Լրահոս
Օրվա լրահոսը

«Այսպես շարունակվելու դեպքում մի քանի տարուց Երեւանի մատույցներում ադրբեջանական անցակետերի մասին կխոսենք»․ Տիգրան Աբրահամյան

Նոյեմբեր 11,2021 13:13 Share

«Իշխանությունը պարզ տեղեկացրեց, որ Կապան գնացող ճանապարհին ադրբեջանցիները դնելու են անցակետեր եւ մաքսային-անձնագրային վերահսկողություն են անելու նաեւ ՀՀ քաղաքացիների հանդեպ։ Ճանապարհն Ադրբեջանի հսկողության տակ է անցել իշխանության ապօրինի, բանավոր որոշման արդյունքում»,-կառավարության դիմաց այսօր Գորիս-Կապան միջպետական ճանապարհին ադրբեջանական մաքսային անցակետերի ապօրինի տեղադրման դեմ բողոքի ցույցի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

Նա նշեց․ «Խոստացել էին, որ քաղաքացիները խնդիր չեն ունենալու, բայց տասը ամիս է անցել, ու Կապան հասնել ցանկացող քաղաքացիները երաշխիք չունեն, որ չեն հայտնվի ադրբեջանական բանտերում։ Երկրի շահերի դեմ ուղղված այս քայլն արդարացնելու համար իշխանությունը թեման ասֆալտապատման դաշտ է տանում։ Մինչդեռ ճանապարհն Ադրբեջանի հսկողությանն անցավ այն պատճառով, որ դեկտեմբերին Սանասարն ու Կովսականն ապօրինի՝ բանավոր փոխըմբռնմամբ, անցան Ադրբեջանին։ Եթե այդ ճանապարհին կա հատված, որտեղ պայմանական կարելի է անցնել անձնագրային ռեժիմի միջով,  հայելային կերպով նաեւ հայկական մաքսակետ է տեղադրվում, բայց դա քաղաքացու համար արժեք չէ, դա հակաքայլ չէ Ադրբեջանին, դա քաղաքական առումով ոչ մի բան չի լուծում»։

Տիգրան Աբրահամյանի խոսքով՝ Ադրբեջանին մաքսակետեր տեղադրելու թույլտվություն տալով՝ իշխանությունն առաջիկա սահմանազատման-սահմանագծման գործընթացում նեղացրեց բանակցային հնարավորությունները՝ Ադրբեջանին լեգիտիմ իրավունք տալով Սյունիքի հատվածում վարվել ուզածի պես․ «Այդ այլընտրանքային ճանապարհը, որը կառուցել են, քաղաքական առումով լուծում չի տալիս։ Իշխանության գեղեցիկ տեքստերն ասֆալտի մասին չեն լուծում անվտանգային խնդիրը։ Փաստացի, ՀՀ-ն կորցնում է վերահսկողությունը Սյունիքի մի շարք բնակավայրերի հանդեպ։ Այսպես շարունակվելու դեպքում մի քանի տարի անց Երեւանի մատույցներում ադրբեջանական անցակետերի մասին կխոսենք»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930