Լրահոս
Օրվա լրահոսը

Քննարկել են Արցախում հումանիտար ճգնաժամի հաղթահարման ուղղությամբ համահայկական ներուժի կենտրոնացման և համակարգված օգտագործման խնդիրները

Մարտ 18,2021 12:34

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցության ղեկավար Դավիթ Մելքումյանը և խմբակցության քարտուղար Գեղամ Ստեփանյանը աշխատանքային այցով ՌԴ–ում են։

Պատգամավորները Մոսկվայում հանդիպել են Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի հետ, քննարկել Արցախում հումանիտար ճգնաժամի հաղթահարման ուղղությամբ համահայկական ներուժի կենտրոնացման և համակարգված օգտագործման խնդիրները։ «Մասնավորապես քննարկել ենք ՌՀՄ միջոցներով Արցախի տարածքում 200 բնակելի տան կառուցման ծրագիրը, որը հնարավորություն կտա որոշակիորեն լուծելու ադրբեջանական օկուպացիայի տակ հայտնված ԱՀ տարածքների տեղահանված մեր բնակչության բնակարանային ապահովության հարցը», -տեղեկացնում են պատգամավորները։

Ռուսաստանի հայերի հրավերով պատգամավորները մասնակցել են «Ցեղասպանությունն ու Առաջին համաշխարհային պատերազմը։ Միջազգային պայմանագրեր։ Պատմական զուգահեռներ» խորագրով միջազգային համաժողովին, մտքեր փոխանակել հայկական և ռուսական հասարակական կառույցների և ակադեմիական շրջանակների ներկայացուցիչների հետ։

«Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցության պատգամավորները մոսկովյան այցի շրջանակներում հանդիպել են Ռուսաստանի Դաշնության Պետդումայի պատգամավոր Կոստանտին Զատուլինի հետ։ Քննարկել են Արցախում և տարածաշրջանում առկա իրավիճակը, հումանիտար և անվտանգային մարտահրավերները, կարևորել Արցախի և Ռուսաստանի միջև համակողմանի համագործակցությունն ակտիվացնելու ուղղությամբ քայլերը՝ ընդգրկելով ինչպես անվտանգային, այնպես էլ քաղաքական, տնտեսական և կրթական ու մշակութային ոլորտները։

Արցախի Հանրապետության Ազգային ժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031