Լրահոս
Օրվա լրահոսը

Ընտանիքի հայրը 15-ամյա որդուն հորդորել է գերի ընկնելու դեպքում նռնակով պայթեցնել ինքն իրեն

Հունվար 28,2021 12:45

Շինուհայրեցի Մարինե Փարսյանը, ավանդույթի համաձայն, հունվարի 28-ին լուսանկարվում է ամուսնու եւ 3 որդիների հետ, նրանց ճանապարհում զոհված ազատամարտիկների պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու։

Մարինե Փարսյանը՝ ամուսնու եւ որդիների հետ

Իսկ ինքը տոնական սեղանի պատրաստություն է տեսնում։ Հայոց բանակի օրը, հայրենիքի սահմանները կյանքի գնով պաշտպանած անմահացածների կենացը պիտի խմեն ու նաեւ նոր հաղթանակների կենացը։ Այս տարվա հունվարի 28-ն ուրիշ է՝ երեք տղաներն էլ տանն են։ Միջնեկ որդին ընդամենը 10 օր առաջ է վերադարձել բանակից։

Եգոր Փարսյան

Ընտանեկան ջոկի հրամանատար 46-ամյա Եգոր Փարսյանը չի սիրում խոսել իր անցած մարտական ուղուց ու սխրանքներից։ «Հերոսությունս ու սխրանքս ո՞րն է, թուրքը գա հասնի քո տուն՝ պաշտպանվես, սահմանը պահես՝ սխրա՞նք է»,–ասում է Եգորն ու կանխում հաջորդ հարցս։ «Մենակ չհարցնես` ո՞վ էր մեղավոր, որ սենց եղավ էս պատերազմում։ Բոլորս էլ մեղավոր ենք՝ ես, դու, էն մեկը, չենք պարտվել մենք ու հիմա կարեւորը խաղաղությունն է»,–ասում է դեռ մանկուց հայ-ադրբեջանական հակամարտության թեժ մարտերին մասնակցած Եգոր Փարսյանը։

Խոստովանում է՝ չկա դաժան բան այս կյանքում, երբ հայրն որդուն հորդորում է շրջափակման մեջ հայտնվելուց՝ գերի չընկնելու համար պայթեցնել այդ նպատակով նրա մոտ գտնվող նռնակը։ Եգոր Փարսյանը նման խորհուրդ տվել է կրտսեր որդուն՝ 15-ամյա Նարեկին, որը արցախյան 2-րդ պատերազմի ժամանակ հազիվհազ փրկվեց Շուշիի շրջափակումից։

Նարեկ Փարսյան

«Ինչ անեի, ասի՝ տղաս, նռնակի օղակը կքաշես, ուրիշ տարբերակ չկա»,–ասում է Եգորը։ Աստծո նախախնամությամբ ամեն ինչ բարեհաջող ավարտվեց։ «Բա ո՞նց չգնայի, համ պապան էր ասել, համ էլ «սնարյադները» բեռնաթափող չկար։ Մի անգամ էլ ես ավտոն քշեցի»,–պատմում է Նարեկն՝ ավելացնելով, որ չնայած «մաման դեմ էր, բայց պապային էլ մենակ պիտի չթողնեի, ախպերներս առաջնագծում էին»։ «Եգորին խնդրեցի, որ գոնե Նարեկին չտանի, բայց հետո նրանց ճանապարհելուց հետո մտածեցի՝ հո իմոնց արյունը քա՞ղցր չի ուրիշների արյունից»,–ասում է տիկին Մարինեն։

Կիմ Փարսյան

2019 թ. հունվարին ժամկետային զինծառայության մեկնած միջնեկ որդին՝ Կիմ Փարսյանը ծառայում էր Տավուշում, որպես հրետանավոր։ Անցած տարվա սեպտեմբերյան պատերազմի ընթացքում Կիմին տեղափոխում են Արցախ։ Հոկտեմբերի 15-ին Մեխակավանի թեժ մարտերից մեկում հրետանավոր որդին հանդիպում է հորը՝ Եգոր Փարսյանին, որն, ինչպես միշտ, անցնելով «դժոխքի» ճանապարհով, ինտեսիվ կրակոցների տեղատարափների տակ զինամթերքի հերթական քանակն էր հասցրել հայ տղերքին։ Իրավիճակի լրջությունից ելնելով, Եգորը թողնելով՝ մեքենայի ղեկը, ինքն էլ է սկսում կռվել հակառակորդի դեմ։ Իսկ արդեն մարտից մեկ օր անց, երբ հարաբերական անդորր էր, հայր ու որդի լուսանկարվում են։ «Մտածեցի, ով գիտի ինչ կլինի հետո, քանի Կիմիկիս հանդիպել ենք միասին նկարվենք»,–ասում է Եգոր Փարսյանը։

Սերժանտ Կիմ Փարսյանը ժպտում է, թփթփացնում հոր ուսին, հորդորելով մտածել ապագայի մասին։ Իսկ ինքը շտապում է Սիսիան՝ Լոր գյուղ, նշանածն է սպասում, շուտով հարսանիքն է լինելու։

Նաիրի Փարսյան

Մեծ որդին՝ Նաիրի Փարսյանը Գորիսի պետական համալսարանում է սովորում, մասնագիտությամբ ապագա էներգետիկ է։ 2016-2018թթ-ին Հադրութում է ծառայել, ապրիլյան քառօրյայի մասնակից է։ Արժանացել է խրախուսանքների։ Սեպտեմբերյան պատերազմն էլ անտարբեր չթողեց Նաիրիին։ «Եթե փոքր եղբայրս է անգամ գնացել, ո՞նց կարող էի ես չգնայի, համ էլ պապայի գործոնը մեծ է։ Հենց մի բան է լինում՝ հրամայում է՝ տղերք առաջ»,–հորը գաղտնազերծում է սերժանտ Նաիրի Փարսյանը։

Աստված չանի՝ հակառակորդը ոտնձգություն անի Հայաստանի նկատմամբ, Նաիրին վստահ է՝ իրենց ընտանեկան փոքրիկ ջոկը նորից մեկնելու է։ «Էս անգամ մամային էլ ենք տանելու, որ մենակ չմնա, չնեղվի»,–կատակում է Նաիրին, իսկ տիկին Մարինեն արձագանքում է՝ կգամ։ Այստեղ ամուսինն է խառնվում մոր եւ որդու զրույցին։ «Բա՞ մեր տունը, մեր հավե՞րը, մեր բոստա՞նը»,-ասում է Եգոր Փարսյանն ու ցույց տալիս մառանում ամբարածը։

«Աստված շեն պահե, բայց որ մի աղետ լինի, մեր ողջ գյուղին կարող եմ աջակցել»,–ասում է Aravot.am-ի զրուցակիցը։ Փոքր ՀԷԿ-եր ունի, մեխանիզատոր է՝ գյուղտեխնիկա, մեքենաներ ունի եւ խաղաղ օրերին էլ անհրաժեշտության դեպքում, իր իսկ խոսքով՝ «գարաժն աշխատում է գյուղացիների համար»։

Եգոր Փարսյանը 16 տարեկանից է զգացել պատերազմի շունչը։ 90-ականների հայ-ադրբեջանական հակամարտության տարիներին տրակտորով հաց եւ ուտելիք էր հասցնում սահմանը պաշտպանողներին։ 1992 թվականին էլ, երբ զորակոչվեց ժամկետային զինծառայության՝ արդեն փորձառու զինվոր էր։ Հակաօդային պաշտպանության զորամասում է ծառայել, «ժամանակին ինքնաթիռ է խփել ու մեդալ է ստացել»։

«Չեմ արել ասելու կամ ինչ-որ մեդալների համար։ Երբեք չեմ մտածել խի նրան տվեցին, ինձ չէ։ Կարեւորը հայրենիքս է»,–ասում է չորս պատերազմի բովով անցած Եգոր Փարսյանը։

Շտապում ենք հրաժեշտ տալու շինուհայրեցի այս ընտանիքին։ Հյուրեր ունեն՝ աղջիկը Նելլին Մեղրից պիտի գա (մեղրեցու հետ է ամուսնացել–Ա․Դ․), Որոտանից՝ հայրն ու մայրը պիտի գան՝ հարսանիքի են պատրաստվում՝ միջնեկ որդուն են ամուսնացնելու։

Իսկ արդեն դրսում, երբ հրաժեշտ էինք տալիս Եգոր Փարսյանի ընտանիքին, շինուհայրեցի մի մարդ մոտեցավ։ Ներկայացավ Արթուր։ «Հենց գրեք շինուհայրցի Արթուր, բոլորը կճանաչեն։ Բայց կարեւորը չի ինձ ճանաչելը։ Էս պատերազմում սաղին՝ մեդալներ կամ Արցախի հերոս տվեցին։ Խի չէի՞ն կարա մի հատ կոչում էլ մեր Եգորին տայի, խոխա վախտից պատերազմների մեջ ա։ Կգրես անպայման էս մասին։ Թող կարդան։ Արժանի է»,–ասաց Արթուրը։

Իհարկե, Եգոր Փարսյանը խնդրեց, որ համագյուղացու խոսքերը չհրապարակվեն։ Ոչինչ չխոստացա նրան։ Այնուամենայնիվ, համագյուղացի Արթուր Հովհաննիսյանի խոսքը չէի կարող անտեսել։ Գուցե իրո՞ք պատկան մարմինները հաշվի կառնեն, սահմանամերձ մարզում ապրող Հայաստանի շարքային բնակչի հորդորը:

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031