Լրահոս
Օրվա լրահոսը

Պայքարով լեցուն մի հերոսի պատմություն. հնչեց Էդուարդ Հայրապետյանի Թավջութակի չորրորդ կոնցերտը

Հուլիս 01,2021 17:52

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը և թավջութակահար Նարեկ Հախնազարյանը ներկայացրին Էդուարդ Հայրապետյանի Թավջութակի չորրորդ կոնցերտի հայաստանյան պրեմիերան։

Կոմպոզիտորը տեղեկացնում է, որ կոնցերտը գրել է 2017 թվականին՝ նվիրելով այն Նարեկ Հախնազարյանին։

Էդուարդ Հայրապետյանը նկատում է, որ ստեղծագործությունը գրել է՝ ոգեշնչված թավջութակահարի կատարողական վարպետությամբ։ Առաջին անգամ այն ունկնդրել է Համբուրգի Էլբֆիլհարմոնիայում, որտեղ էլ 2018 թվականին կայացել էր կոնցերտի համաշխարհային պրեմիերան։ Նա ուրախությամբ է նշում, որ այսօր իր ստեղծագործությունն ունկնդրելու հնարավորություն ունեն նաև հայ երաժշտասերները։

Ներկայացնելով կոնցերտը՝ կոմպոզիտորն ասում է, որ իր ստեղծագործության մեջ պատկերել է կյանք մտնող մի հերոսի, որն անցնում է տարբեր փուլերով. «Հերոսը դուրս է գալիս պայքարի և մարտնչում իր ամբողջ ուժով։ Այդ պայքարը երկարատև է։ Գալիս է մի պահ, երբ հերոսը ցանկանում է միաձուլվել նվագախմբի, պատկերավոր ասած՝ հասարակության հետ։ Սակայն պայքարի արդյունքում նա ի վերջո իր երգն է երգում՝ դրսևորելով իր անհատականությունը»։

Ահա այս մտորումներն է հեղինակն արտացոլել կոնցերտում, որը մեծ վարպետությամբ ներկայացրեց Նարեկ Հախնազարյանը։

Համերգը ղեկավարում էր դիրիժոր Ջուն Սան Պարկը։ Վերջինս նշում է, որ ուրախ է այս հրավերը ստանալու համար՝ ղեկավարելու Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, որը, նրա բնորոշմամբ, հրաշալի նվագախումբ է։

Համերգային ծրագրում հնչեցին նաև հատվածներ Պրոկոֆևի «Ռոմեո և Ջուլիետ» բալետից։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031