Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ է մեր երկրում արտադրողականությունը ցածր եւ ինչ պետք է անել

Մարտ 19,2021 14:00

Փորձագետ Կարեն Մարտիրոսյանն ասում է՝ տնտեսության արտադրողականության բարձրացման ամենակարեւոր նախապայմանը տեխնոլոգիաների կիրառումն է, արտահանման ծավալների ավելացումն ու դիվերսիֆիկացիան:

Մասնագետները գտնում են, որ 21-րդ դարում հարուստ են այն ազգերը, որոնք ավելի արդյունավետ են աշխատում: Աշխատանքի արտադրողականությամբ մենք հետ ենք մնում եվրոպական ազգերից: Կառավարության մարտի 11-ի նիստում այս մասին հայտարարեց նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ Հայաստանը զիջում է արտադրողականությամբ ոչ միայն զարգացած երկրներին, այլ նաեւ ԵԱՏՄ անդամ երկրներին:

Նիստի մասնակից էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ասաց, որ Հայաստանում 1 ժամում միջինացված արտադրողականությունը վեց դոլար է, ԵԱՏՄ-ում միջինը 11 դոլար է, իսկ զարգացած երկրների պարագայում՝ 43 դոլար:
«Ավենյու քընսալթինգ գրուպ» խորհրդատվական ընկերության բաժնետեր եւ «Էքսպորտ Արմենիա»-ի համահիմնադիր Կարեն Մարտիրոսյանի համոզմամբ, մեր երկրի սոցիալ-տնտեսական զարգացումն արագացնելու, տնտեսական աճի տեմպերը բարձրացնելու համար արտադրողականության ցուցանիշը պետք է բարձրացնել: Ըստ մեր զրուցակցի, միջազգային կառույցները, մասնավորապես՝ Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպությունը՝ ՏՀԶԿ-ն, իր անդամ երկրների տարեկան հրապարակումներում հատկապես ուշադրություն է դարձնում արտադրողականություն կոչված ցուցանիշին:

«Իրականում արտադրողականություն ասած տերմինը հիմնականում կիրառվում է, որպեսզի գնահատվի՝ տվյալ տնտեսությունը կամ տնտեսվարող սուբյեկտը ինչքանով է արդյունավետ աշխատում եւ նրա կողմից օգտագործվող ռեսուրսներն ինչքանով են արդյունավետ կարողանում օգտագործել»,-ասաց Կարեն Մարտիրոսյանը: Նրա խոսքով, հենց այդ նպատակով էլ, ՀՀ կառավարությունը 2020 թվականի օգոստոսին, երբ մշակել եւ ներկայացրել է «Փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման 2020-2024» թվականների ռազմավարությունը, հիմքում ամրագրել է արտադրողականության ցուցանիշը, որից ելնելով էլ մնացած բոլոր ցուցանիշները պետք է կառուցվեն դրա վրա:

Ըստ Վիճակագրական կոմիտեի տվյալների, 2018 թվականին Հայաստանում տարեկան ստեղծված ավելացված արժեքը մեկ աշխատակցի՝ զբաղվածի, հաշվարկով կազմել է 6,7 միլիոն դրամ: Այս հաշվարկներից ելնելով էլ նշյալ ռազմավարությունում նպատակ է դրվել մինչեւ 2024 թվականը տարեկան արտադրողականությունը հասցնել մոտ 12 միլիոն դրամի:

Հասկանալու համար թե մեր երկիրը որտե՞ղ է թերանում, եւ այս պահին, Հայաստանը, որպես տնտեսություն, այլ երկրների հետ համեմատած, արտադրողականության ցուցանիշներով ի՞նչ դիրքում է գտնվում այս տարվա սկզբին, Կարեն Մարտիրոսյանի ներկայացմամբ, վերլուծություն են արել:

Որպես հետխորհրդային երկրներ, որոնք սակայն, ավելի զարգացած են Հայաստանից, ուսումնասիրել են Էստոնիայի, Լիտվայի եւ Լատվիայի օրինակը: Ըստ մեր զրուցակցի, պարզվել է, որ մեր տնտեսվարող սուբյեկտներն իրենց արտադրողականությամբ գրեթե 2,5-3 անգամ զիջում են անգամ այդ երկրներին:

Սակայն, Կարեն Մարտիրոսյանի խոսքով, ունենք տնտեսության այնպիսի ճյուղեր, որոնք իրենց արտադրողականությամբ էական բարձր են:

«Մեր ուսումնասիրության արդյունքներում եկանք այն եզրակացության, որ այսօր ամենաբարձր արտադրողականության ոլորտը հանքարդյունաբերությունն է: Այս ոլորտում մեկ աշխատողի ժամային արտադրողականությունը կրկնակի է՝ մոտ 14,4 դոլարի կարգի:
Բայց, որը որ էական ցածր է համադրելի երկրների հետ»,-ասաց Կարեն Մարտիրոսյանը՝ նշելով, որ ամենացածր արտադրողականությունը՝ վարչարարական եւ օժանդակ գործունեությունն է, որի մեջ մտնում է նաեւ պետական ապարատի արտադրողականությունը:

Ցածր արտադրողականության պատճառներից մեկն, ըստ մեր զրուցակցի, նման փոքր տնտեսությունների դեպքում շուկաներն ու արտադրության մասշտաբներն են. «Սովորաբար, բարձր արտադրողականության հասնում ես մասշտաբի էֆեկտի հաշվին: Եւ այստեղ, արտադրողականությունը բարձրացնելու ամենատեսանելի լուծումը տեխնոլոգիաների կիրառումն է, բարձր արտադրողական սարքավորումների կիրառումն է տնտեսության մեջ, որը հնարավորություն կտա նոր շուկաներ գրավել, այսինքն՝ արտահանման նոր հնարավորություններ ստեղծել, արտահանման ծավալներն էլ ավելացնել»:

Կարեն Մարտիրոսյանի խոսքով, այսինքն՝ պետությունը մի կողմից պետք է փորձի խթանել տեխնոլոգիական նոր լուծումների ներդրումը տնտեսության մեջ, մյուս կողմից՝ ստեղծի պայմաններ՝ նոր շուկաների, նոր տեսակի ապրանքների արտահանման համար:

Ճիշտ է, չպետք է մոռանալ, որ ունենք որոշակի սահմանափակումներ՝ պայմանավորված աշխարհագրական դիրքով, ենթակառուցվածքներով, լոգիստիկ ու տրանսպորտային խնդիրներով, սակայն պարոն Մարտիրոսյանը գտնում է, որ դրանք հաղթահարելի են. «Պետք չէ սահմանափակումները հիմք ընդունել ու ասել՝ ոչինչ չի ստացվի. Այստեղ կարեւոր է, որ մենք կարողանանք տեղի ունեցող տարբեր տնտեսական գործընթացներում պրակտիկ լինել»:

Որպես օրինակ, Կարեն Մարտիրոսյանը նշեց օրերս մեծ իրարանցում առաջացրած Իրանում Հնդկաստանի դեսպանի մտադրությունները՝ Հյուսիս-հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի մասին, համաձայն որի նախատեսվում է նոր ճանապարհ, որտեղ Հայաստանը դերակատարում կունենա:

Ըստ վիճակագրական կոմիտեի, 2019 թվականին մանրածախ առեւտրի ոլորտում մեկ աշխատողի ժամային արտադրողականությունը եղել է ընդամենը 6,75 ԱՄն դոլար: Սակայն, մեր զրուցակցի համոզմամբ, տեխնոլոգիաներ կիրառելու պարագայում մանրածախ առեւտրի ոլորտում կարելի է ավտոմատացումներ կատարել եւ դրանով էականորեն բարձրացնել արտադրողականությունը. «Ուսումնասիրել ենք եւ պարզել, որ 2017 թվականին մանրածախ առեւտրի դեպքում այդ ցուցանիշն ավելի բարձր է եղել, բայց մի բան պետք է հաշվի առնել: Եթե փորձենք 2019-ից առաջ այդ ցուցանիշները համադրել, միգուցե տեսնենք, որ ներկայումս արտադրողականության անկում է գնում, բայց՝ ո՛չ, այդպես չէ: Ենթադրում եմ, որ գրանցված աշխատողների քանակն է ավելացել, քանի որ 2018 թվականից հետո այդ գործընթացը սկսվեց, եւ այդ քանակն ավելացավ, ինչը նշանակում է եւս մեկ աշխատողի հաշվին այդ թիվն իջավ: Ի՛նչ այդ աշխատանքը կատարում է մեկ հոգի, ի՛նչ՝ երե՞ք հոգի: Այսինքն՝ Հայաստանի դեպքում չենք կարող դինամիկ շարքերով խոսել եւ տեսնել՝ ինչ է կատարվում, որովհետեւ այդտեղ զբաղվածների՝ վարձու աշխատողների, գրանցման հետ կապված մեծ շեղում ենք ունեցել»:

Կարեն Մարտիրոսյանի խոսքով, այն ոլորտներում, որտեղ տեխնոլոգիա է կիրառվել, արտադրողականությունը շատ բարձր է. «Օրինակ, վերջին տարիներին, էլեկտրացանցերի համակարգում լուրջ տեխնոլոգիաներ են ներդրվել, ինչի արդյունքում մարդկանց քանակը, ձեռքի աշխատանքը առավելագույն նվազել է, արտադրողականությունը՝ բարձրացել»:

Կարեն Մարտիրոսյանը գտնում է, որ արտադրողականության վրա էական ազդեցություն է ունենալու նաեւ աշխատողի մասնագիտական գիտելիքները, որակավորումները, փորձը եւ կարողությունները:

«Այսինքն՝ երկարաժամկետ հատվածում կրթական համակարգը պետք է միտված լինի նրան, որ պետությունը պետք է կարողանա պատրաստել որակյալ կադրեր, որոնք պիտի աշխատեն շուկայում եւ որոնք պիտի իրենց ազդեցությունն ունենան արտադրողականության վրա: Պարզ օրինակ է. տնտեսության ճյուղերից մեկը՝ փոխադրումներ եւ պահեստային տնտեսություն, իր արտադրողականությամբ էականորեն բարձր է հանրային սննդի կազմակերպում եւ կացություն ոլորտից: Այսինքն՝ մեր հյուրանոցային տնտեսությունները շատ-շատ ավելի արդյունավետ կարող են աշխատել, քան այսօր այդ արտադրողականությունն ապահովում են: Այդ ոլորտի աշխատակցի արտադրողականությունն ընդամենը 3,49 դոլար է, ամենացածրերից մեկն է: Շատերը կարող են ասել, որ այդ ոլորտն աշխատատար է, մարդկային աշխատուժի կարիք կա եւ այլն, բայց միանշանակ կարող եմ պնդել, որ ավտոմատ կառավարման, տեխնոլոգիաների կիրառությամբ կարող ես այդտեղ արտադրողականության խնդիր լուծել»:

Ամփոփելով խոսքը Կարեն Մարտիրոսյանն ասաց՝ Հայաստանի պես փոքր տնտեսություն ունեցող երկրի համար տնտեսության արտադրողականության բարձրացման ամենակարեւոր նախապայմանը արտահանումն է, արտահանման դիվերսիֆիկացիան, արտահանման ծավալների ավելացումը: Ըստ նրա, որպեսզի ապագայում հնարավորություն ունենանք Հայաստանում 1 ժամային աշխատողի արտադրողականությունը հասցնել 30 դոլարի, պետք է առաջիկա 5-6 տարիներին արտահանում-ՀՆԱ հարաբերակցությունը հասցնենք 45 տոկոսի, ներկայումս այն 23-24 տոկոսի սահմաններում է:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
18.03.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031