Լրահոս
Օրվա լրահոսը

Մերժման 30 տարին

Հուլիս 01,2021 10:00

Ընտրությունների արդյունքներն ամփոփելիս` պետք է պատասխանել բազմաթիվ հարցերի, որոնց թվում, կարծում եմ, առաջնայինը հետեւյալն է: Ինչպե՞ս ստացվեց, որ իշխանական ընտրազանգվածի ներկայացուցիչներն ասում են՝ «ավելի լավ է՝ Հայաստանը դառնա Թուրքիայի մաս, բայց Նիկոլը մնա, թե չէ կգան նախկինները»: Այլ կերպ ասած՝ ինչպե՞ս եղավ, որ մեր հայրենիքի զգալի մասի եւ հազարավոր հայորդիների կորուստը, ադրբեջանական բանակի Հայաստանի տարածք ներխուժումը մարդկանց համար պակաս կարեւոր է, քան ինչ-որ այլ հարցեր:

Նախ պետք է ընդունենք, որ այդ երեւույթը նոր չէ: Երբ 1994 թվականին մեր բանակին հաջողվեց ազատագրել հայրենիքի որոշակի մասը, դա մեր բնակչությանն առանձնապես չուրախացրեց: Մարդիկ չէին ուզում տեսնել այդ հաղթանակը, չէին ուզում փայփայել այն, նրանք կենտրոնացած էին պատերազմի ժամանակ իրենց կրած զրկանքների վրա եւ անսասան ատելությամբ էին լցված Տեր-Պետրոսյանի հանդեպ, այսինքն՝ պետության ղեկավարի եւ զինված ուժերի հրամանատարի հանդեպ, որի օրոք տեղի ունեցավ այդ պատմական հաղթանակը:

Ճիշտ նույն ձեւով 2021 թվականին քաղաքացիների մեծ մասը չկարեւորեց խայտառակ պարտությունն ու կորուստները: Այն լիդերը, այն քաղաքական ուժը, որի պատճառով դա տեղի ունեցավ, դարձյալ ստացավ ձայների մեծամասնությունը: Ուրեմն՝ հայրենիքը, նրա անվտանգությունը չեն մտնում մարդկանց առաջնահերթությունների մեջ: Պատահական չէ, որ իշխանության ներկայացուցիչները, նրանց քարոզիչներն ու արբանյակները խոսում են ոչ թե այն մասին, թե ինչպես պետք է վերականգնել Արցախի եւ Հայաստանի տարածքային ամբողջականությունը, հոգ տանել տասնյակ հազարավոր փախստականների մասին. նրանց թեման է վեթինգը, լյուստրացիան, «պողպատե մանդատը», պատժելը, վրեժ լուծելը: Ինչո՞ւ են իշխանական շրջանակներն այդ ամենի մասին խոսում: Շատ պարզ. որովհետեւ այդպիսին է հասարակական պատվերը, նրանք ասում են այն, ինչ իրենց լսարանն է պահանջում: Նման իրավիճակի անմիջական պատճառը պարզ է. մարդիկ վրդովված են, խորապես նեղացած են այն ստորացումներից, ապօրինություններից, կամայականություններից, որոնք եղել են նախորդ տասնամյակների ընթացքում: Բայց դա չի կարող ամբողջությամբ բացատրել, թե ինչու քաղաքացիների ստվար հատվածի համար այդ նեղվածությունը եւ վրեժի ծարավն ավելի կարեւոր են, քան պետությունն ու հայրենիքը:

Խնդիրն ավելի խորն է եւ արժեքային համակարգի մեջ է: Այս 30 տարվա ընթացքում դպրոցի ուսուցիչները, բուհի դասախոսները, արվեստագետները, գիտնականները եւ, իհարկե, մենք՝ լրագրողներս, չենք կարողացել ապահովել քաղաքացիական գիտակցության գոնե այն մակարդակը, որը կար, ի հեճուկս պաշտոնական գաղափարախոսության, նախորդ դարաշրջանում: Հոգեւոր կյանքի այն ինտենսիվությունը, որը կար Հայաստանում 1970-80 թվականներին, բերեց 88 թվականի Շարժմանը. այդ շարժումը ինչ-որ բաներ մերժելուց բացի, ուներ ավելի կարեւոր առաքելություն՝ հաստատում էր պետականությունը եւ Արցախի ազատագրումը: Հետո եկան համընդհանուր մերժման, ատելության, նիհիլիզմի տասնամյակները, որոնց արտահայտման գագաթնակետն է դարձել այս իշխանությունը:

Բայց այդ դարաշրջանն էլ, կարծես թե, մոտ ժամանակներս ավարտվելու է:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (5)

Պատասխանել

  1. Anonymous says:

    Ընդհանուր առմամբ համաձայն եմ Ձեր այն մտքին, որ մերժումը Հայաստանում դարձել է կռվան թե՛ ընդդիմության, թե՛ իշխանության համար: Կտրականապես համաձայն չեմ Ձեր այն մտքին և, կներեք, ինձ համար տարօրինակ է դա լսել Ձեզանից, որ 94-ին մարդիկ չէին ուզում տեսնել հաղթանակը ու կենտրոնացած էին պատերազմի ժամանակ կրած զրկանքների վրա (եթե Սադոյանի մազութը նկատի ունեք, ապա լուրջ չէ): Այն, ինչպես մենք տարանք այդ զրկանքները, առանձին խոսակցության նյութ է: Ցավոք, 90-ականների թիկունքի հերոսության մասին հիմա համարյա չի խոսվում: Հարիր չէ այդպիսի զուգահեռներ անցկացնել 90-ականների հերոս ժողովրդի ու ներկայիս բարոյալքված զանգվածի միջև, որն, այո, բարոյալքվել է նաև տասնամյակներ տևող այս անդադար մերժումների արդյունքում: Նոր սերունդը կկարծի, թե այսպիսին ենք ու այսպիսին եղել ենք միշտ. ստորացած, ստոր, մանրախնդիր, անկիրթ, անգիտակից, ամուլ:
    Ճիշտ եք ասում, որ 94-ից մարդիկ ընդվզեցին, բայց պատերազմն այդտեղ անմիջական դեր չուներ: Այդ ժամանակվանից սկսեցին ֆեոդալական կարգերը բանակում և այլուր (Մանվել, Սեյրան, Վանո…): Որպես արդյունք՝ Եռաբլուրն աչքի առաջ սկսեց ընդարձակվել: 94-ին արգելվեց դաշնակցությունը: 95-ին Վահրամ Մարտիրոսյանի (ներկայումս՝ Հանրային հեռարձակողի խորհրդի անդամ!!!) թեթև ձեռքով Հայաստանում դրվեց մերժման ագիտացիայի՝ հակաագիտացիայի հիմքը (Քաղաքական փասիանս և այլն): Նույն թվին կեղծվեցին ընտրությունները: Նույնն արվեց 96-ին… Ագահ ու ապաշնորհ իշխանությունն իր դավաճանական քայլերով փոշիացրեց մեր հաղթանակն, ու դուք հիմա նույն հարթության վրա եք դնում այդ ամենի դեմ ընդվզողներին և ներկայիս գաղափարազուրկ զանգվածը:
    Կներեք, եթե կոպիտ ստացվեց:

  2. Armen says:

    Այս 30 տարվա ընթացքում դպրոցի ուսուցիչները, բուհի դասախոսները, արվեստագետները, գիտնականները եւ լրագրողները փոխանակ նպաստելու քաղաքացիական գիտակցության մակարդակի աճին, զբաղված էին ամեն գնով իշխանահաճո երևալու, ծպտուն չհանելով իշխանությունների վայրագությունների պայմաններում: Այժմ, երբ չկա կարծիք հայտնելու համար պատժվելու վտանգը, բոլորի տեսողությունը պայծառացել է, սկսել են տեսնել շրջապատում կատարվողը, հաճախ նաև՝ ակնհայտ անիրականը:

  3. Քրիստափոր says:

    ,,Նախ պետք է ընդունենք, որ այդ երեւույթը նոր չէ: Երբ 1994 թվականին մեր բանակին հաջողվեց ազատագրել հայրենիքի որոշակի մասը, դա մեր բնակչությանն առանձնապես չուրախացրեց: Մարդիկ չէին ուզում տեսնել այդ հաղթանակը, չէին ուզում փայփայել այն, նրանք կենտրոնացած էին պատերազմի ժամանակ իրենց կրած զրկանքների վրա եւ անսասան ատելությամբ էին լցված Տեր-Պետրոսյանի հանդեպ, այսինքն՝ պետության ղեկավարի եւ զինված ուժերի հրամանատարի հանդեպ, որի օրոք տեղի ունեցավ այդ պատմական հաղթանակը:,,
    Կներեք իմ կարծիքով Դուք ճիշտ չէք, մարդիք լավել տեսնում էին հաղթանակը, հպարտանում և փայփայում էին այն ու անսասան ատելությամբ լցված էին ոչ թե Տեր-Պետրոսյանի հանդեպ, այլ այդ դժվար տարիներին ՀՀՇ հովանու տակ երկիրը հիմնահատակ քանդող ու թալանող, կրթված, բայց չտես, նախկինում մի կուշտ փորով հաց չկերած, նորաթուխ չինովնիկների հանդեպ․ Իսկ հետո ամենաբարձր հովանու տակ եկան լիցկաները, թոխմախները, նեմեցները, շմայսները, սաշիկները, կարամելը, կոմբիկերը․․․․․ և թափով գնացինք /ոչ թե վերադաչձանք/ 19-րդ դար․
    Հ․Գ․ Կներեք Հարգելի պարոն Աբրահամյան, որոշ հարցերում կասկածում եմ, որ Դուք մանիպուլացիա եք անում և համառորեն չեք ուզում նայել ճշմարտության աչքերին/այս պահին ես ժպտում եմ/․

  4. Աննա says:

    Նաև շատ կարևոր է այն հանգամանքը, որ հասարակությունը Փաշինյանի գլխավոր մրցակցի մեջ արդարացիորեն չտեսավ պետության անվտանգության ու ամբողջականության երաշխիքներ ապահովողի: Համաձայն չեմ այն մտքի հետ, որ հասարակությունը չկարևորեց անվտանգային խնդիրները, պարզապես մրցակիցները ևս այն ուժերը չէին, որոնք լուծելու էին այդ խնդիրները առանց Հայաստանի ինքնիշխանությունը զոհաբերելու: Եվ ամենակարևորը, մեր հասարակությունը այդպես էլ չգիտակցեց, որ մասնակցում է խորհրդարանական ընտրությունների, ոչ թե վարչապետի, հետևաբար քվեարկելիս չմտածեց հնարավորինս շատ ուժերի խորհրդարան մտնելու հնարավորություն տալու մասին:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031