Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԸՀ հայտ ներկայացրած գովազդային ընկերությունը ՔՊ թեկնածու Գուրգեն Արսենյանինն է. դիտորդները ռիսկ են տեսնում

Հունիս 18,2021 19:33

Այսօր «Ականատես» դիտորդական առաքելության անդամները «Մեդիա կենտրոնում» իրենց դիտարկումները ներկայացրեցին խորհրդարանական արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավի վերաբերյալ: Մայիսի 1-ից մինչեւ հունիսի 16-ն ընկած ժամանակահատվածն են դիտարկել:

Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրի ղեկավար Ալեքսեյ Պետրոսյանն ասաց, որ չնայած ԿԸՀ-ի որոշումը, ըստ որի Ռոբերտ Քոչարյանի «Կյանք եւ ազատություն» գրքի պաստառները քարոզչության հետ են կապվել, անվավեր է ճանաչվել վարչական դատարանի կողմից, այնուամենայնիվ, դիտորդական առաքելությունը դիտարկում է այն ասոցացվող «Հայաստան» դաշինքի նախընտրական քարոզչության հետ. «Եթե մենք փորձենք հաշվարկել, թե որքան ծախս է կատարվել Ռոբերտ Քոչարյանի եւ Տիգրան Արզաքանցյան բարեգործական հիմնադրամի կողմից, հիմք ընդունելով մեր դիտորդների կողմից արձանագրված վահանակների քանակը այս ժամանակահատվածում, կարող ենք ասել, որ շուրջ 27 մլն դրամ դուրս է գալիս հայտարարագրած ծախսերից, այսինքն, այդքան գումար տեսանելի չէ»:

Փողոցային սյուների, կանգառներում, բազմաբնակարան շենքերում, առեւտրի կետերում, հանրային տրանսպորտի վրա, այսինքն՝ չսահմանված վայրերում քարոզչական նյութեր են տեղադրել ՔՊ-ն, ՀԴԿ-ն, ԼՀԿ-ն, ԲՀԿ-ն, «Հանրապետություն» կուսակցությունը, «Հայոց հայրենիք»,  կուսակցությունները, «Պատիվ ունեմ», «Հայաստան», «Բաբաջանյան-Շիրինյան» դաշինքները: Եղել են պաստառներ, որոնց վրա բացակայել է տպագրողի, պատվիրատուի, տպաքանակի վերաբերյալ տեղեկատվությունը, որը ԸՕ-ով պարտադիր պահանջ է: Այս խախտումը նույնպես ՔՊ-ն թույլ է տվել, ի թիվս այլ կուսակցությունների:

Ալեքսեյ Պետրոսյանը նաեւ ասաց, որ ԿԸՀ հայտ ներկայացրած գովազդային ընկերություններից մեկը՝ «Յունիքոլ գրուպ» ՍՊԸ-ն հայտ է ներկայացրել  5 քմ-ն գերազանցող 42 վահանակի, բայց ըստ ընկերության կայքի, տիրապետում է նաեւ ավելի փոքր մակերեսի 200 տեղի Երեւանում: Այս ընկերության բաժնեմասի 100%-ը պատկանում է ՔՊ թեկնածու Գուրգեն Արսենյանին ու դիտորդները սա ռիսկ են համարում՝ մյուս կուսակցությունների նկատմամբ խտրական մոտեցման:

Անդրադառնալով ընտրակաշառքների բաժանման դեպքերին ու փորձերին, Ալեքսեյ Պետրոսյանն ասաց, որ 1 դեպք արձանագրվել  ԲՀԿ-ի Գավառի գրասենյակի մասով. «Համակարգողը  սննդամթերքի տեսքով փաթեթներ է բաժանել  մոտ 7000 դրամ արժողության: Բարեգործության, կաշառքի խոստման մեկ դեպք արձանագրվել է դիտորդների կողմից Արմավիրի շտաբում՝ ՀԴԿ-ի, որտեղ դիմումով քաղաքացին Տիգրան Արզաքանցյանին խոստանում է իր աջակցությունը՝ օգնության դիմաց»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930