Լրահոս
Օրվա լրահոսը

«Ամեն մեկը պետք է մի շենքում նստի, իրար հետ կռվե՞ն․ դա անթույլատրելի է»․ նախագահի թեկնածու

Մարտ 03,2022 12:25

«Չեն լինում բացարձակ իրավիճակներ, երբ բոլորս մի հարցի վերաբերյալ գանք համաձայնության։ Գտնում եմ, որ աշխատանքային այդ մթնոլորտը պետք է ստեղծել։ Բոլորին կթվա, որ ԱԺ մեծամասնությունը, որը ձեւավորել է կառավարություն, վերջինիս հետ ամեն ինչ հարթ է»,- ԱԺ լիագումար նիստում այսօր ՀՀ նախագահի ընտրության երկրորդ փուլի ժամանակ հայտարարեց ՔՊ-ի առաջադրած նախագահի թեկնածու Վահագն Խաչատրյանը։

«Գոնե ես գիտեմ, որ այդպես չի։ Այդ իրավիճակում եմ։ Կառավարության տարբեր քննարկումներում այդ հարցադրումները լինում են։ Ավելին ասեմ՝ երբ որեւէ օրենք է լինում ԱԺ-ի կամ կառավարության կողմից, առաջնահերթ հարց է հնչում, թե ԱԺ-ում ինչ կարծիք կա դրա մասին, թե ԱԺ-ի համապատասխան հանձնաժողովն ինչ կարծիք ունի։ Դա շատ կարեւոր է։ Կարող է լինել սկզբունքային հարց, որի մասին կառավարություն իր տեսակետն ունենա, դուք՝ այլ։ Նախագահն էլ կարող է այլ կարծիք ունենալ։ Ո՞վ ասաց, որ իրար հետ չպետք է այդ երեքն աշխատեն»,-հարցադրում արեց Վահագն Խաչատրյանը։

Նրա խոսքով․ «Ամեն մեկը պետք է մի շենքում նստի, իրար հետ կռվեն, եւ դա համարվի նորմալ պետական կառավարո՞ւմ։ Դա աննորմալ եւ անթույլատրելի եմ համարում։ Այն, ինչ կատարվում է  ներքին խոհանոցում, պարտադիր չէ, որ հանրությունն իմանա։ Ասեմ՝ այս կառավարության աշխատաոճն իմ համար շատ ընդունելի է։ Առանձին դեպքերում դա նախարարներից շատ ժամանակ է խլում, բայց, ի վերջո, ուզում ենք շատ հստակ ձեւակերպված, հասկանալի, մատչելի որոշումներ եւ օրենքներ ընդունենք։ Նույնը պատկերացնում եմ նաեւ ընդդիմության հետ․ իրենց կարծիքն էլ պետք է լսել եւ հաշվի առնել, ընդհանուր եզրեր գտնել հանուն պետականության։ Դա միայն խոսքեր չեն։ Երկիրը եւ հասարակությունը պետք է ցնցումներից հեռու պահել»։

Ինչպես հայտնել էինք, ՔՊ-ի առաջադրած նախագահի թեկնածու Վահագն Խաչատրյանն առաջին փուլով չընտրվեց ՀՀ նախագահ։ Քվեարկությանը մասնակցել էր միայն ՔՊ-ն։ Ընթանում է ընտրության երկրորդ փուլը։ Նախագահ ընտրվելու համար թեկնածուն պետք է ստանա պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն 3/5-րդը։

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031