Լրահոս
Օրվա լրահոսը

Մարտիրոս Չալումյանը կրկին վտարանդի է, կամ էլ միջազգային տերմինաբանությամբ` կրկին փախստական է

Հունվար 01,2021 13:20

Դո՛ւք` սուտլիկ ազգագրագետներ, պատմաբաններ, արևելագետներ, էլ քաղաքագետներ ու վերլուծաբաններ, բազում լրագրողներ, ՀՀ արտաքին գործերի ու նաև արդարադատության նախարարներ և նախարարությունների աշխատակիցներ, դիվանագետներ ու կուսակցապետեր, ՀՀ վարչապետներ ու նախագահներ, դուք բոլորդ տեղյա՞կ եք արդյոք, որ Մարտիրոս Չալումյանը կրկին վտարանդի է, կամ էլ միջազգային տերմինաբանությամբ` կրկին փախստական է: Մի՞թե տեղյակ չէիք, որ Մարտիրոսը Գարդմանի Բանանց գյուղից էր բռնի տեղահանվել 1988 թվականին ու վտարանդի դարձել: Նա իր ընտանիքի անվտանգությունը գտավ Քարվաճառում, ու սկզբից իր հայրենի Բանանցին նմանակ գյուղում` Նոր Բանանցում, նա տուն կառուցեց, բնավորվեց:

Մարտիրոս Չալումյանի թոռները

Ապա Մարտիրոսը տեսավ ինչքան դժվար է թոռներին ձեռքով ցույց տալ, թե որ սարի ետևում է իր հայրենի Բանանցը, որ թուրքի երախում է մնացել, տեղափոխվեց դեպի հյուսիս ու տեղավորեց իր ընտանիքին Քարվաճառի Նոր Վերինշենում, այստեղ կրկին մի քարե տուն կառուցեց ու արդեն թոռներին ցույց էր տալիս դիմացի սարը ու ասում` «այ էս սարի ետևում է իմ Բանանցը»:

Ի գիտություն ձեզ` ասենք, որ Նոր Վերինշենն էլ նմանակն էր բռնազավթված Շահումյանի Վերինշենի: Այո՛, ՔարվաՃառում էին իրենց ընտանիքների փրկությունը գտել ու հանգրվանել Գարդմանի Բանանց, Գետաշեն, Վերինշեն, Խարխափուտ, Կարաչինար, Էրքեջ, Բրաջուր, Մանաշիդ գյուղերից 1988-1992 թվականներին մազապուրծ փախած հայերը, որոնք Քարվաճառում ապրում էին Նոր Բանանց, Նոր Գետաշեն, Նոր Վերինշեն, Նոր Խարխափուտ, Նոր Կարաչինար, Նոր Էրքեջ, Նոր Բրաջուր, Նոր Մանաշիդ գյուղերում:

Չալումյանը Բանանցի վանքի գմբեթին

Ու այսօր նրանք կրկին վտարանդի են, այս անգամ արդեն Քարվաճառի Նոր Բանանց, Նոր Գետաշեն, Նոր Վերինշեն, Նոր Խարխափուտ, Նոր Կարաչինար, Նոր Էրքեջ, Նոր Բրաջուր, Նոր Մանաշիդ գյուղերից:

Դու՛ք` սուտլիկ ազգագրագետներ, պատմաբաններ, արևելագետներ, էլ քաղաքագետներ ու վերլուծաբաններ, բազում լրագրողներ, ՀՀ արտաքին գործերի ու նաև արդարադատության նախարարներ և նախարարությունների աշխատակիցներ, դիվանագետներ ու կուսակցապետեր, ՀՀ վարչապետներ ու նախագահներ, դուք բոլորդ ոչ միայն հեռու էիք հայ մարդու հոգսից ու ճակատագրից, նրա դեմ անընդհատ գործող անարդարությունից, այլև ձեր ամենօրյա կեցվածքով, տարատեսակ պարտականություններով, ծրագրերով ու բիզնես-պլաններով զրկեցիք Չալումյան Մարտիրոսին ու նրա բախտակիցներին իրենց հողի վրա ապրելու հնարավորությունից, որ նրանք կրկին բռնեն պանդխտության ճամփան ու դառնան վտարանդի: Դու՛ք, պարտադրված կամ էլ տաքուկ անտարբերությամբ, վստահ էիք ու քարոզում էիք, որ այդ տարածքները օկուպացրել է Հայաստանը և պարտավոր է վերադարձնել:

Դուք, որ պարտավոր էիք պատերազմի առաջնագիծը ապահովել, երեք տասնամյակներ ոչ միայն լքեցիք այդ գիծը, այլև բացեցիք թիկունքը, որ ահագնացած ոսոխը հեշտ ջարդի հայոց զինվորին:

Մարիամ Ավագյան

Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի համակարգող

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031