Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՀ ԱԺ հայտարարությունը․ Արցախի խորհրդարանը հորդորում է ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահությանը, ՄԱԿ-ին՝ համարժեք գնահատականի արժանացնել Ադրբեջանի պահվածքը

Մարտ 10,2022 19:50

Արցախի խորհրդարանն այսօր արտահերթ նիստ է հրավիրել, օրակարգում մեկ հարց է՝ ԵԱՀԿ Մինսկի խմբին եւ ՄԱԿ-ին եւ համապատասխան կառույցներին դիմելու մասին հայտարարության նախագիծը։

Նախագիծը ներկայացրեց «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցության պատգամավոր Գեղամ Ստեփանյանը։

Արցախի խորհրդարանի ԱԺ հայտարարությամբ նշվում է՝ վերջին օրերին Արցախի  սահմանամերձ բնակավայրերում լարվածությունը նոր  թափ է ստացել, Ադրբեջանը ինտենսիվ կրակ է  արձակել, ականանետ կիրառել մի շարք բնակավայրերի վրա․«Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության նման սադրիչ գործողությունները միտված են  ինչպես Արցախի ժողովրդին ահաբեկելուն եւ մշտական տագնապի մեջ պահելուն, այնպես էլ ռուսական խաղաղապահ ուժերի առաքելության հեղինակության նսեմացմանը։

Արցախի հանրապետության  ԱԺ-ն խստիվ դատապարտում է Արցախի  նկատմամբ ագրեսիվ եւ  ահաբեկչական գործողությունները, բնակավայրերի թիրախավորումը, խաղաղ բնակչության նկատմամբ հոգեբանական տեղեկատվական ճնշումները,  Արցախը բնական գազով ապահովող միակ գազատարի վերանորագման աշխատանքների խոչընդոտելը։ Պաշտոնական Բաքուն շարունակում է  իր հայատյաց քաղաքականությունը, խարխլում տարածաշրջանում փխրուն խաղաղությունն  ու կայունությունը, որը մեկ անգամ եւս փաստում է,որ Ադրբեջանը պատրաստ չէ տարածաշրջանում հարատեւ խաղաղության հաստատմանը։

Արցախի խորհրդարանը հորդորում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը, ՄԱԿ-ին եւ նրա համապատասխան կառույցներին համարժեք գնահատականի արժանացնել Ադրբեջանի պահվածքը,  ջանքեր գործադրել՝ սանձելու նման հանցավոր  գործողությունները։ Ստեղծված իրավիճակը մեկ անգամ եւս ցույց է  տալիս, որ Արցախի ժողովրդի անվտանգ ապրելու, անկախ պետականություն ունենալու իրավունքի ճանաչումը  հանդիսանում է միակ ճիշտ, այլընտրանք չունեցող եւ քաղաքակիրթ որոշումը»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031