Լրահոս
Օրվա լրահոսը

Մերժելի է բռնազավթիչ հարեւանների նկատմամբ անհիմն թողտվությունը. «Ժառանգությունը» դատապարտում է ՀՀ-ում ավտոկրատիայի խորացման միտումը

Փետրվար 28,2022 13:34

Երեկ «Ժառանգություն» կուսակցությունը՝ հանդիպելով Հանրապետության մայրաքաղաքում, այս տարի առաջին անգամ անցկացրեց համապետական Քաղաքական խորհրդի նիստ:

ՀՀ արտաքին գործերի առաջին նախարար եւ «Ժառանգության» համահիմնադիր Րաֆֆի Կ. Հովհաննիսյանի նախագահությամբ անցկացված նիստը, որին մասնակցում էին երկրի բոլոր մարզերից ժամանած 55 պատվիրակներ, մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցեց ադրբեջանաթուրքական ներխուժման եւ Արցախի մեծ մասի ու բուն Հայաստանի որոշ հատվածների բռնագրավման ժամանակ զոհված եւ շարունակաբար զոհվող հազարավոր հայորդիների հիշատակին:

Լսելով բազմաթիվ զեկուցումները եւ ընդունելով կուսակցության վարչության նախագահ Անդրանիկ Գրիգորյանի հաշվետվությունը, Քաղաքական խորհուրդը հանգամանորեն քննարկեց հայրենիքում եւ տարածաշրջանում առկա ներքաղաքական իրավիճակը՝ զարգացման հնարավոր դիպաշարերով: Հովհաննիսյանը հանդես եկավ Եվրոպայի ժողովրդական կուսակցության եւ Կենտրոնամետ դեմոկրատների միջազգային միության հետ իր ներկայացուցչական գործունեության մասին զեկուցմամբ:

Հայաստանի սասանված միջազգային վարկը, կենսական ազգային շահերը եւ քաղաքացիական համերաշխության հրամայականը դարձան ներքին ու արտաքին քաղաքականության վերաբերյալ հետագա քննարկումների հիմնական թեմաները:

Այս իրադրությունում «Ժառանգություն» կուսակցության քաղաքական խորհուրդը՝

ա) իր խորը մտահոգությունը հայտնեց ռուս-ուկրաինական պատերազմի կապակցությամբ եւ անհապաղ զինադադարի ու առկա խնդիրների դիվանագիտական լուծման կոչ արեց,

բ) դատապարտեց Ադրբեջանի եւ Թուրքիայի ղեկավարների՝ 2021թ. հունիսի 15-ին ստորագրած, այսպես կոչված, «Շուշիի հռչակագրի» բռնազավթողական, պանթուրքական փաստաթղթի վավերացումը երկու երկրների խորհրդարաններում, նրանց կողմից շարունակական զավթողական գործողություններ կատարելու, սահմանի երկու կողմում մշակութային ցեղասպանություն իրականացնելու եւ մի քանի տասնյակ հայ ռազմագերիների ու Բաքվում պահվող անձանց հայրենադարձումը մերժելու համար,

գ) անթույլատրելի համարեց Հայաստանում ժողովրդավարության, մարդու իրավունքների չափանիշների կայուն անկումը եւ ավտոկրատիայի խորացմանն ուղղված ընդգծված միտումը, այդ թվում՝ խոսքի ազատության, դատաիրավական անկախության դեմ վերջերս իրականացված միջոցները,

դ) խստիվ քննադատության ենթարկեց իշխող վարչակարգի եւ նրա գործող ղեկավարի բեւեռացնող ներքին քաղաքականությունն ու հռետորաբանությունը,

ե) մերժելի համարեց բռնազավթիչ հարեւանների նկատմամբ նրա անդադրում, անհիմն թողտվությունը, Հայաստանի ինքնիշխան տարածքների ու Արցախի իրավական հիմքերի աննախադեպ զիջողական վարքագիծը, եւ

զ) կոչ արեց նրան հրաժարական տալ՝ արժանապատվություն ցուցաբերելով հանուն ազգի ապագայի:

«Ժառանգություն» կուսակցություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28