Լրահոս
Օրվա լրահոսը

Մեկ ամիս հետո Ահարոն Խաչատրյանին կրկին համայնքապետ կընտրենք. Դավիթ Շահնազարյան

Փետրվար 08,2022 15:15

Այսօր, Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի ավագանու նիստից հետո, համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը հայտարարեց, որ «Ահարոն Խաչատրյան» եւ «Միասնական Վարդենիս» խմբակցությունները չեն բողոքարկի վարչական դատարանի որոշումը, որով մասամբ բավարարվել էր համայնքի ՔՊ-ական ավագանիների հայցը: Ահարոն Խաչատրյանի բնութագրմամբ, երկու խմբակցությունները նման որոշում են կայացրել՝ համայնքում՝ ընտրությունների արդյունքում ստեղծված լարվածությունը թուլացնելու, օր առաջ լիազորությունների ստանձնմանն անցնելու, համայնքային խնդիրներով զբաղվելու նպատակով:

Հիշեցնենք 2021թ.-ի դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրություններում, Վարդենիսում ՔՊ-ն ստացավ 13, «Ահարոն Խաչատրյան» դաշինքը` 10, իսկ «Միասնական Վարդենիս» դաշինքը` 4 մանդատ։ «Ահարոն Խաչատրյան» և «Միասնական Վարդենիս» դաշինքները միավորվեցին, բայց դրանից հետո մեղադրանք առաջադրվեց «Միասնական Վարդենիսը» գլխավորող, Վարդենիսի նախկին ղեկավար Արամ Հարությունյանին. նա կալանավորվեց։ Դեկտեմբերի 30-ին Վարդենիսի ավագանու ընդդիմադիր ներկայացուցիչները նիստ գումարեցին և քաղաքապետ ընտրեցին Ահարոն Խաչատրյանին: Վարդենիսի համայնքապետի ՔՊ-ական թեկնածու Արամ Մելքոնյանն էլ ընդդիմությանն առաջարկեց վայր դնել մանդատները ու նոր ընտրություն անցկացնել: Իսկ հունվարի 4–ին Վարդենիսում համայնքապետարանի բակում տեղի ունեցավ նորընտիր համայնքապետ «Ահարոն Խաչատրյան» դաշինքի առաջնորդ Ահարոն Խաչատրյանի երդմնակալության արարողությունը: Հետո հայտնի դարձավ, որ Վարդենիսի համայնքապետի աշխատասենյակի բանալիները եւ կնիքը անհետացել են:

Վարդենիսի ավագանու հայտարարության մեջ, մասնավորաբար, ասվում է, որ ուղիղ կամ միջնորդավորված՝ արտահերթ ընտրությունների գնալու առաջարկներին ի պատասխան, «Ահարոն Խաչատրյան» եւ «Միասնական Վարդենիս» խմբակցությունները հայտարարում են, որ իրենց օրակարգում չկա մանդատներ վայր դնելու եւ արտահերթ ընտրությունների գնալու հարց: Դեկտեմբերի 5-ին, վարդենիսցիներն իրենց քվե են տվել հինգ տարվա համար եւ միրենք պարտավոր ենք վարդենիսցիների քվեով ձեռք բերված մանդատները ծառայեցնել վարդենիսցիների շահերին: Վստահ լինելով, որ վարչական դատարանի կայացրած անհասկանալի որոշումը կբեկանվի վարչական վերաքննիչ դատարանում, լարվածությունը թուլացնելու եւ Վարդենիսում ստեղծված ճգնաժամը հաղթահարելու համար, երկու խմբակցությունները հայտարարում են, որ չեն դիմելու վարչական վերաքննիչ դատարան:

Արդյունքում, մարտի 2-ին, ըստ վարչական դատարանի որոշման, Ահարոն Խաչատրյանի լիազորությունները դադարեցվելու են:

Լրագրողների հետ զրույցում, «Միասնական Վարդենիս» խմբակցության ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանն (լուսանկարում) ասաց, որ դատարանի որոշումը հակասական է. դրա առաջին մասը խոսում է այն մասին, որ ավագանու որոշումը պետք է բեկանվի, սակայն երկրորդ մասով չեն վիճարկվում որոշման արդյունքները: Ավագանու որոշումը, հիշեցնենք, համայնքի ղեկավարի ընտրությանն է վերաբերում: Հունվարի 4-ին երկու խմբակցությունները համայնքի ղեկավար ընտրեցին Ահարոն Խաչատրյանին:

«Ինչպես կարելի է արդյունքները չվիճարկել, բայց որոշումը վիճարկել: Սա, իհարկե, աբսուրդի ժանրից մի վճիռ է, որի կայացմանը երեւի նպաստել է «Աշոտ Երկաթին» (Աշոտ Մինասյան․խմբ) կալանքից ազատ արձակելու որոշում կայացրած դատավորի նկատմամբ հարուցված քրեական գործը: Բոլոր դատավորները, թերեւս, կաշկանդված էին եւ վարչական դատարանի դատավորը ստիպված մի այնպիսի քայլ կատարեց, որ ինքն իրենից հեռու պահի այդ որոշումը եւ այլ մարդիկ որոշում կայացնեն: Այս դեպքում, եթե չեն ճանաչում ավագանու որոշումը, գումարվելու է նոր նիստ, որտեղ Ահարոն Խաչատրյանը միանշանակ ընտրվելու է համայնքի ղեկավար»,-ասաց նա՝ հավելելով, որ չբողոքարկելու որոշումը պայմանավորված է օր առաջ համայնքային խնդիրներով զբաղվելու հնարավորություն ստեղծելու համար, քանի որ Վարդենիս խոշորացված համայնքը իրավաբանորեն կա, բայց փաստացի, աշխատանքները կաթվածահար են: Համայնքը սահմանային է, գարնան գալու եւ գյուղատնտեսական աշխատանքները սկսելու հետ կապված, Դավիթ Շահնազարյանը չի բացառում սրացումները, իսկ համայնքն անգամ բյուջե չունի, ուստի, լարվածության շարունակականությունն ու համայնքում անգործությունը կարող են ճակատագրական խնդիրների հանգեցնել:

Հարցին՝ մտավախություն չունե՞ն, որ նախկին սցենարը կկրկնվի՝ վիճաբանություն, ընդդիմադիր ավագանիներին բերման ենթարկել եւ այլն, Դավիթ Շահնազարյանը պատասխանեց, որ կանխատեսումներ չի անի, բայց հայտարարեց, որ երկու խմբակցությունները ունեն հստակ դիրքորոշում, այն արտահայտել են ու պատրաստվում են պաշտպանել՝ Ահարոն Խաչատրյանին կրկին համայնքի ղեկավար ընտրելով:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28