Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայրենիքն Աստծուց տրված ամենամեծ պարգեւն է, սահմանն ատամներով պահել է պետք»

Հուլիս 16,2021 12:30

Ասում է ՀՀ ԶՈՒ հոգեւոր առաջնորդության գնդերեց տեր Մանուկ քահանա Զեյնալյանը

Թեմ TV-ի «301+» հաղորդման ձեւաչափն այնպիսին է, որ ամեն անգամ որեւէ լրագրող որեւէ թեմայի շուրջ հարցազրույց է վարում հոգեւորականի հետ:

Մենք էլ զրուցեցինք ՀՀ ԶՈՒ հոգեւոր առաջնորդության գնդերեց տեր Մանուկ քահանա Զեյնալյանի հետ այն թեմայով, թե արդյոք պատերազմի ժամանակ խաչն ու ու զենքը համատեղելի՞ են:

Տեր Մանուկին հարցրինք` ինչպե՞ս տեղայնացնել Ավետարանի այն ասույթը, որ եթե մի այտիդ կամ ծնոտիդ հարվածում են, մյուսն էլ տուր, հատկապես, որ շրջապատված ենք ոչ բարեկամ երկրներով, ուրեմն չընդդիմանա՞լ թաշնամուն, տեր Մանուկը պատասխանեց, որ Ավետարանում տեղ գտած այս հատվածը բոլոր ժամանակների ու ժողովուրդների համար արդիական է. «Հազարամյակների ընթացքում բազմաթիվ պատերազմներ, զրկանքներ են եղել, մեր հավատքի համար պայքարի մեջ երբեմն մեր մյուս երեսն էլ ենք դարձրել, բայց Ավետարանը մեզ հստակ ուղերձ է տալիս, որ չարին չարությամբ չպետք է պատասխանել…

Անգամ երբ մեր Տեր Փրկչին ամբաստանության էին տարել եւ թագավորի առաջ էին կանգնեցրել, ինքն իր երկրորդ երեսը չպահեց…

Իսկ մեր պարագայում, պատերազմի դաշտում հատկապես կամ թշնամի հարեւաններով շրջապատված լինելու հանգամանքում, մենք մեր երկրորդ երեսը երբեք չենք պահել, որովհետեւ մեր հայրերը պայքարել են մեր սուրբ եկեղեցու համար, հայրը պայքարել է որդու համար: Մեր մեջ ընտանիքի գաղափարը գերագույն սրբության նման նստած է, դրա համար մենք այսպես ենք կոչել` վասն հավատո եւ վասն հայրենյաց: Պայքարել ենք հայրենիքի, հավատքի, բոլոր սրբությունների եւ այն մի բուռ հողի համար, որ Աստված է տվել… Դրա համար պայքարը մեզ համար գերագույն սրբություն է:

Եվ այո, հայն իր երկրորդ երեսը չի պահել եւ չի էլ պահելու: Մենք՝ հոգեւորականներս, որ բանակի մեջ ենք ծառայում, երկու զգեստի տակ ենք պայքարում` մեկը մեր փարաջան է, մյուսը զինվորական կամուֆլյաժը… Երկուսի միավորումը, երկուսի հիմնական աղբյուրը, որի համար պայքարում ենք, մեր սուրբ եկեղեցին է, մեր սուրբ հայրենիքն ու ժողովուրդը: Եվ պատմության ընթացքում մեր եկեղեցու միջամտությունը միշտ եղել է եւ լինելու է, որովհետեւ մեր եկեղեցին ազգային եւ հոգեփրկչական եկեղեցի է…»:

Անդրադարձ եղավ նաեւ այն թեմային, որ Արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ եկեղեցին իր թանկ զավակներին տվեց, անգամ անհետ կորած հոգեւորական ունեցանք: «Ցավալիորեն շատ դեպքեր գրանցվեցին, մանավանդ այս պատերազմի ընթացքում…Մենք մեր մի կորուստի համար էլ չափազանց ցավում ենք, շատ կորուստների համար էլ: Զավակ կորցրած ծնողի համար դժվար է՝ լինես հոգեւորական, թե աշխարհական որեւէ մեկը: Ինչքան էլ փորձես մխիթարել, անուշ խոսքերով, քանի դեռ ամեն ինչ թարմ է, ծնողի ականջը փակ է: Պատերազմի ժամանակ կորուստներ շատ են լինում: Իմ ընկեր գնդերեցները բոլորն էլ պատմում են, որ զորքը նաեւ մեռնելու պատրաստ էր…Գիտե՞ք, թե պատերազմի ժամանակ որքան են հարցրել հավիտենական կյանքի, մեռնելու մասին, զինվորը, որ պիտի գնար խնդիր կատարելու, որոշ նրբություններով պատրաստվում էր դրան, մեկ հատ փամփուշտ ավել էր պահում, որ Աստված մի արասցե, գերության դեպքում ինքն իրեն սպաներ… Կրծքանշան խաչերը Աշոտ Երկաթի, իրենց պարանոցին անցկացրած խաչերը սրբորեն պահում էին, միայն տեսնեիք, թե որեւէ խնդիր կատարելուց առաջ ինչպես էին ջերմեռանդորեն աղոթում:

Երբ մենք ընդհանուր «Հայր մեր» էինք ասում, ու ճանապարհվում էինք, սա այլ բան է, բայց լրիվ ուրիշ էր, երբ կողքից տեսնում էիր, որ առանձին զինվորը գնում է եւ իրեն խաչակնքում է, կամ անունը, որ փակցված է համազգեստի վրա, ուսադիրներն իբրեւ հիշատակ թողնում էին ընկերոջ մոտ: Սա վկայում է այն մասին, որ իրենք գիտեին, թե ինչու էին կռվում»,-ասում է գնդերեցը: Տեր Մանուկը զրույցի ընթացքւոմ կոչ արեց հայ ընտանիքներին շատ զավակներ ունենալ, դա նույնն է, ինչպես խորհրդաբանորեն զանգն է ղողանջում: Նա նաեւ հիշեց բանակում արված մկրտությունները:

Հարցին` ի վերջո, արդյոք պատերազմի ժամանակ համատեղելի՞ են զենքն ու խաչը, հոգեւորականը պատասխանում է. «Այո, եթե վտանգ կա քո հավատքին, քո ժողովրդին, մորդ, հորդ, զավակիդ, սրբություններին… Հայրենիքն Աստծուց տրված ամենամեծ պարգեւն է, մենք ամեն կերպ պետք է պաշտպանենք հայրենիքը…Եթե քեզ սպանում են, դու էլ պետք է իրենց սպանես, եթե քո երիտասարդ զինվորին, զավակին, եղբորդ սպանում են, քո եկեղեցում պսակվող, մկրտվող, քո հավատացյալին սպանում են, դու էլ պիտի սպանես, բնաջնջես, սահմանն ատամներով պահել է պետք»:

Մեր դիտարկմանը, որ եկեղեցին խաղաղության քարոզի կրողն է, մյուս կողմից՝ մեր ոչ բարեկամ հարեւանը խոշտանգում է մեր գերիներին, սպանում է, ֆիզիկական ոչնչացման սպառնալիքներ է հնչեցնում, խաղաղության միակողմանի քարոզ կարո՞ղ է լինել, արդյոք այս պարագայում տեղի՞ն են խաղաղասիրական կոչերը, տեր Մանուկ քահանա Զեյնալյանը պատասխանում է. «Խաղաղությունը մարդը ձեռք է բերում կյանքի գնով եւ շատ դժվարությամբ, այդ ընթացքի մեջ, եթե մարդու կողմից պայքար չլինի, խաղաղություն չես կարող ունենալ… Մեր եկեղեցին, սակայն, մեր ժողովրդին կոչ չի անում, որ պիտի գնանք սպանենք, մորթենք, թալանենք, մեր ժողովրդին ուրիշ խաղաղություն է բերում, գիտակից կերպով պայքարի է բերում, կոչ է անում պաշտպանել հայրենիքը… Մեր եկեղեցին երբեք չի ասել՝ հարձակվելով խաղաղություն ձեռք բերել… Պայքարելով եւ պաշտպանվելով խաղաղություն է քարոզել»:

Տեր Մանուկը մեր զրույցի ընթացքում որոշ տպավորիչ դրվագներ էլ պատմեց, օրինակ, երբ խմբերով տղաները գնում էին խնդիրներ կատարելու, ծանր վիճակի մեջ հայտնվելիս տեր ողորմեա էին կոչում ու ողջ-առողջ վերադառնում, ասես հրաշքով արկերն ընկնում էին ու չէին պայթում: Մյուսն էլ այն է, որ օրերս իր զորամասի տղաներից 6 գերի ընկածներից 4-ը վերադարձել են Հայաստան: «Չեք պատկերացնի, թե հոգեւոր ինչ ապրումներ ունեցա»,-ասում է հոգեւորականն ու մաղթում, որ սպասող բոլոր ծնողները այդ ուրախությունն ապրեն: Նա նաեւ հույս է հայտնում, որ մեր երկիրը կշտկվի:

Պատրաստեց
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
15.07.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031