Լրահոս
Օրվա լրահոսը

«Շատ անարդար է․ ԱՊՊԱ ընկերությունները մենակ փող հավաքելու համա՞ր են»․ Աղազարյանը՝ ԱՊՊԱ բյուրոյի ղեկավարներին

Փետրվար 14,2022 17:01

«Հարցս կարող է պարզունակ լինել, ներող կլինեք։ Լինո՞ւմ է պատահար, որում երկու հոգուց որեւէ մեկը մեղավոր չի, բայց մեղավոր է փողոցը, ասֆալտը, պետությունը», խորհրդարանում այսօր ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի փոխնախագահ, ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանի նախաձեռնությամբ կազմակերպված՝ բազային ապահովագրավճարի չափի ավելացման վերաբերյալ քննարկման ժամանակ ԱՊՊԱ բյուրոյի գործադիր տնօրեն Վաղինակ Եղիազարյանին նման հարցադրում հղեց ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ նկատի ունենալով այն փաստը, որ ԱՊՊԱ պայմանագիրը թանկացել է տարեկան 3 հազար դրամով։

Վաղինակ Եղիազարյանը պատասխանեց․ «Սովորական մեքենայի ամենացածր ապահովագրությունը, եթե, ասենք, 20 000 դրամ է, այն դառնում է 23 000: 3000 -ը ճշգրտվող թիվ է, մեկի դեպքում ավել է, մյուսի դեպքում՝ պակաս»։

Հովիկ Աղազարյան-Շատ անարդար մոտեցում է եւ հասկանալի չէ։

Վաղինակ Եղիազարյան-3000 դրամը արդեն գործող բազային վճարի միջին թվի վրա ավելացվածն է։ Մնացած բոլորի սակագների պարագայում հաշվի են առնում բոնուս-մալուս համակարգը։

Հովիկ Աղազարյան-Երբ նոր ենք մեքենա վերցնում, դրա վրա բացատրեք։

Վաղինակ Եղիազարյան-41․000 է կազմում՝ այդ երեք հազար դրամն էլ մեջը։

Հովիկ Աղազարյան-Իսկ վերջին տասը տարում ապահովագրական ընկերությունների շուկայում ի՞նչ դինամիկա կա։ Թիվը ավելացե՞լ է։

Վաղինակ Եղիազարյան-Պատահարների հավանականությունը վերջին երեք-չորս տարում աճել է, բացի 2020թ․-ից, որը հայտնի պատճառներով պասիվ տարի էր։ Մեքենաների քանակն է աճել, պատահարների թիվը։ Իսկ ապահովագրական ընկերությունների թիվը նույնն է։ Ոչ մեկը բանկրոտի չի ենթարկվել։

Ապա Եղիազարյանի տեղակալներից մեկը պատասխանեց Աղազարյանի առաջին հարցադրմանը-Եթե օրենսդրությամբ շարժվենք, կարող է լինել պատահար, երբ երկու կողմերն էլ անմեղ են։ Տվյալ դեպքում որեւէ մեկը չի ստանում հատուցում, բայց հաշվի առնելով ԱՊՊԱ համակարգի նշանակությունը՝ ունենք կարգավորում, ըստ որի՝ բոլոր դեպքերում, այդ թվում՝ եթե երրորդ անձն է մեղավոր, մեկ վարորդը պետք է մեղավոր ճանաչվի, որպեսզի մյուսը հատուցում ստանա երրորդ կողմից, ում սխալի պատճառով եղել է պատահարը։

Հովիկ Աղազարյան-Տպավորություն է, որ ԱՊՊԱ ընկերությունները մենակ փող հավաքելու համար են։ Այսինքն, ես հայտնվեմ վթարի մեջ, պատճառը լինի ճանապարհը, հետո դատարաններով փող ուզեմ։ Ստացվում է, որ դուք կապ չունեք սրա հետ, որովհետեւ ժամանակատար խնդիր է։ Բացի այդ, կարող են լինել վարորդներ, որոնք հիմա կհրաժարվեն մեքենա վարելուց։ Ձեր աշխատանքի արդյունավետության բոլոր միջոցներն օգտագործո՞ւմ եք։

Վաղինակ Եղիազարյան-Հրաժարվելու ցանկություն եղել է վերջին տարիներին։ Բայց ԱՊՊԱ ընկերությունները հասկանում են, որ պետք է երկարաժամկետ մտածեն։ Եթե իրավիճակը ոչ բարենպաստ է, իրենք էլ պետք է հասկանան, որ մի բան փոխվելու է։ Եթե միանգամից պակասեցնեն իրենց պորտֆելը, օգուտ չեն ունենա։ Միանգամից հրաժարումը մեծ բիզնես-ռիսկեր է ենթադրում։

Հիշեցնենք, որ ԱՊՊԱ պայմանագիրը թանկացել է տարեկան 3 հազար դրամով, սակայն բոնուս-մալուս համակարգում էլ փոփոխություն է կատարվել, որով որոշակի գումարի վթարի եւ հատուցման պարագայում վարորդի հաջորդ ԱՊՊԱ պայմանագիրը զգալիորեն թանկանում է։ Վարորդների դժգոհությունն է հարուցել նաեւ այն հանգամանքը, որ եթե ոչ թանկարժեք մեքենայի վարորդը վթարային իրավիճակում հայտնվի, վթարը տեղի ունենա իրենից անկախ, բայց ինքը համարվի վթարի պատճառ ու թանկարժեք մեքենային վնաս պատճառի, ապա վթարը պատճառողի համար, պատճառած վնասից կախված, հաջորդ ԱՊՊԱ պայմանագիրը մեծ չափով է թանկանալու։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28