Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե ՌԴ-ն կողք կանգնի՝ Իրանին թողնելով միայնակ, հաջորդ հարվածը կստանա հենց ինքը». Ալեքսան Մինասյան

Հոկտեմբեր 10,2021 23:40

Ադրբեջանի եւ Իրանի միջեւ հնարավոր բախումը կարող է լուրջ հետեւանքներ ունենալ ինչպես Հայաստանի, այնպես էլ տարածաշրջանի համար: Այս առնչությամբ մենք զրուցել ենք «Վերելք» կուսակցության նախագահ Ալեքսան Մինասյանի հետ.

Պարոն Մինասյան, վերջին օրերին բավականին լարվել են իրանաադրբեջանական հարաբերությունները: Այս առումով բավականին հակասական կանխատեսումներ են արվում: Կա՞ արդյոք Իրան-Ադրբեջան պատերազմի հավանականություն:

-Իհարկե, կարծում եմ, որ պատերազմի հավանականություն չկա, քանի որ բոլոր տարածաշրջանային պետությունները հասկանում են, որ այդ պատերազմը կարող է սկիզբ դնել երրորդ համաշխարհային պարտերազմի։ Հարցը նրանում է, որ Իրանը շատ ավելի հզոր է, քան Ադրբեջանը, եւ նմանատիպ պատերազմ սպասել պետք չէ։ Բայց չմոռանանք, որ ինչպես 44-օրյա պատերազմին, այդպես էլ այսօր Ադրբեջանի մեջքին կանգնած է Թուրքիան, որն իր ցամաքային ռազմական  ներուժով հավասարազոր է Իրանին։

Իրան-Իսրայել-Ադրբեջան՝ ի՞նչ կասեք այս երկրների եռակողմ «խաղի» մասին, որի հետ կապված հայտարարությամբ հանդես էր եկել իրանցի գեներալը:

-Պատահական չէ, որ իրանական հրամանատարությունը եւ շատ իրանական կայքեր փաստում են, որ իրենց սահմանի երկայնքով տեսնում են սիոնիստական ներկայացուցչություն։ Այսինքն` սա ասում է նրա մասին, որ հնարավոր է նաեւ Իսրայելի մասնակցությունը այդ պատերազմին՝ դատելով Իրանի եւ Իսրայելի սրված հարաբերությունից։ Կարծում եմ  Ռուսաստանը նույնպես կողք չի կանգնի այդ պատերազմից, որովհետեւ եթե կողք կանգնի՝ Իրանին թողնելով միայնակ, հաջորդ հարվածը կստանա հենց ինքը՝ Ռուսաստանը։ Այդ իսկ պատճառով ենթադրում եմ, որ պատերազմ չի լինի Իրանի և Ադրբեջանի միջև։

Ո՞րն է Հայաստանի գործոնը ստեղծված պայթյունավտանգ իրադրությունում:

-Հայաստանի գործոնը  այստեղ շատ փոքր է, քանի որ մենք այսօր ունենք շատ թույլ բանակ, եւ լուրջ ազդեցություն չենք կարող ունենալ: Իհարկե, մենք մեր չափով, ինչքան որ կկարողանանք, կընդդիմանանք ադրբեջանա-թուրքական էքսպանսիային։ Բայց ասել,որ ունենք մեծ դերակատարություն, սուտ կլինի։ Բայց արդեն մեկ տարի է, որ պետք է պարտավոր լինեինք ուժեղացնելու մեր բանակը, որը անառիկ կպահեր Սյունիքը եւ կունենար իր ներդրումը տարածաշրջանային խաղաղության գործում։ Մեր միակ դերակատարությունը Սյունիքը ամուր պահելն է: Ես մեկ անգամ չէ որ փաստել եմ, որ Սյունիքը ոչ միայն  կարեւոր է Հայաստանի համար, այլ նաեւ հանդիսանում է խաղաղության դարպաս աշխարհի համար։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031