Լրահոս
Օրվա լրահոսը

Սյունիքից ոչ մի քմ հող չի զիջվել․ Սյունիքի մարզպետի տեղակալ

Դեկտեմբեր 07,2020 20:55

Արդեն մի քանի օր է, ինչ անհանգիստ իրավիճակ է Սյունիքի մարզի Տեղ խոշորացված համայնքի գյուղերում։ Արդեն տեղեկացրել ենք, որ ադրբեջանցիները սպիտակ դրոշներով մոտենում են սահմանամերձ դիրքերին եւ պահանջում զիջել դրանք՝ մի քանի մետր հետ գնալով։ Շաբաթ օրը Տեղի համայնքի ղեկավար Ներսես Շադունցը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ դիրքերից ոչ մի մետր չեն զիջելու եւ լրատվամիջոցներին խնդրեց չանհանգստացնել իրենց, քանի որ բանակցությունների մեջ են եւ սահմանազատման աշխատանքներ են իրականացվում։

Երկուշաբթի, լրատվամիջոցներով Արավուս գյուղապետ Արգամ Հովսեփյանը հայտարարեց, որ մեկշաբաթյա պայքարից հետո հայկական կողմը 800 մետր նահանջել է, քանի որ «ադրբեջանական կողմը իրենց ագրեսոր է հայտարարել եւ վախեցրել, որ անօդաչու սարքերով կգան ու զինվորներին կվառեն»։

Նշենք, որ սահմանային այդ գոտում Պաշտպանության բանակի զորքի հետ հերթապահում են նաեւ տեղական ինքնապաշտպանական ջոկատի  կամավորները։

Aravot.am-ը Սյունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Բաբայանից փորձեց պարզել, թե իրականում ի՞նչ է կատարվում մարզում,  ի՞նչ սահմանազատման աշխատանքներ են իրականացվում եւ ի՞նչ տարածք է զիջվել հակառակորդին։

«Կիրակի՝ երեկ տեղի է ունեցել սահմանի ճշտում, որին մասնակցել է Արավուսի վարչական շրջանի ղեկավարը եւ N զորամասի հրամանատար գեներալ Պողոսյանը, ինչի արդյունքում եղել է դիրքային փոփոխություն եւ որոշակի տեղաշարժ։ Բայց ՀՀ պետական սահմանից եւ Սյունիքի վարչական տարածքից ոչ մի քառակուսի մետր հող չի զիջվել, դիրքային փոփոխությունը եղել է Լաչինի շրջանի հողերում»,–ասաց  Նարեկ Բաբայանը։

Նշենք նաեւ, որ Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանի հրաժարականից հետո, մինչեւ նոր մարզպետ նշանակվելը, մարզպետի գործառույթը, ըստ գործող կարգի, իրականացնում է ավելի շատ ստաժ ունեցող տեղակալը, որը Նարեկ Բաբայանն է։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031