Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանում շարունակվում են քննարկումները լրացուցիչ իրավաբանական մեխանիզմների շուրջ, որոնք կապված են Արցախում ռուս խաղաղապահների մանդատի հետ. JAMnews

Սեպտեմբեր 09,2021 10:16 Share

JAMnews. Ադրբեջանում շարունակվում են քննարկումները լրացուցիչ իրավաբանական մեխանիզմների շուրջ, որոնք կապված են Արցախում ռուս խաղաղապահների մանդատի հետ։ Հայաստանում հետևում են այդ գործընթացին։ Երկու երկրների պաշտոնյաներն ու փորձագետները այս հարցով մեծապես տարբերվող կարծիքներ են արտահայտում (տե՛ս ստորև)։

2021 թ-ի սեպտեմբերի 6-ին ուղիղ 300 օր է անցել այն օրվանից, երբ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարները ստորագրել են եռակողմ հայտարարությունը, որը վերջակետ դրեց Արցախյան երկրորդ պատերազմին (2020 թ-ի սեպտեմբերի 27 — նոյեմբերի 10)։ Այս փաստաթղթի ստորագրումից հետո Արցախ են մտել ռուս խաղաղապահները։

Ադրբեջանի քաղաքագետներն ու փորձագետները վերջին ամիսներին բազմիցս հայտարարել են, որ ռուս խաղաղապահներն իրավաբանական հիմքեր չունեն երկրի միջազգայնորեն ճանաչված տարածքներում գտնվելու համար։

Այս հարցը նույնիսկ Ադրբեջանի խորհրդարանում չի քննարկվել։ 2021 թ-ի սեպտեմբերի 6-ին այս խնդրի մասին հրապարակավ հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։ Ըստ փորձագետների՝ այդ կերպ պաշտոնական Բաքուն իր դժգոհությունն է հայտնում ստեղծված իրադրության վերաբերյալ։

Ի՞նչ է ասել Հիքմեթ Հաջիևը

Նախօրեին այս մասին առաջին անգամ է խոսել Ադրբեջանի իշխանությունը։ Բի-Բի-Սիին տված հարցազրույցում երկրի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը նշել է, որ ներկա պահին «շարունակվում են որոշակի քննարկումները ռուս խաղաղապահների մանդատի առնչությամբ իրավաբանական մեխանիզմների շուրջ»։

Հաջիևի խոսքով՝ 2020 թ-ի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունն «Ադրբեջանի տարածքում ՌԴ խաղաղապահների ներկայության համար քաղաքական և որոշակի առումով իրավաբանական շրջանակներ» է սահմանել։

«Ողջ Ղարաբաղն Ադրբեջանի ինքնիշխան տարածք է, միջազգային հանրությունը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, և, 2020 թ-ի նոյեմբերի 10-ի հայտարարության համաձայն, խաղաղապահ ուժերը ժամանակավորապես տեղակայված են Ադրբեջանի Ղարաբաղի շրջանի որոշակի հատվածում», — հայտարարել է Հաջիևը։

«Մեր առջև կանգնած գլխավոր հարցն ազատագրված տարածքների վերականգնման, վերակառուցման աշխատանքներն են։ Վերջին 30-40 տարում ողջ աշխարհում ոչ մի երկրի առջև այսքան մեծամասշտաբ հարց դրված չի եղել», — հավելել է Ադրբեջանի նախագահի օգնականը։

Մեկնաբանություն Բաքվից

Ադրբեջանցի քաղաքական վերլուծաբան Աղշին Քերիմովի խոսքով՝ Հիքմեթ Հաջիևի հայտարարության միջոցով Ադրբեջանը դիվանագիտական ձևով իր դժգոհությունն է հայտնել Արցախում ռուս խաղաղապահների գործողությունների առնչությամբ։

«Ժամանակ առ ժամանակ խաղաղապահները դուրս են գալիս իրենց գործառույթների և յուրօրինակ մանդատի շրջանակից, որով օժտված են 2020 թ-ի նոյեմբերի 10-ի հայտարարությամբ։ Նրանք կարծես «լրացուցիչ ծառայողական պարտականություններ» են ստեղծում իրենց համար, կատարում դրանք կամ փորձում կատարել։

Բաքվին անհանգստացնում են այդ գործողությունները, և մինչ այս նա տարբեր ձևերով իր դժգոհությունը հայտնել է։

Հիքմեթ Հաջիևի հայտարարությունը ժամանակային առումով համընկել է Ադրբեջանի արտգործնախարարության բողոքի հետ, որը կապված էր ՌԴ պետական պորտալում Արցախում տեղակայված ռուս խաղաղապահներին անհրաժեշտ ծառայություններով ապահովման առթիվ տենդերային հայտարարության տեղադրման հետ։ Այդ հայտարարությունում նրանց տեղակայման վայրը նշվել է որպես «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն»։

Ըստ ամենայնի՝ սա լցրել է ադրբեջանական իշխանության համբերության բաժակը, ու այն սկսել է խոսել խաղաղապահների տեղակայման իրավաբանական կողմերի մասին՝ նրանց իրենց տեղը ցույց տալու համար», — նշել է Քերիմովը։

Ըստ վերլուծաբանի՝ պատահական չէ, որ Հաջիևն իր հարցազրույցում ընդգծել է Արցախում ռուս խաղաղապահների տեղակայման ժամանակավոր բնույթը։

«Խաղաղապահների լրացուցիչ իրավաբանական պարտավորությունները, որոնց մասին խոսում է պաշտոնական Բաքուն, ենթադրում է Ղարաբաղում զինծառայողների գործողությունների տեսակների հստակեցում, ինչպես նաև խաղաղապահ կոնտինգենտի կողմից Ադրբեջանի տարածքում ապօրինի հայկական զինված կազմավորումների գործողությունների խթանման հնարավորության բացառում։

Այդպիսով, Ադրբեջանը ռուս խաղաղապահների պարտավորությունները կտեղավորի միջազգային իրավաբանական շրջանակներում։ Իսկ դա կարագացնի մյուս հարցերի լուծումը, որոնք մինչ օրս դեռ բաց են», — նշել է փորձագետը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930