Լրահոս
Օրվա լրահոսը

«Ահռելի կորուստներ կրեց երկրի տնտեսությունը, սակայն պահպանվեց գիտական արդյունք ստանալու ավանդույթը». ԳԱԱ նախագահությունը հաստատեց ԳԱԱ-ի 2020թ.-ի գործունեության հաշվետվության մասին որոշումը

Մայիս 03,2021 14:53

2021թ. ապրիլի 30-ին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) նախագահության նիստում հաստատվեց ԳԱԱ-ի 2020թ-ի գործունեության հաշվետվության մասին որոշումը:

Զեկույցով հանդես եկավ ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը: Նա նշեց, որ 2020թ. Հայաստանի Հանրապետությունը կանգնեց ծայրահեղ ծանր երկու իրավիճակի առաջ՝ COVID-19 համավարակը և Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմը: «Ահռելի կորուստներ կրեց երկրի տնտեսությունը, բնականաբար, խաթարվեց նաև ԳԱԱ համակարգի բնականոն գործունեությունը: Սակայն, ի պատիվ ԳԱԱ համակարգի գիտական և գիտահետազոտական կազմակերպությունների, պահպանվեց պատշաճ մակարդակի գիտական արդյունք ստանալու ավանդույթը, կատարվեցին հիմնարար և կիրառական տարաբնույթ գիտական հետազոտություններ»,- ասաց ակադեմիկոս Մարտիրոսյանը:

Նա ընդգծեց, որ  COVID-19 համավարակի տարածման և նրա ազդեցության կանխարգելման 46 ծրագիր ներկայացվեց ՀՀ կառավարություն, որոնցից մի քանիսը կյանքի կոչվեցին: Մասնավորապես, ՀՀ կառավարության առաջադրանքով և ֆինանսական աջակցությամբ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը պատրաստեց և ՀՀ առողջապահության նախարարությանը տրամադրեց 100.000 ախտորոշիչ թեստ: ԳԱԱ քիմիական ֆիզիկայի ինստիտուտի արտադրած «Բիօքսիլ» ախտահանիչ նյութը մեծ կիրառություն գտավ հանրապետության տնտեսության բազմաթիվ ոլորտներում, այդ թվում՝ հայկական բանակում:

44-օրյա պատերազմի ընթացքում ԳԱԱ համակարգի գիտնականներն անմիջական մասնակցություն են ունեցել հանրապետության ռազմաարդյունաբերության համակարգի տարբեր օղակների աշխատանքներին:

Ռադիկ Մարտիրոսյանն անդրադարձավ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծին՝ նշելով, որ ակադեմիայի առաջատար գիտնականները, ինստիտուտներն ակտիվ մասնակցություն ունեցան Օրենքի նախագծի քննարկմանը և հանդես եկան բազմաթիվ դիտողություններով և առաջարկություններով:

Ըստ Ռադիկ Մարտիրոսյանի՝ 2020թ. ԳԱԱ համակարգի գիտահետազոտական կազմակերպություններն իրականացրել են գիտական և գիտահետազոտական աշխատանքներ 5 նպատակային, 42 բազային, 152 թեմատիկ և 105 տնտեսական պայմանագրային ծրագրերով: Ստացված արդյունքներով հրապարակվել է 140 մենագրություն և ժողովածու, որից 11-ն՝ արտասահմանում, 15 ուսումնական ձեռնարկ և դասագիրք, որից 2-ն՝ արտասահմանում, 1893 հոդված, որից 839-ն՝ արտասահմանում և 155 թեզիս, որից 92-ն՝ արտասահմանում:

Ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանն անդրադարձավ նաև միջազգային համագործակցությանը: Նա նշեց, որ ԳԱԱ-ն շարունակում է մասնակցել և իրականացնել տարբեր միջազգային գիտական ծրագրեր, այդ թվում՝ Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի (ISTC), Եվրոպական համալսարանական կրթության ՏԵՄՊՈՒՍ համաեվրոպական շարունակական (TEMPUS), Հորիզոն 2020 և այլն: ԳԱԱ կազմակերպություններն ակտիվորեն մասնակցում են նաև Քաղաքացիական հետազոտությունների և մշակումների (CRDF Global), Գիտության և կրթության հայկական ազգային հիմնադրամի (ANSEF),  NATO-ի (ՆԱՏՕ), Գերմանիայի կրթության և հետազոտությունների դաշնային նախարարության (BMBF)  գերմանական Շտիֆտունգ Ֆոլքսֆագեն հիմնադրամի (Volkswagen Stiftung Foundation) և այլ հիմնադրամների ծրագրերին:

Քննարկման ժամանակ նշվեց, որ անհրաժեշտ է բարձրացնել գիտական գործունեության արդյունավետությունը, բարելավել սարքավորումների օգտագործման հաշվետվությունը և գիտության ոլորտի բարելավմանն ուղղված   քայլեր նախաձեռնել:

ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31