Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ պետք է հակադրվի «ագրեսիվ-հնազանդներին»

Օգոստոս 25,2021 10:00

1989 թվականի մայիսի 27-ին Մոսկվայի պատմա-արխիվային ինստիտուտի ռեկտոր Յուրի Աֆանասեւը, որը ԽՍՀՄ ժողովրդական պատգամավորների համագումարի մեծամասնության համեմատ ավելի առաջադեմ հայացքներ ուներ, այդ մեծամասնությանը բնութագրել էր որպես «ագրեսիվ-հնազանդ»: Ագրեսիվ՝ որովհետեւ «շեֆին» քծնելու նպատակով նրանք պատրաստ էին, ինչպես ասում են, «թռնել» ցանկացած ընդդիմախոսի «դեմքին», եւ հնազանդ՝ որովհետեւ իրենց պահվածքով նրանք, ի վերջո, կատարում էին այդ «շեֆի» կամքը:

Հայաստանի Ազգային ժողովների մեծ մասը՝ սկսած 1995 թվականից, շարունակած ՀՀԿ-ականներով եւ վերջացրած վերջին երկու գումարումներով, ունի ճիշտ նույնպիսի մեծամասնություն: Վերջին գումարման նորամուծությունն այն է, որ ԱԺ նախագահը, ըստ երևույթին, չկարողանալով զսպել դահլիճում եռացող կրքերը, օրը մեջ ոստիկանական ուժեր է հրավիրում դահլիճ եւ հետն էլ թույլ չի տալիս, որ այդ ամբողջ քաշքշուկը լրագրողները նկարահանեն: Մնացած բոլոր տեսակետներից, մասնավորապես, «սիրելի առաջնորդին» հաճոյանալու առումով ՔՊ-ականները կոմունիստներից, ՀՀՇ-ականներից եւ ՀՀԿ-ականներից չեն տարբերվում:

Բայց ես ուզում եմ խոսել հակառակ կողմի՝ փոքրամասնության, ընդդիմության կեցվածքի մասին՝ կրկին վերադառնալով ԽՍՀՄ ժողպատգամավորների համագումարին: Ի՞նչ էր «ագրեսիվ-հնազանդ» մեծամասնությանը հակադրում 20-րդ դարի ամենահայտնի ֆիզիկոսներից մեկը՝ ակադեմիկոս Սախարովը: Դուք երբեւէ լսե՞լ եք, որ նա այդ համագումարի ընթացքում ձայնը բարձրացնի, որեւէ մեկին վիրավորի կամ պիտակավորի: Հիշենք նաեւ, որ նա ամենեւին լավ հռետոր չէր՝ խոսում էր դանդաղ, կմկմալով, հնչյունները կուլ տալով: Նրա ելույթների ընթացքում «ագրեսիվ-հնազանդները» ոտքերով դոփում էին, բղավում էին, ծափ էին տալիս, բայց Սախարովը դրան բացարձակապես ուշադրություն չէր դարձնում: Նա շատ հանգիստ ասում էր այն, ինչ համապատասխանում էր իր համոզմունքներին. օրինակ, այն, որ Աֆղանստան զորք մտցնելը ճակատագրական սխալ էր, Պեկինի Տյանանմեն հրապարակում հազարավոր երիտասարդների սպանելը հանցագործություն էր: Իհարկե, դուք կարող եք վերլուծել այդ երկու իրադարձությունները պրագմատիզմի տեսանկյունից՝ դա նորմալ է: Բայց Սախարովը խոսում էր բացառապես իր սկզբունքներից ելնելով:

ԱԺ-ում ներկայիս ընդդիմության մարտավարությունն այլ է. նրանք ուզում են Փաշինյանից ավելի «Փաշինյան» դառնալ, այսինքն՝ լինել ավելի սկանդալային, ավելի ճղճղան, ավելի դեմագոգ, ավելի պապուլիստ, ավելի անդաստիարակ, քան ներկայիս իշխանություններն են:  Պարզ է, թե ինչ տրամաբանությամբ են առաջնորդվում ընդդիմադիրները. եթե Փաշինյանի մոտ ստացվել է, ուրեմն իրենց մոտ էլ կստացվի: Բայց իրականում, խաղալով «մրցակցի դաշտում», նրանք միշտ պարտվելու են:

Ընդդիմության անհաջողությունների համար կա նաեւ ավելի հիմնավոր պատճառ, որը երեկ մի քանի անգամ հնչեցրել է հենց վարչապետը:  Նրա ասածի իմաստը հետեւյալն է. «այն ամենը, ինչ որ դուք՝ ընդդիմադիրներդ, ասել եք, բազմիցս գրվել է, հնչել է, կարդացվել է ու լսվել. ժողովուրդը շատ լավ գիտի, թե ինչում եք դուք ինձ մեղադրում: Բայց նա ձեզ չի հավատացել, ձեր հետեւից չի գնացել, նա ընտրել է ինձ»: Այդ թեզի հետ հնարավոր չէ վիճել՝ այն ճշգրտմամբ, որ «ժողովուրդ» բառը պետք է փոխարինվի «ընտրություններին մասնակցող քաղաքացիների մեծամասնությունը» ձեւակերպումը: Իսկ այդ մեծամասնությունը պատվիրակել է խորհրդարան գալ արդեն հիշատակած «ագրեսիվ-հնազանդ» մեծամասնությանը: Դրանից բխող բոլոր հետեւանքներով:

Արամ Աբրահամյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Հայ մարդ says:

    ԱԺ պատգամավորներին թվում է, թե իրենց լեզվակռիվների և ձեռնամարտերի ժամանակ ժողովրդի համակրանքը որևէ մեկի կողմը կանցնի: Սխալվում են, երկու կողմն էլ կաղում են խելքից, փաստերը հավասարակշռված շարադրելու և տրամաբանական եզրակացություն կազմելու ունակությունից, որով շատ ավելի կնեղեին դիմացի կողմին և կբարձրացնեին իրենց վարկանիշը: ԱԺ-ում ընթացող կռիվ-կռիվ խաղը վկայում է այն մասին, որ իշխանական և ընդդիմադիր թևերն իրար շատ ձեռնտու են՝ ջուր ծեծելու, սուր տեսարաններ ստեղծելու ու իրենց մտքի դատարկությունը թաքցնելու համար և սնվում են մեկը մյուսի թերություններով: Եթե ԱԺ ում նրանցից մի կողմը չլիներ, ապա մյուս կողմը ասելիք ու անելիք չէր ունենա: Պատգամավոր կոչվածներ, ժողովրդին այդպես կարող եք զբաղեցնել մեկ շաբաթ, երկու շաբաթ, բայց շուտով գալու է ազգի համար կարևոր պայմանագրեր ստորագրելու, դրանք վավերացնելու ժամանակը: Այդ ժամանակ ձեր թևերից յուրաքանչյուրդ կատարելու եք ձեր կուսակցական շեֆերի ցուցումը և նախնական տպավորությունն այն է, որ բոլորդ էլ առաջնորդվելու եք եռակողմ համաձայնագրի դրույթներով և տարածաշրջանային խաղաղությունն ամրապնդելու կեղծ թեզի տակ հակառակորդին տարբեր տիպի զիջումներ անելու քվեարկություններ եք իրականացնելու՝ պարզապես շառը մեկդ մյուսի վրա գցելու տափակ ձևերով: Այսքան ժամանակ որևէ մեկիդ համարձակությունը չտեսանք, որ այդ ցավոտ թեմայով խոսեիք, քննադատեիք կամ էլ ձեր լուծումն առաջարկեիք:
    Ջայլամի պես գլուխներդ ավազի մեջ մտցնելով, վտանգներից չեք ազատվի, խոսեք հրատապ թեմաներից՝ մեր բանակի հզորացման մասին, Արցախի կարգավիճակի ճանաչման մասին, մեր գերիների ազատ արձակման մասին, ինքնապաշտպանական նպատակով սահմանապահ գյուղերի բնակիչներին զինելու մասին, հյուսիս-հարավ ավտոճանապարհի շինարարությունը կտրուկ արագացնելու մասին, հյուսիս-հարավ երկաթգիծ կառուցելու խիստ անհրաժեշտության և դրա ֆինանսավորման ձևն առաջարկելու մասին, Սյունիքով թշնամուն միջանցք տրամադրելու անթույլատրելիության մասին, անկլավների հանձնումը բացառելու մասին: Բնականաբար, խոսեք նաև մեր երկրի տնտեսությունը և գիտությունը թռիչքաձև զարգացնելու ձեր տեսլականների մասին:
    Այ, եթե այս թեմաներով խոսեք, ժողովուրդը կհասկանա, թե ով եք դուք և ինչի համար եք եկել ԱԺ:

  2. Հ.Շ. says:

    Ընդդիմութեան վարքագծի վերաբերող, վերեւ առաջարկուած բացատրութիւնը, մակերեսային է

    Փաշինյանիզմը կապկելով արդիւնքների հասնիլը, նիւթէ դուրս է.
    ամէն դէպքում, եթէ գործածուած ոճը փաշինյանական է, տարբերութիւնը այն է, որ Ընդդիմութեան ըսածները՝ խորք ունին, բովանդակութիւն կը պարունակեն.
    իսկ եթէ խօսելակերպն ու շարժուձեւերը որոշ չափով նման են փաշինյանիզմի,
    նախ՝ նոյն աստիճան գռեհիկ չեն,
    ապա դրանք ի գործ դրուած են՝ յարմարելու համար ներազգային հակառակորդի լեզուին. քանի որ նա փաստօրէն միայն այդ լեզուն կրնայ հասկանալ.

    բայց այդ ամէնը, երկրորդական է

    . խորհրդարանային ընդդիմութիւնն ալ, կատարում է զայն ընտրողների կամքը

    . խորհրդարանային ընդդիմութիւնը արտայայտում է, որ նա պիտի «չխաղայ վարչակարգին խաղը»

    . նաեւ, խորհրդարանը՝ երկրի մը պատկերն է. սոյն ընդդիմութիւնը ուզում է պարզապէս որ այդ պատկերը համապատասխանէ իրականութեան. երկրի իսկական կացութեան, վիճակին.

    այլընտրանքը՝ սուտ ու կեղծ ծուցափեղկի մը կերտումին մասնակից լինելն է. եւ «business as usual»ի մօտեցումը, որ այժմու պայմաններուն մէջ, յատկապէս պժգալի, անտանելի եւ անհանդուրժելի է.

    . ընդդիմադիր ուժերի միւս այլընտրանքն ալ՝ խորհրդարանէն դուրս գալ, եւ մէյ մըն ալ այդտեղ չվերադառնալն է.
    ինչ որ հաւանական յանգումն այս ընթացքին. սակայն չեն վռազում այդպէս անելու, քանի որ այս կերպով, ներսից խփում են հակառակորդին. յետոյ, յարմար պահին, պայքարը կե տեղափոխեն փողոց.

    . քաղաքացիական պատերազմի մէջ, ուզում էք որ decoru՞mը յարգուի…

    . այն կերպով, այն ձեւով ու միջոցներով որ այս վարչակարգը գոյացաւ, ապա վերարտադրուեցաւ, ԱՆՀՆԱՐ ԵՒ
    ԱՆԿԱՐԵԼԻ դարձուցին որեւէ միասնականութիւն, որեւէ համախմբում, որեւէ տարրական, բնական երկխօսութիւն.

  3. Արամ Սերժիկյան says:

    Լիովին համամիտ եմ հեղինակի հետ: Այս ժողովուրդն արժանի է իր իշխանությանը: Չգնահատեց Սերժ Սարգսյանին, այն հղկված ու ապահով համակարգը, որ ձևավորվել էր նրա օրոք: Սերժ Սարգսյանի օրոք մեր բոլոր մտավորականները լավ էին ապրում, նրանից ամսեկան վարձավճար ստանում, փոխարենը ուղիղ կամ շղարշված գովքի ակնկալիքով: Ճղճղան Նիկոլը եկավ ու ամեն ինչ փչացրեց: Իսկական պատուհաս:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031