Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչ է կատարվել եւ ինչի մասին էր գրում «Առավոտը» 2001 թվականի դեկտեմբերին

Դեկտեմբեր 17,2021 13:30

«Առավոտը» տեղեկացնում է, որ 20 տարի առաջ դեկտեմբերի 9-11-ը Թբիլիսիում տեղի է ունեցել «Կոնֆլիկտների տրանսֆորմացիան Հարավային Կովկասում» թեմայով միջազգային սեմինարը, որն անց է կացվել «Քաղաքացիական համաձայնության հարավկովկասյան ցանց» տարածաշրջանային ծրագրի շրջանակներում։ Տարածաշրջանի երկրներում անց են կացվել սոցիոլոգիական հարցումներ, որոնք էլ դարձել են սեմինարի քննարկման նյութ։ Յուրաքանչյուր երկրում հարցման է ենթարկվել 1000 մարդ։

Հայաստանում դրանք անց են կացվել Հայաստանի սոցիոլոգիական ասոցիացիայի կողմից, Վրաստանում՝ Բանակցությունների եւ կոնֆլիկտների ուսումնասիրման միջազգային կենտրոնի, Ադրբեջանում՝ «Պուլս» սոցիոլոգիական ծառայության կողմից. «Ամենադժվար լուծում գտնող կոնֆլիկտը, բնականաբար, Հայաստանում եւ Ադրբեջանում համարում են Լեռնային Ղարաբաղի խնդիրը, Վրաստանում՝ Աբխազիայի։ Հարցման ենթարկված հայ բնակչության 5%-ը Ղարաբաղը տեսնում է Ադրբեջանի կազմում ինքնավար մարզ, ադրբեջանցիների՝ 29,5%-ը։ Հակամարտող կողմերի միջեւ նոր հարաբերությունների որոնմանը՝ պետությունների տարածքային ամբողջականության պահպանման սկզբունքով, կողմ է արտահայտվել հայերի 10,9%-ը, ադրբեջանցիների՝ 64,6%-ը։ Ինքնորոշման իրավունքին՝ ընդհուպ ինքնավարություն՝ կողմ է հարցման ենթարկված ադրբեջանցիների 4,1%-ը, հայերի՝ 69,6%-ը։ Հարցված ադրբեջանցի քաղաքական գործիչները միանշանակ բացասական են պատասխանել այդ հարցին»:

Իսկ դեկտեմբերին 25-ին «Առավոտը» տեղեկացնում է, որ տեղի էր ունեցել «Ազատագրված տարածքների պաշտպանություն» հասարակական նախաձեռնությանը աջակցող մտավորականների հավաքը, մեր լրատվամիջոցն արձանագրել էր հավաքի մասնակիցների տրամադրություններից հետեւյալը. «Արցախյան կարգավորման մասին խնդրի միջազգայնացմանը զուգահեռ հայ ժողովուրդը եւ պետությունը չեն դրսեւորում այն սեփական ուժերով եւ անդառնալիորեն լուծելու բավարար վճռականություն: Արդյունքում ԵԱՀԿ Մինսկի խումբը, ում տնօրինմանն է հանձնված Արցախի ճակատագիրը, ղեկավարվելով աշխարհի տերերի շահերով, մեթոդաբար Հայաստանին պարտադրում է միանգամայն անընդունելի լուծում: Արցախյան փոխզիջման հնարավորության մասին լեգենդի, իսկ հակառակ դեպքում՝ պատերազմի անխուսափելիության սպառնալիքի տարածումով փորձ է արվում շահագործել ժողովրդի խաղաղասիրությունը:

 

Միաժամանակ պարտվողական համաձայնագրի նկատմամբ ժողովրդական ընդվզումը չեզոքացնելու նպատակով օգտագործվում են բանակցությունների գաղտնիությունը, կողմերի մասնակցությամբ քարոզչական շոուները, ձգձգումներին հաջորդող արագացումները եւ այլ դիվանագիտական հնարքներ»: Մենք տեղեկացնում ենք, որ դեկտեմբերի 13-ին մեղադրանք է առաջադրվում Աղամալ Հարությունյանին, «Առագաստ» սրճարանում Պողոսյանի սպանության գործով, իսկ դեկտեմբերի 22-ին «Հյուման րայթս ուոթչ» իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարություն է տարածում, թե վկաները «նախաքննությունը ուղղորդում են կեղծ հետքով»: Շարունակվում էր «Հոկտեմբերի 27-ի գործով» դատաքննությունը, ամբաստանյալների նախաքննական եւ դատաքննական ցուցմունքների միջեւ առկա հակասությունների մասին ենք տեղեկացնում, մասնավորապես, մի դեպքում Կարեն Հունանյանն ասել էր, թե քեռուն բերել էր ԱԺ, որ «միասին մասնակցի սպանություններին», իսկ դատարանում օգտագործում է «հեղափոխություն» բառը: Պատգամավորների շրջանում հարցումներ էին անցկացվել, հանձնաժողովի նախկին նախագահ Շավարշ Քոչարյանը նշել էր, թե տարեկան 300-400 նամակ է գրում տարբեր ատյաններ, եւ «Ճնշող մեծամասնությանը» ժամանակին պատասխանում են:

Մենք ընտրել ենք 20 տարի առաջ դեկտեմբեր ամիսը, երբ փակվում էր տարին…

Դեկտեմբերի 1. «Նախագահի նախագծի վերլուծությունը բերում է այն համոզման, որ ոչ միայն չեն նվազել նրա լիազորությունները, այլ դրանց թիվը գրեթե կրկնապատկվել է` հավելվել է ավելի քան մեկ ու կես տասնյակ նոր լիազորություններով: Նախագահի նախընտրական խոստումներից մեկն էլ սեփական հայեցողությամբ Ազգային ժողովը վաղաժամկետ արձակելու լիազորությունից հրաժարվելն էր: Ինչպես ակնհայտ կդառնա նախագծում այս խնդրին վերաբերող դրույթների վերլուծությունից, նման հրաժարումը փոխարինվել է սահմանադրական ճգնաժամի առաջացման նախապայմանների կարուսել հիշեցնող համալիրով, որի համեմատությամբ Ազգային ժողովը պարզապես արձակելու լիազորությունը կարող է թվալ փրկություն, հենց թեկուզ այն պատճառով, որ արձակվելու դեպքում ժողովուրդը գոնե հնարավորություն է ստանում կրկին ընտրելու օրենսդիր մարմին» («Նախագահի թվով 18 նոր լիազորություն»):

Դեկտեմբերի 1. Նախագահ Ռոբերտ Քոչարյանին «Նոյյան տապան» լրատվական-վերլուծական կենտրոնի տնօրեն Տիգրան Հարությունյանի ուղղած նամակից. «Սկսած 1997 թվականից ՀՀ կապի նախարարությունը կամ անպատասխան էր թողնում մեր դիմումները, կամ մերժում ազատ կապուղիների բացակայության պատճառաբանությամբ։ Մենք մեր աղբյուրներով պարզեցինք, որ ե՛ւ 1997, ե՛ւ 1998 թվականներին ազատ կապուղիներ եղել են. ավելին, կապուղիներ են տրամադրվել մեզանից շատ ավելի ուշ բացված եւ կապուղի ստանալու համար ավելի ուշ դիմած բազմաթիվ այլ հեռուստաընկերությունների։ Այս ամենը մեր տարակուսանքն է առաջացնում։ Ազատ կապուղիների առկայությունը հաստատվեց նաեւ ՀՀ կառավարության մամլո ծառայության վերջերս տարածած հաղորդագրությամբ (հաստատվեց, որ առկա է երկու ազատ կապուղի)։ Սակայն կրկին անհասկանալի պատճառներով այս երկու ազատ հաճախականությունից եւ ոչ մեկը մեզ չտրվեց. այս անգամ նոր պատճառաբանությամբ՝ հաճախականությունները պետք է բաշխվեն մրցույթով։ Խնդրում ենք Ձեր միջնորդությունը «Նոյյան տապան» լրատվական կենտրոնին՝ Նորությունների հեռուստաալիք ստեղծման համար նախատեսվող մրցույթից դուրս հաճախականություն տրամադրելու հարցում, քանի որ ա) մենք դրվում ենք ոչ հավասար պայմանների մեջ գործող հեռուստաընկերությունների համեմատությամբ, որոնք հաճախականություն ստացել են առանց որեւէ մրցույթի, բ) հաճախականություն ստանալու համար մեր դիմումների առաջին պաշտոնական պատասխանը ստացվել է վերոհիշյալ որոշումն ընդունելուց առնվազն 7 ամիս առաջ (ավելի վաղ արված մեր դիմումները նախարարությունը չի պահպանել)։ Ավելին, պարզվում է, որ հուլիսից մինչեւ այսօր ընկած ժամանակահատվածում առկա են եղել ազատ կապուղիներ» («Նոյյան տապանի» համար ալիքներ չկա՞»):

Դեկտեմբեր 14. «Հեռուստահաղորդակցության հանրապետական կենտրոն» ՊՓԲԸ տնօրեն պարոն Վերդյանը հերքում էր Աշտարակի հեռուստատեսության տնօրեն Վ. Բոցինյանի հայտարարությունը, թե վերջինս պահանջվող բոլոր փաստաթղթերը ներկայացրել է, բայց քանի որ, ըստ ամենայնի, քաղաքական պատվեր կա, հիշյալ ՊՓԲԸ-ն շահագրգռված է «Սերվիս Թի Վի»-ի շահագործման թույլտվությունը ձգձգել: Ըստ պարոն Վերդյանի, աշտարակցիներին հեռուստատեսության հաղորդումներից զրկելու որեւէ այլ պատճառ, բացի Վ. Բոցինյանի ներկայացրած կիսատ-պռատ փաստաթղթերից, չկա:

Դեկտեմբերի 15. «Աշոտ Մանուչարյանի նախաձեռնությամբ ցերեկը ժամը 4-ին գաղտնի խորհրդակցություն էր հրավիրված Երեւանի Հարավ-արեւմտյան զանգվածի մի բարձրահարկ շենքի մեկ սենյականոց բնակարաններից մեկում։ Նշված ժամին բնակարանում էին Կոմիտեի անդամներ Համբարձում Գալստյանը, Աշոտ Մանուչարյանը, Դավիթ Վարդանյանը, Կոմիտեի գաղտնի անդամներ Երջանիկ Աբգարյանը, Դավիթ Շահնազարյանը, Ալբերտ Բաղդասարյանը, Ավետիք Իշխանյանը եւ 5 ակտիվիստներ, որոնցից հայտնիները՝ Վիտյա Այվազյանն ու Աշոտ Դաբաղյանն էին։ Բացակայում էր Կոմիտեի անդամ Ռաֆայել Ղազարյանը։ Դրա պատճառի մասին ոչ այնքան հստակ պարզաբանում տվեց Ա. Մանուչարյանը, որի խոսքից հասկացվեց, որ Ռ. Ղազարյանը ինչ-որ գործով ՆԳՆ-ում է եւ 1-2 ժամից կգա։ Խորհրդակցությունն ընթանում էր բավականին բուռն ու լարված մթնոլորտում, եւ ոչ ոք ուշադրություն չդարձրեց, որ արդեն անցնում էր երրորդ ժամը, բայց Ռ. Ղազարյանը դեռ չկա։ Վերջապես ժամը 7-ից քիչ անց նա եկավ։ Մի տեսակ հուզված ու կցկտուր սկսեց պատմել, թե ինչպես է անցել իր հանդիպումը ՆԳՆ-ում։ …Իր գալուց 15-20 րոպե անց, երբ Ռ. Ղազարյանը դեռ խոսում էր, տան դուռը սկսեցին ուժեղ, անընդմեջ եւ անհամբեր թակել։ Երբ դուռը բացվեց, ներս հորդեցին ռուս զինվորները ԿԳԲ-ի աշխատակիցների հետ։ Որոշ ձեւականություններից եւ մի աննշան միջադեպից հետո խորհրդակցության բոլոր 13 մասնակիցները ձերբակալվեցին, բացի Ռաֆայել Ղազարյանից …» («Ո՞վ մատնեց «Ղարաբաղ» կոմիտեին»):

Դեկտեմբերի 26-ին «Ո՞վ մատնեց «Ղարաբաղ» կոմիտեին» հրապարակմանը արձագանքեց նկարիչ Սարգիս Մուրադյանը, որի տնից էր (եւ ոչ ՆԳՆ-ից՝ ինչպես նշվել էր հոդվածում), այդ օրը Ռաֆայել Ղազարյանը մեկնել «Ղարաբաղ» կոմիտեի հանդիպմանը. «1988 թ. հունվարի 7-ին նա Աշտարակից եկավ մեր տուն եւ ասաց ինձ, որ նախօրոք պայմանավորվել է հանդիպել «Ղարաբաղ» կոմիտեի չկալանավորված ընկերների հետ, ուստի մեր տանը սպասելու է նրանց հեռախոսազանգին։ 1,5-2 ժամ անց Ռաֆայելին կանչեցին հեռախոսի մոտ, եւ իր հետեւից եկավ «Զապորոժեց» մակնիշի մեքենա եւ տարավ մեր բակից։ Իմ հարցին, թե ինչու իր մեքենայով չի գնում, ասաց, որ հանդիպման վայրն իրեն հայտնի չէ» («Ինչպես էր ձերբակալվել «Ղարաբաղ» կոմիտեն»):

Դեկտեմբերի 22. «Իր պաշտոնավարության ընթացքում Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը խոստացել էր, որ իսպառ կվերացվի «գծի տեր» հասկացությունը: Սակայն խոստումը չկատարեց: Իսկ պաշտոնանկությունից հետո արդեն Ա. Բազեյանը հայտարարեց. «Ո՞վ չգիտի, որ մեր երկրում կոռումպացված են ե՛ւ ՆԳ, ե՛ւ ԱԱ նախարարությունները, ե՛ւ դատական, ե՛ւ բոլոր մյուս մարմինները: Ինչպե՞ս կարելի է մաքրազարդել տրանսպորտի ոլորտն այս պայմաններում»: Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության նախկին պետ Արամազդ Զաքարյանը մեր զրույցի ընթացքում ասաց. «Տարբեր նախարարներ, պաշտոնյաներ բազմաթիվ միջնորդություններ են արել: Իրենց աշխատակիցներին ուղարկում էին եւ պահանջում՝ այսինչ երթուղին տվեք մեր ծառայության աշխատակիցներին»: Ի տարբերություն «գծի տերերի» վերաբերյալ նախկին պաշտոնյաների հայտարարությունների, ներկայումս այս ոլորտում պաշտոններ զբաղեցնողները ճգնում են համոզել, որ «գծի տերեր» չկան» («Ինչպե՞ս են դառնում «գծի տերեր»):

Պատրաստեց Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
16.12.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031