Լրահոս
Օրվա լրահոսը

«Իմ տղան ձեր պես հայր չունի». շիրակցի կինը դեռ վիրավորված է վարչապետից, պաշտոնյաներից

Դեկտեմբեր 24,2020 13:30

Ընտանիքին սոցիալական աջակցության ծրագրում էին ներառել, այն էլ խոստումները կիսատ-պռատ են արել

Շիրակի մարզի Վահրամաբերդ համայնքում ապրող ընտանիքը տարիներ շարունակ ապրում է տնակում։ Ընտանիքի մայրը՝ տիկին Իրինան ասում՝ ո՛չ նախկինների ժամանակ էին նորմալ ապրում, ո՛չ էլ այս իշխանության։

Ընտանիքն ապրում է մոտ հիսուն հազար դրամով՝ նպաստն ու միակողմանի ծնողազուրկ երեխայի համար նախատեսված գումարով։ Հինգ երեխա ունի. ավագը՝ դուստրը, մայրաքաղաքում է աշխատում, վարձակալությամբ բնակարանով, մայրն ասում է՝ հազիվ ինքն իրեն է պահում, տան վարձ, կոմունալներ վճարում։

Չորս որդիներից մեկը մշտական զբաղվածություն չունի, ժամանակ առ ժամանակ բանվորի գործ է գտնում, օրավարձով վճարվում, մի քիչ օգնում մորը։ Մյուս որդին ժամկետային զինծառայող է, Արցախում է։ 3-րդ որդուն էլ արդեն զորակոչել են, 4-րդն անչափահաս է։

Տիկին Իրինան պատմում է, որ երեխաներից երեքը Գյումրիի Ֆրիտյոֆ Նանսենի անվան գիշերօթիկի սան են եղել։ Փոքրը՝ անչափահասը, դեռ գիշերօթիկ էր հաճախում, երբ կառավարությունը որոշեց լուծարել այն։ Լուծարելուց հետո տիկին Իրինային հույս էին տվել, որ պետությունը կաջակցի, բայց երեխան պիտի ընտանիք վերադառնա։ Սոցիալական աշխատողների խումբը այցելել է ընտանիքին, կարիքները գնահատել, ու որոշում կայացրել, թե ինչ աջակցություն են տալու, որպեսզի ընտանիքը կայուն եկամուտ ունենա։

Ապա տիկին Իրինայի հետ մեկ տարով պայմանագիր են կնքել, ժամանակացույց կազմել, թե երբ՝ ինչ աջակցություն են ցուցաբերելու։ Որոշում է կայացվել երկու մահճակալ տալ, որդիներից մեկին՝ վարսահարդարման պարագաներ, հագուստ։ Տիկին Իրինան էլ մի կարի մեքենա ունի, նրան էլ երկու թոփ կտոր են տվել, որպեսզի անկողնային պարագաներ եւ խոհանոցային սրբիչներ կարի ու վաճառի։

«Շնորհակալ եմ, կարում եմ, բայց չի ծախվում, մեկ-մեկ ծախվում է։ Բայց ահագին ժամանակ է առնող չկա։ Փոքր տղաս ոսկերչություն է սովորում ուսումնարանում, սոցաշխատողները խոստացել էին ոսկերչական գործիքներ առնել, բայց չառան, թանկ էին։ Բանակ գնացող տղուս համար էլ ասել էին՝ վարսավիրի գործիքներ կտանք, դա էլ չտվեցին։ Կարո՞ղ ա դեռ տան, չեմ ուզում վատ բաներ ասեմ, ուզում եմ հավատամ, որ դեռ խոստումները կկատարեն»,-ասում է տիկին Իրինան։ Ավագ (երեխաների անունները չի ցանկանում հրապարակենք. Ն.Բ.) որդին մասնակցել է քառօրյա պատերազմին, Արցախում ծառայող որդին էլ վերջերս արձակուրդ էր եկել, մայրը շատ հուզված, արտասվելով է պատմում որդու ծառայության մասին. «Էրեխեքը այնպիսի բաների միջով են անցել, որ մարդ սարսափում է։ Տղաս ինչ ապրումներ է ունեցել, էդ ինչ արհավիրք են տեսել էս էրեխեքը։ Լեյտենանտ է, պոլկին փրկել է, առաջին կարգի չգիտեմ ինչ շքանշան են տվել։ Հպարտ եմ, բայց վախում եմ էս մյուս տղուս համար, հիմա էլ իրան են տանելու։ Իբր իրենց ապրուստից ինչ հասկացան, որ հիմա էլ էրեխա-էրեխա տանում են էլի էդ վտանգավոր տեղերը»։

Տիկին Իրինան ասում է՝ հիմա երեխաների համար մարդավայել կացարանի մասին է երազում, տուն ունեն, բայց վրան շատ գործ կա անելու։ 2015 թվականին նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի հովանավորությամբ նույն գյուղում մի տուն են գնել այս ընտանիքի համար։ Իրինան պատմում է. «Գիշերով տարան տունը ցույց տվեցին, լույս չկար, կարգին չտեսա ինչ վիճակում է, հեռախոսների ֆանարները միացրել էին, շատ բան չէր երեւում։ Ասին՝ հավա՞ն ես։
Ասացի՝ դե, չգիտեմ, ոնց որ նորմալ տուն է։ Հետո որ արդեն առել էին, տարան տուն, որ բանալիները տան, տեսա քարուքանդ տուն է։ Ամբողջ կյանքներս աշխատենք՝ չենք կարող խելքի բերել։ Բայց էլի եմ ասում՝ շնորհակալ եմ, որ տուն տվեցին։ Էդ օրը, որ ասացի՝ բայց տանիքը, պատուհանները քանդված են, զուգարան չկա, պոլերը չկան, Սամվել Բալասանյանն ինձ ասում էր՝ մարդ, քիչըմ շնորհակալ պըտի լինի, Մոսկվան էլ վռազ չի կառուցվել, տղերքդ կմեծանան, կաշխատեն, կսարքեն։ Տղաս մեկ-մեկ աշխատում է, բայց էդ հացի փող է։ Քաղաքապետն ասաց՝ հազար դոլար կտանք՝ վերանորոգման համար։ Գյուղապետն ասաց ՝ տանիքը գյուղապետարանը կփոխի։ Էհ, որ եկան տանիքը սարքելու, տեղադրելու ժամանակ տախտակները սաղ թափվեցին, փտած էին»։

Ու այդ օրվանից տանիքի աշխատանքներն այդպես անավարտ են մնացել։ Տիկին Իրինան առողջական խնդիրներ ունի, մի քանի անգամ վիրահատվել է, ասում է՝ սոցիալական աշխատողներն առաջարկել են կով պահել, հրաժարվել է, ասում է՝ ի վիճակի չէ անասուն պահել։

Տիկին Իրինան մի քանի ժամ ընտանիքի խնդիրներն էր պատմում, չի հասցնում մի խնդիրը լուծել՝ մյուսն է ծագում։

«Չեմ հասցնում շունչ քաշեմ, պրոբլեմների տակ ճկռած ապրում ենք։ Բայց ես արժանապատիվ երեխաներ եմ դաստիարակել, ուզում եմ լավ կյանք ունենան, ուզում եմ, բայց չգիտեմ, ոնց իրենց կյանքը լավացնեմ։ Փոքրս ուսումնարանի ուսանող է, գյուղից քաղաք պիտի գնա՝ ուսման, էդ քեզ 300 դրամ՝ գնալ-գալով, քաղաքի մեջ էլ տրանսպորտ պիտի նստի, որ ուսումնարան հասնի։ Իր թոշակն էլ 4500 դրամ է, չի հերիքում տրանսպորտի ծախսին։ Չգնա էլ, հեռավար ուսուցման համար ոչ մի հարմարանք չունենք, ո՛չ ինտերնետ, ո՛չ համակարգիչ, ո՛չ էլ համապատասխան հեռախոս։ Դե ասեք՝ ի՞նչ անեմ»։

Իր այս դարդերը տիկին Իրինան մի անգամ փորձել է պատմել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ Գյումրի այցերից մեկի ժամանակ, փորձել է պատմել, ու անմիջապես փոշմանել. «Մոտեցա, որ պատմեմ, ինչ վատ վիճակում ենք ապրում, դեռ խոսքս չավարտած, մտքումս ասի՝ իզուր եկա։ Ես էլ խոսքս սկսեցի, որ տղաս բանակում է։ Փաշինյանն էլ թե՝ իմ տղան էլ է բանակում։ Ասացի՝ բայց իմ տղան ձեր պես հայր չունի, (ամուսինը տաս տարի առաջ է մահացել, Ն.Բ.)ձերի պես ապահովված չէ։ Նա էլ ասաց՝ չափահաս տղադ թող գնա աշխատի։ Էլ չհասցրեցի ասեմ՝ ախր աշխատում է, ինչ է ստանում, որ…։ Էդպես քոռուփոշման հետ եկա։ Փաշինյանի կողքիններն էլ ինձ էնպես վիրավորեցին, կարծես եսիմ ով եմ։ Ուզածս ի՞նչ է որ»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
23.12.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031