Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպե՞ս լուծել պատերազմից հաշմանդամություն ձեռք բերած անձանց աշխատանքի հարցը․ սոցապնախարարի առաջարկը

Դեկտեմբեր 15,2021 21:01

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն այսօր այցելել էր Գյումրի։ Նա եղել էր միասնական սոցիալական ծառայության տարածքային կառույցում, ապա հանդիպել Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի հետ։

«Շիրակի մարզը Հայաստանի ամենախոցելի մարզերից մեկն է սոցիալական առումով, նկատի ունեմ աղքատությամբ, գործազրկության բարձր շեմով, և ցանկացած ծրագիր, որը նախանշված կլինի այս խնդիրների մեղմացմանը, մեզ համար չափազանց կարևոր է»,- նախարարի հետ հանդիպման ժամանակ ասաց մարզպետը։

Նազելի Բաղդասարյանը նաև նշեց, որ ի տարբերություն այլ երկրների,Հայաստանում չկա տարիֆիկացում, ըստ որի՝ ցուրտ շրջաններում բնակվողներն ավելի ցածր վարձավճար մուծեն էներգիայի կամ ջեռուցման համար։ Իսկ Շիրակի մարզում ձմեռը վեց ամիս է տևում, խոցելի խավի համար սա բարդ խնդիր է։

Մարզպետը նաև նկատեց, որ ոչ բոլոր կառույցներ են հարմարեցված հաշմանդամություն ունեցող անձանց ու որպես օրինակ մեջբերեց մարզպետարանի շենքը, որի մուտքը չունի թեքահարթակ։

Ըստ մարզպետի, մինչդեռ իրենք՝ որպես պետական կառույց,  հաշմանդամություն ունեցող անձանց մուտքը հասանելի դարձնելու առումով օրինակ պիտի ծառայեն մյուսների համար։

Հանդիպման ընթացքում Նազելի Բաղդասարյանը նաև ընդգծեց սոցիալական օգնությունները հասցեական դարձնելու կարևորությունը։

Նախարարը իր հերթին խոսեց տարբեր ծրագրերից, մասնավորապես շեշտադրեց պատերազմի հետևանքով  վիրավորում ստացած, հաշմանդամություն ձեռք բերած, զորացրված անձանց  կայուն աշխատանքով ապահովելու հարցի լուծումը։

Նա նշեց, որ պատերազմից հետո այն դարձել է իրենց գերատեսչության որդեգրած ուղղությունը։

«Արմավիրի մարզում կարողացել ենք հիմնել ինժեներական լաբորատորիա, որտեղ գործում է նաև ծրագիր հաշմանդամություն ձեռք բերած, պատերազմին մասնակից տղաների համար»,-տեղեկացրեց նախարարը։

Լրագրողների հետ զրույցում էլ Նարեկ Մկրտչյանը մանրամասնեց, որ կան բազմաթիվ ծրագրեր պատերազմին մասնակից շուրջ 500 զինվորների համար, և իրենց գերատեսչությունը Շիրակի մարզպետի հետ քննարկել են այս մարզից ևս հնարավոր շահառուներ ներառելու հարցը։

Նարեկ Մկրտչյանի տեղեկացմամբ, արդեն իսկ պայմանավորվածություններ ունեն տարբեր  կառույցների, մասնավորապես տեխնոլոգիական կենտրոնների, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հետ՝ զինծառայողներին վերապատրաստելու, կրթելու, հետագայում աշխատանքի տեղավորելու շուրջ։

Նա նաև նշեց, որ  հետպատերազմյան Հայաստանում մասնավոր ընկերությունները պատրաստակամ են դարձել  պատերազմի ժամանակ վիրավորում ստացած անձանց աշխատանքի տեղավորելու  հարցում, նրանք են դիմում իրենց գերատեսչություն՝ առաջարկներ ներկայացնելով։

«Պատերազմից հետո պատասխանատվության զգացումը բոլոր այն տղաների հանդեպ, որոնք որ իրենց առողջությունը չեն խնայել և մասնակցել են  պատերազմական գործողություններին, էլ ավելի է մեծացել  մեր հասարակության շրջանում։

Այս արձանագրումը պիտի անենք, ունենք բազմաթիվ առաջարկներ տարբեր մասնավոր ընկերությունների կողմից, որոնք, ըստ էության, պատրաստակամություն հայտնում են իրենց ծրագրերում ընդունել աշխատանքի, մինչև աշխատանքի ընդունելը կրթություն տալ, վերապատրաստել և այլն։

Դրանից բացի, մենք՝ որպես կառավարություն, հնարավորություններ ենք ընձեռում նրանց ավելի հարմար պայմաններ ստեղծել  հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքի ընդունելու։ Կապ չունի դա եղել է 90-ական թվականների պատերազմը, 2016-ի, թե վերջին պատերազմը, երբևէ ռազմական գործողություններին մասնակցած և հաշմանդամություն ձեռք բերած անձանց աշխատանքի տեղավորման դեպքում պետությունը փոխհատուցում է մինչև հարյուր հազար դրամ եկամտահարկը մեկ տարի ժամկետով, ինչպես նաև  գումար է տրամադրում գործատուին աշխատավայրը հաշմանդամություն ունեցող  անձի կարիքներին հարմարեցնելու»,-ասաց նախարարը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Լուսանկարը՝ Շիրակի մարզպետարանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031