«Հայրենասիրությունը իրականում կեցվածք չէ, հայրենասիրությունը կեցություն է: Հայրենասիրությունը կեցություն է այն րոպեից, երբ դու քայլում ես ու չես թքում հայրենի հողիդ վրա»,- ՔՊ խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանը Aravot.am-ի հետ զրույցում այսպես ներկայացրեց, թե ինչ բան է իր պատկերացմամբ հայրենասիրությունը ու շարունակեց. «Հայրենասիրությունը կեցություն է, երբ որ դու տեսնում ես, որ մեկը ծառի ճյուղը ջարդում է ու դու թույլ չես տալիս: Հայրենասիրությունը կեցություն է, երբ դու տեսնում ես օտարի տնկած ծառը չորանում է, դու ջրում ես, որ չչորանա այդ ծառը: Հայրենասիրությունը հոգեվիճակ է: Պետք չէ օդի մեջ կեցվածքներ ընդունել: Ես պատկանում եմ այն մարդկանց թվին, ովքեր երբեք ոչ հայրենիքին տվածն են կշռում, ոչ հայրենիքից ստացածը: Ես իմ գլուխը կախ արել եմ, անում եմ եւ վերջացավ գնաց: Տասնյակ, հարյուրավոր, եթե չասեմ հազարավոր աշակերտներ եմ կրթել, ուսանողներ եմ կրթել»:
Հիշեցրինք, որ կրթությունը ողբալի վիճակում է, նույնիսկ ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանն է ահազանգում այդ մասին, որ ամեն երրորդ երեխան չի կարողանում կարդալ, պարզ տեքստեր հասկանալ` Հակոբ Ասլանյանը այդտեղ իր մեղքի բաժինը չի տեսնում՝ նախկիններն են մեղավոր. «Հիմա որ խոսեմ, նորից կասեն, թե հներին մեջտեղ բերեցիք: Սիրելիներս, կրթությունը ու ամբողջ այդ սիստեմը մեկ օրում չէ, որ քանդվել է: Կրթությունը պահանջում է լուրջ ներդրումներ, լուրջ մոտեցումներ…Ես հպարտ եմ իմ աշակերտներով, որովհետեւ ես հայրենանվեր աշակերտներ եմ տվել, որ հասարակության մեջ արդեն ճանաչված են: Որ լավ հետեւեք, իմ շատուշատ աշակերտներին ամեն տեղ կտեսնեք՝ սկսած նախարարի խորհրդականից մինչեւ նախարարներ, փոխնախարարներ: Փառք Աստծո, ես կրթել եմ ճիշտ մարդիկ: Նորից եմ կրկնում՝ շատ եմ ցավում, որ որոշ մարդիկ հայրենիքը սիրում են կեցվածքով: Ես հայրենիքը սիրում եմ կեցությամբ: Վերջինն էլ ասեմ՝ երբ դեռ 90-ականների պատերազմին ես գնում էի, իմ տիկնոջը մենակ մի բան եմ ասել՝ ես մենակ մի բանի համար կափսոսամ՝ եթե հանկարծ խփնվեմ: Իմ գործերս կիսատ կմնան»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ


















































