Լրահոս
Օրվա լրահոսը

«Դա քննության առարկա է, թե որքանով են իմ գրառումները ատելության խոսք». ՀՌՀ անդամի թեկնածուի գրառումները՝ ՔՊ խոշորացույցի տակ

Փետրվար 22,2022 16:11

Այսօր ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի հանձնաժողովում հերթական անգամ  ընդդիմությունը ներկայացրեց ՀՌՀ անդամի իր թեկնածուին:

Հիշեցնեք, որ նախորդ թեկնածուի՝ Ռուբիկ Հակոբյանի թեկնածությունը ԱԺ-ում վերածվեց թեժ վիճաբանության:  Այս անգամ «Հայաստան» խմբակցությունը Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամի թափուր տեղի համար ներկայացրեց Անժելա Նալբանդյանի (լուսանկարում)  թեկնածությունը: Նրա կենսագրությունը ներկայացրեց Հռիփսիմե Ստամբուլյանը:

ՔՊ պատգամավոր Գեւորգ Պապոյանը հարցրեց՝ երբ Արթուր Մանուկյանի թեկնածությունը ՔՊ-ն առաջադրեց, ձեր խմբակցության պատգամավորները պնդում էին անում, թե նախկինում պատգամավոր է եղել, քաղաքական թիմի ներկայացուցիչ է եղել, չի կարող անաչառ լինել, հիմա ձեր թեկնածուն եղել է «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու, ձեր սկզբունքները փոխվե՞լ են:

Ստամբուլյանը պատասխանեց, որ «Անժելան պատգամավոր չի եղել, թեկնածու է եղել»: Պապոյանն էլ հակադարձեց, որ եթե թեկնածու եղել է, կարող է ցանկացած պահի ինքնաբացարկի արդյունքում լինել պատգամավոր. «Եթե քաղաքական ցուցակում է եղել, այնքան քաղաքական է, որքան այն մարդը, որը այլ ցուցակով ընտրվել է: Արձանագրենք, որ այս մեկ ամսվա ընթացքում ձեր խմբակցության մոտեցումները փոխվել են»: Ստամբուլյանն էլ վստահեցրեց, որ իրենց թեկնածուն պրոֆեսիոնալ ու անաչառ մարդ է ու կիրականացնի անաչառ գործունեություն:

ՔՊ պատգամավոր Հասմիկ Հակոբյանն էլ հարցրեց՝ նախագահի թեկնածու չառաջադրեցիք, ասելով, որ չեք ուզում լեգիտիմացնել իշխանություններին, այս առաջադրումով չե՞ք լեգիտիմացնում այդ նույն իշխանություններին՝ Ստամբուլյանը պատասխանեց, որ չի կիսում այդ կարծիքը, տարբեր երեւույթներ են. «ՀՌՀ թեկնածուի մասով չեմ հիշում, որ ձեր ղեկավարը շնորհավորանք հղեր: Նա արդեն իսկ շնորհավորել է նախագահի ապագա թեկնածուին ու եթե չեմ սխալվում, չառաջադրվելու պատճառներից մեկը դա էր»:

ՔՊ խմբակցության պատգամավոր Կնյազ Հասանովն ասաց, որ անհատ մարդկանց, հասարակական, քաղաքական գործիչներին հայհոյում ու վիրավորում են, ինչն անթույլատրելի է, եթե դառնաք ՀՌՀ անդամ, ի՞նչ վերաբերմունք կունենաք՝ Նալբանդյանը պատասխանեց, որ իր սուբյեկտիվ կարծիքը այստեղ կարեւոր չէ, եթե օրենքի խնդիր կա, ՀՌՀ-ն մոնիտորինգ կանի ու օրենքով նախատեսված միջոցներ կձեռնարկի. «Որեւէ մեկի սուբյեկտիվ վերաբերմունքը, ցանկությունը, ճաշակը եթերում չպետք է թելադրվի: Նման բաները հիմա էլ ՀՌՀ-ի մշտադիտարկման կենտրոնում են»:

Պապոյանը թեկնածուին հարցրեց՝ սոցցանցի սեփական էջերում ատելության խոսք ու վիրավորանք տարածող մարդը կարո՞ղ է դառնալ այս հանձնաժողովի անդամ, թե՞ ոչ՝ Նալբանդյանը պատասխանեց, որ եթե խոսում են մարդու սուբյեկտիվ վերաբերմունքի մասին, ապա ցանկացած անձ ազատ է, եթե չունի սահմանափակումներ ու օրենքով կաշկանդող որեւէ բան. «Նա ազատ է իր կարծիքը արտահայտել այն հարթակում, որն իրեն է պատկանում»:

Պապոյանն ասաց, որ չի կիսում նրա տեսակետը, որովհետեւ կան հանրային պաշտոններ, որտեղ ատելության խոսք, վիրավորանք հնչեցնող մարդուն իրավունք չունեն որպես էտալոնային կերպար ներկայացնել ու ասել՝ այսպիսին պիտի լինես, որ դառնաս ՀՌՀ անդամ:

Անժելա Նալբանդյանը պատասխանեց. «Եթե մասնավորեցրիք ու իմ մասին է, դա քննության առարկա է, թե որքանով են իմ գրառումները ատելության խոսք: Իմ գրառումները եւ արտահայտած կարծիքը պիտի դիտել ամբողջության մեջ, այլ ոչ թե հատվածական՝ ինչու է այդպիսի կարծիք ձեւավորվել, ինչին է հաջորդել: Այո, ես սոցհարթակում արտահայտել եմ իմ կարծիքը, իմ մասնագիտական գործունեության վրա դա իր անդրադարձը չի ունեցել: Ընտրվելու դեպքում ես կդրսեւորեմ բավականաչափ խոհեմություն ու պատրաստակամություն՝ զատելու իմ սուբյեկտիվ կարծիքը եւ մասնագիտական գործունեությունը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28