Լրահոս
Օրվա լրահոսը

«Հետխորհրդային տարածքում տեղի է ունենում Լենինի թույլ տված սխալների ուղղում»

Մարտ 03,2022 14:00 Share

Ըստ Արթուր Ղազինյանի, Հայաստանի ազգային ու պետական շահը պահանջում է լինել Ռուսաստանի կողքին՝ այս ծանր իրավիճակում:

«Առավոտը» «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանին հարցրեց՝ ռուս-ուկրաինական պատերազմի մասին ֆեյսբուքում ձեր հանրային գրառումները քննադատության տեղիք են տվել, ձեզ ասում են՝ ինչքան էլ դուք ընդդիմություն եք ներհայաստանյան կյանքում, բայց դուք պետություն եք ներկայացնում ու ձեր դիրքորոշումները ներկայացնելով, թե Ուկրաինան ահաբեկչական կազմակերպություն է, դրանով հարվածի տակ եք դնում մեր երկրի հեղինակությունը, արտաքին քաղաքականությունը, այդ քննադատությունը ինչքանո՞վ է ձեզ համար ընդունելի:

Նա պատասխանեց. «Եթե ունեն որեւէ առարկություն այս հարցի վերաբերյալ, իրենք թող իրենց կարծիքն իրենց ֆեյսբուքյան էջերում արտահայտեն, Աստված իրենց հետ: Ես արտահայտել եմ այն դիրքորոշումը, որն ամրագրված է փաստական տվյալների վրա, ժամանակագրական, հետաքննության: Դրա մեջ մանրակրկիտ հիմնավորված է, թե ինչու էի այդպիսի եզրակացության եկել, որոնք են դրա համար ելակետային պատճառներ հանդիսացել եւ ինչպես է բարեկամական սահմանական պետությունը դարձել ուղղակի ահաբեկչական վտանգ ներկայացնող պետություն ՌԴ-ի համար՝ անմիջական հարեւանությամբ, որին հետագայում փորձում էին անընդհատ զինել, որին փորձում էին նացիզմի եւ ատելության ֆոնի ներքո ձեւավորել քսենոֆոբիա՝ ընդդեմ Ռուսաստանի եւ ռուս ժողովրդի, ռուսաց լեզվի անընդհատ եւ չդադարող հետապնդումները Ուկրաինայում, ազգայնականության բարձր աճը եւ նաեւ սպառնալիքի եւ ատելության խնդիրները, որ առաջացնում են ՌԴ-ի համար…: Դա գաղտնիք չի, մոտավորապես 8-10 տարի ՌԴ-ն դրա մասին ամենօրյա ռեժիմով հայտարարել է, որ դա չի կարելի անել, որ դա սպառնում է իմ անվտանգությանը: Նաեւ հայտարարվել էր, որ անվտանգությունն անբաժանելի է ու չի կարելի ինչ-որ մեկի անվտանգությունը բավարարել մյուսի համար սպառնալիք առաջացնելու միջոցով: Սա եւս կանոն է եւ դա ընդունում են ե՛ւ Գերմանիայում, ե՛ւ ԱՄՆ-ում, իրենք ասում են՝ Ռուսաստանի արձագանքը մեզ համար հասկանալի է, որովհետեւ նույն կերպ մենք կվարվեինք, եթե ռուսական հրթիռները կամ ռուսական բազաները հայտնվեին Կուբայում, ենթադրենք: Այսինքն, սա բնական նորմալ երեւույթ է, սա քաղաքականություն է: Եթե մարդիկ կան, խմբեր ու շերտեր կան, որոնք նեղվել են այդ գնահատականից, ապա ազատ են իրենց կարծիքն արտահայտել այդ հարցի վերաբերյալ»:

Հարցին՝ իշխանությունն այս հարցում շատ զգուշավոր մոտեցում է ցույց տալիս, իշխանական պատգամավորներ կան, որ ասում են՝ ինչո՞ւ բոբիկանանք, պետք է խելամիտ չեզոքություն ապահովենք, այս դիրքորոշման մասին ի՞նչ կասեք՝ նա պատասխանեց. «Օրեցօր խորացող հակամարտությունը եւ բեւեռների միջեւ առճակատման լրջությունը հասել է այն աստիճանի, որ կոմպլեմենտարիզմ խաղալ ձեւական առումով չի ստացվի: Ինչ-որ մի պահի պետք է ընտրություն կատարես՝ կա՛մ գտնվում ես բարիկադի այս կողմում, կա՛մ այն կողմում: Մենք հռչակել ենք եւ առնվազն 30 տարի է ասում ենք, որ ՌԴ-ն մեր ռազմավարական դաշնակիցն է: Արցախում կանգնած են ռուս խաղաղապահ ուժերը: ՌԴ-ն ապահովում է Հայաստանի անվտանգությունը, փաստացի այսօր անվտանգության երաշխավորն է՝ թուրք-ադրբեջանական օղակի մեջ: Մենք այս պարագայում այլ ընտրություն կատարելու հնարավորություն ունե՞նք, թե՞ չունենք ուղղակի: Բնական է, որ կենսական շահերի տեսանկունից, մի կողմ թողնելով բոլոր էմոցիաները, բոլոր գաղափարական խնդիրները՝ ազատության, խոսքի եւ այլն նմանատիպ երեւույթները, մենք ի վերջո պետք է առաջնորդվենք Հայաստանի ազգային եւ պետական շահով: Իսկ Հայաստանի ազգային ու պետական շահը պահանջում է լինել Ռուսաստանի կողքին՝ այս ծանր իրավիճակում»:

ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը մեզ հետ զրույցում ասել էր, որ առանձին ընդդիմադիրներ այս օրերին փորձում են Պուտինին սիրաշահել ու ցույց են տալիս, որ «ես կամ, իմ վրա ուշադրություն դարձրեք, առանձին պստլիկ կուսակցություն ունեմ, կարո՞ղ է որոշեք հանկարծ իմ կուսակցությունը կամ ՀԿ-ն ֆինանսավորեք»:

Այս առնչությամբ Ղազինյանն արձագանքեց. «Նաիրան իմ լավ ընկերն է, ես իրեն հարգում եմ, խորհուրդ կտամ նման երեւույթներին մոտենալ ոչ թե մերկանտիլ ֆինանսական շահերով, այլ շատ ավելի բարձր՝ ազգային ու պետական շահերով: Ի՞նչ է այս պահին պետք ՀՀ-ին: Մենք այսօր ունենք ինքնորոշման իրավունքի ճանաչման եւ դրա՝ աշխարհում տարածման եւ հաստատման խնդիր: ՌԴ-ն առաջ է տանում այդ օրակարգը: Եվ մենք ի՞նչ ենք անում այդ ուղղությամբ, որ 100%-ով համընկնում է Հայաստանի շահերի հետ: Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի մասին մենք առնվազն 28 տարի ամենօրյա ռեժիմով բարձրաձայնել ենք: Հիմա ստացվել է այնպես, որ հետխորհրդային տարածքում տեղի է ունենում Լենինի թույլ տված սխալների ուղղում: Հիմա Լենինի սխալները թվարկե՞մ՝ Նախիջեւանը, Արցախը, Կարսի նահանգը եւ այլն: Հիմա այդ սխալները պետք է ուղղե՞լ, թե՞ ոչ, այս հարցն ուղղեք տիկին Զոհրաբյանին եւ փոխանցեք իմ ջերմագին ողջույնները»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
02.03.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031