Լրահոս
Օրվա լրահոսը

Վանաձորի դրամատիկական թատրոնը վերսկսում է իր գործունեությունը

Ապրիլ 15,2021 23:03

Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնը վաղվանից կանցնի իր բնականոն աշխատանքին: Կորոնավիրուսի նոր ալիքի պատճառով մոտ 3 շաբաթ թատրոնը դադարեցրել էր իր գործունեությունը: Խաղացանկից հանվել էին մարտի 29-ից մինչեւ ապրիլի 16-ը ներառյալ հայտարարված բոլոր ներկայացումները: Հանդիսատեսի մուտքը թատրոն փակվել էր. «Թատրոնի գործունեության որոշակի դադարը պայմանավորված էր հիվանդացության աճով: Թատրոն գալիս էինք անհրաժեշտ աշխատողներով: Հիմա բոլոր դերասանների առողջական վիճակը բավականաչափ լավ է, ովքեր հիվանդ էին՝ կազդուրվել են, եւ կարծում եմ այլեւս այդ մասով խնդիր չունենք: Երկու հոգի ենք ունեցել, որ հոսպիտալացվել էին, հիմա տանն են եւ իրենց լավ են զգում»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց դրամատիկական թատրոնի տնօրեն Լուսինե Սահակյանը:

Տնօրենն ասում է, որ իրենք ամեն ինչ արել էին, որպեսզի վիրուսը թատրոն չհասնի, սակայն կանխարգելել հնարավոր չէր. «Մենք բոլոր նախազգուշական միջոցները ձեռք էինք առել, մենք մեր միջոցներով փորձել էինք տարածքի որոշակի ախտահանում իրականացնել: Իսկ ամսի 13-ին ԱԻՆ Լոռու մարզային վարչության կողմից ախտահանվել է թատրոնի շենքն ամբողջությամբ: Կարծում եմ որեւէ խնդիր մենք չունենք»:

Լուսինե Սահակյանն ասում է, որ թե՛ թատրոնի աշխատակիցները, եւ թե՛ հանդիսատեսը թատրոն են մտնում միայն պաշտպանիչ դիմակներով. «Բայց դահլիճում հանդիսատեսն այդ մեկ ժամվա ընթացքում թե՛ կկրի դիմակը, թե՛ կիջեցնի, թե՛ կզակին կդնի, դա արդեն մնում է հանդիսատեսի պատասխանատվության շրջանակներում, եւ ինչքան իրենք իրենց մասին հոգ տանեն, այնքան միջավայրը նույնպես առողջ կլինի: Անգամ դահլիճի որեւէ հսկիչ չի կարող այնպես հսկի, որ հանդիսատեսը դիմակը չհանի:

Թատրոնի դահլիճը նախատեսված է 358 հանդիսատեսի համար: Տնօրենի խոսքով՝ երբեւէ այն 100 տոկոսանոց լեցուն չի եղել. «Տարբեր լրատվամիջոցներով բավականին շատ ինֆորմացիա գնաց, որ 100 տոկոս վաճառված տոմսեր ենք ունեցել, կանոնների պահպանում չի եղել եւ այլն: Պետք է ասեմ, որ սա իրականությանը չի համապատասխանում: Երբեւիցե թատրոնը 100 տոկոսանոց դահլիճ չի վաճառել եւ փորձել ենք հնարավորինս պահպանել սոցիալական հեռավորությունը»:

Իսկ վաղը դրամատիկական թատրոնն իր ներկայացումները կսկսի Հովհաննես Թումանյանի հեքիաթների մոտիվներով մանկական ներկայացմամբ՝ «Լինում է, չի լինում»:

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Լուսանկարները՝ Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930