Լրահոս
Օրվա լրահոսը

Կապանի համայնքի ղեկավարը հորդորեց ժամանակ չկորցնել․ մանդատից հրաժարվեցին ավագանու 8 անդամ

Օգոստոս 09,2021 21:35

Երկուշաբթի` օգոստոսի 9-ին թերեւս Կապանի համայնքի ավագանու ներկա  կազմով վերջին նիստն էր։ Այն արտահերթ էր եւ օրակարգում երկու տասնյակից ավելի հարց կար՝ սկսած համայնքապետարանի աշխատակիցների աշխատավարձերի բարձրացումից մինչեւ սեփականության իրավունքով տարածքներ օտարելը։ Եվս 8 հարց օրակարգ մտցվեց համայնքի ղեկավար Գեւորգ Փարսյանի առաջարկությամբ։

Օրակարգը սպառվեց մոտ 50 րոպեում,  օրակարգային բոլոր հարցերին ներկաները առանց առարկության կողմ քվեարկեցին։ Օգոստոսի 2-ին Կապանի համայնքի ղեկավար Գեւորգ Փարսյանը նույն օրակարգով արտահերթ նիստ էր հրավիրել, որը սակայն չկայացավ քվորում չլինելու  պատճառով։ Միայն մեկ հոգի էր ներկայացել նիստին։ Այս անգամ 9 հոգի մասնակցեցին նիստին։

Երկու օր առաջ էլ ավագանու 15 անդամներից 6-ը  դիմել էին համայնքապետին՝ տեղեկացնելով, որ օգոստոսի 10-ից վայր են դնում մանդատները։  Բացարկ են ներկայացրել՝ Վիլեն Գրիգորյանը,  Շանթ Դավթյանը, Կարեն Մարտիրոսյանը, Վաչե Ասրյանը, Իվան Կոստանդյանը, Արա Մկրտչյանը, որոնք մասնակցում էին նիստին։  Նիստի ավարտին Կապան համայնքի ղեկավար Գեւորգ Փարսյանը նշեց, որ «Տեղական ինքնակառավարման մարմինների մասին» օրենքի համաձայն, բացարկ ներկայացրած ավագանու անդամների մասին պետք է կազմվի արձանագրություն։ «Ուստի դիմում եմ այն ավագանիներին, ովքեր մտադրված են դիմում ներկայացրել, անիմաստ ժամանակ չկորցնեն, իսկ ես վստահ եմ , որ եւս երկու հոգի պատրաստվում են  դիմում գրել։ Մի ուշացրեք գրեք, որ օգոստոսի 11-ին կարողանանք կազմել արձանագրությունը»,–ասաց  Գեւորգ Փարսյանը։

Ինքնաբացարկ հայտնած Շանթ Դավթյանին ոչ մեկը չի հորդորել դիմում գրելու։ «Պարզապես 4 տարի ավագանի եմ, ինչ կարողացել՝ արել ենք։ Հիմա մի փոքր դադար տամ, կմտածեմ հետո ինչ անեմ։ 90 տոկոսով չեմ մասնակցելու ավագանու արտահերթ ընտրություններին»,–ասաց Շանթ Դավթյանը։

Ավագանու անդամ Իվան Կոստանդյանը մեր դիտարկմանը՝ հարցով պատասխանեց։ «Ո՞ւմ կողմից հորդոր, եթե մենք հրաժարական ենք տալիս, ոչ մեկը մեղավոր չի, այդպես ենք ուզել։ Ավելին ասեմ, ես դեռ նախկին համայնքի ղեկավար՝ Աշոտ Հայրապետյանի օրոք էի ուզում հրաժարվել»,–ասում է Իվան Կոստանդյանը։

Կապանի համայնքի ղեկավար  Գեւորգ Փարսյանը շնորհակալություն հայտնելով  ավագանու անդամներին երկուսուկես տարի համատեղ աշխատանքի համար՝ միաժամանակ ափսոսանք հայտնեց, որ չեն կարողանա միասին աշխատել ի նպաստ Կապանի։ «Այս տարիներին բավականին աշխատանքներ ենք արել ու դեռ պիտի անեինք։ Իհարկե, ափսոսում եմ, որ այս կազմով հնարավորություն չենք ունենալու միասին աշխատելու, բայց ինչ պլանավորել ենք  Կապանի համար՝ անելու ենք։ Ափսոս ոչ այս կազմով»,–ասում է Գեւորգ Փարսյանը։

Ի դեպ, Կապանի համայնքապետը հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին՝ խոստանալով բոլոր հարցերին պատասխանել, երբ կստորագրվի ավագանու լիազորությունների դադարեցման մասին արձանագրությունը։

Հ․ Գ․ Նյութը պատրաստ էր հրապարակման, երբ տեղեկացանք, որ ավագանու եւս 2 անդամ՝ Նարեկ Դավթյանն ու Հայկ Հարությունյանը ավագանու անդամի մանդատից հրաժարվելու դիմում են ներկայացրել։ Այսպիսով, ըստ գործող կարգի, Կապանի ավագանու լիազորությունները համարվում է վաղաժամկետ դադարեցված։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031