Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

Սամվել Բալասանյանը հրաժարվում է, իշխող կուսակցության քաղաքապետի թեկնածուի անունն էլ արդեն հայտնի է

Օգոստոս 20,2021 21:44

Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանի որոշմամբ հոկտեմբերի 17-ին կկայանան Գյումրու ՏԻՄ ընտրությունները։ Կուսակցություններից կամ դաշինքներից որևէ մեկը դեռ պաշտոնապես չի հայտարարել ավագանու ցանկը գլխավորող իր թեկնածուի անուն-ազգանունը, անունները շրջանառվում են զուտ խոսակցությունների մակարդակով։

Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, որի իշխանության օրոք Գյումրու մթնոլորտը էապես փոխվեց, կարելի է ասել հանդարտվեց, այն այլևս կրիմինալ քաղաքի համբավ չի կրում, ընդհակառակը հայտնի է որպես զբոսաշրջային գրավիչ քաղաք, բավականաչափ ներդրումներ կատարվեցին այստեղ, կարծես թե չի ուզում մասնակցել ՏԻՄ ընտրությանը։

Իշխանության հորդորները մեկ անգամ ևս քաղաքի ղեկը ստանձնելու առայժմ ապարդյուն են, Սամվել Բալասանյանը համառում է։

Քաղաքապետն այս պահին արձակուրդում է, նրա հետ ընտրությունների թեմայով չի հաջողվել զրուցել։

Իշխող քաղաքական ուժը, մեր տեղեկություններով, քննարկում է Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանի թեկնածությունն առաջադրելու հարցը։ Մարզպետը, որը իր պաշտոնավարման կարճ ժամանակահատվածում աչքի ընկավ  կառավարման հետաքրքիր ոճով, խնդիրներ լուծելու կարողությամբ, քաղաքապետի պաշտոնի համար լավագույն թեկնածուն է։ Իշխող քաղաքական ուժը իր որոշման մասին կհայտարարի շուտով։

Ընդդիմադիր քաղաքական ուժերից շրջանառվում է ԱԺ նախկին պատգամավոր Մարտուն Գրիգորյանի անունը, որն արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցեց «Պատիվ ունեմ» դաշինքով։

Արդյո՞ք նա կառաջադրվի ՀՀԿ-ի ու «Հայրենք»-ի կազմավորած «Պատիվ ունեմ» դաշինքով, Մարտուն Գրիգորյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց՝ դեռ հստակ պատասխան չունեմ ընտրություններում իմ մասնակցության մասին։

ՀՀԿ Գյումրիի շրջանային կազմակերպության կազմակերպիչ-համակարգող Նարեկ Միրզոյանից էլ հետաքրքրվեցինք, թե ՀՀԿ-ն կմասնակցի՞ ընտրություններին, և եթե մասնակցի, ի՞նչ ձեւաչափով կգնա՝ առանձի՞ն, թե՞ Արթուր Վանեցյանի հետ կնքած դաշինքով։

«Այս պահին մեր մոտ քննարկումներ են տեղի ունենում, մոտ օրերս կունենանք որոշում։ Մի քանի տարբերակներ են քննարկվում, ձեր ասած երկու տարբերակն էլ քննարկվում է, հակված ենք մասնակցության, առաջիկայում կորոշենք՝ առանձին կմասնակցենք, թե դաշինքով։ Այսպես ասած՝ մասնակցության պաշտոնական որոշում էլ չունենք, բայց կուսակցականների հակվածությունը մասնակցության, կա։ Մասնակցելու ենք ոչ միայն Գյումրիում, այլ մյուս համայնքներում։ Իրականում առաջին համարի մասնակցության մասին խոսակցություն բացարձակապես չկա, որովհետև այս դեպքում թիմային մասնակցությունն ենք շատ կարևորում»,-ասաց Նարեկ Միրզոյանը։

ԲՀԿ կուսակցության խորհուրդը ևս մասնակցության մասին որոշում դեռ չունի, ԲՀԿ-ից շրջանառվում են երկու անուններ՝ ԱԺ նախկին պատգամավոր Վարդևան Գրիգորյանի ու նաև Գյումրու ավագանու նախկին անդամ Անդրանիկ Խաչատրյանի անունները։

Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքից այս պահին ակտիվորեն շրջանառվում են տեղի պատասխանատուների՝ Կարապետ Պողոսյանի ու Հովհաննես Ասոյանի անունները։

Մասնակցության հստակ որոշում ունի «Գյումրին կռնա» նորաստեղծ դաշինքը, այն ստեղծել են ազգային արժեքներ քարոզող մի քանի կուսակցություններ։ Դաշինքի ավագանու ցուցակն ամենայն հավանականությամբ կգլխավորի քաղաքի կենտրոնում գտնվող հյուրանոցներից մեկի գործադիր տնօրեն Վարդան Սրտաշյանը։ Դաշինքն արդեն իսկ իր մասին հիշեցնում է քաղաքի տարբեր հատվածներում այս կարգախոսը պարունակող ցուցապաստառներ փակցնելով, անգամ անցումներում «Գյումրին կռնա» գրելով։

«Գյումրին կռնա» կարգախոսը խորհրդանշում է քաղաքի հնարավորությունները երկրի իրավիճակում բեկում մտցնելու համար։ Մեր խնդիրը ոչ միայն քաղաքապետի հարցն է, այլ երկրի ընդհանուր խնդիրների լուծման մեջ բեկումը հենց Գյումրիից սկսելը։ Ակունքը համայնքային է, բայց համապետական շարժում է»,- ասաց Վարդան Սրտաշյանը։

«Իմ Գյումրի» քաղաքացիական նախաձեռնության ղեկավար Արտյոմ Թումանյանն էլ, որն ի պաշտպանություն վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ բազում ակցիաներ է իրականացրել, անգամ հանրահավաք կազմակերպել, ասաց․ «Գիտեք, որ Գյումրու ՏԻՄ ընտրություններին հնարավոր է մասնակցել միայն կուսակցություններով կամ դաշինքով, ինքնաառաջադրում չկա, եթե իշխող կուսակցությունը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, կառաջադրի ինձ՝ որպես քաղաքապետի թեկնածու, սիրով կմասնակցեմ, կլծվեմ քաղաքի զարգացմանը։ Մյուս կուսակցությունների հետ ես ընդհանրապես կապ չունեմ, ցանկություն էլ չունեմ լսելու»։

Մեր հարցին, թե սոցիալական ցանցերում արդեն գովազդային տեսահոլովակ է պտտվում՝ հիշեցնելով, թե պատրաստվում եք ընտրությունների, Արտյոմ Թումանյանն ասաց, որ ինքը կապ չունի այդ հոլովակների հետ, դա ՀՀ քաղաքացիներն են սարքել։ Նրանք են սոցցանցերում գրառումներ անում, պահանջում, որ ինքն առաջադրվի, նրանցից շատերին չի էլ ճանաչում։ Արտյոմ Թումանյանն ասաց, որ քաղաքացիները երբեմն նաև նամակներ են գրում՝ խնդրելով անպայման առաջադրվել։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031