանը զգուշացրեց՝ երկրում մինչև ատամները զինված մարդիկ են շրջում, և եթե այս իրավիճակը մուտք չգործի քաղաքական խողովակներ, մարդիկ իրար դեմ են դուրս գալու:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30