Լրահոս
Օրվա լրահոսը

«Բարեկամությունը» հաճելի հոգսերի մեջ է

Մարտ 11,2022 13:00

Անսամբլի հոբելյանական տարին կամփոփվի Ֆրանսիայում

35 տարի առաջ հայաստանյան պարային կոլեկտիվների ընտանիքին անդամագրվեց վաստակավոր կոլեկտիվ, Հայաստանի պարարվեստի «Բարեկամություն» պետական անսամբլը։ Ի տարբերություն մինչ այդ գործող պարային անսամբլների՝ «Բարեկամությունը» հայկական ազգային պարը ներկայացրեց հանդիսատեսին դասական, խորեոգրաֆիկ ոճով, իսկ Նորայր Մեհրաբյանի բեմադրություններն իսկապես ստեղծեցին նոր ուղղություն՝ հայկական ժամանակակից պարարվեստում։

Անսամբլում հայկական պարերը բեմադրվել են նաեւ Կոմիտասի, Սայաթ-Նովայի, Խաչատրյանի, Բաբաջանյանի, Մանսուրյանի, Տերտերյանի, Հովհաննիսյանի, Ալթունյանի, Ամիրխանյանի, Հախինյանի եւ այլ կոմպոզիտորների ստեղծագործությունների մշակումների հիման վրա։ Բացի ժողովրդական, հայ դասական կոմպոզիտորների ստեղծագործություններով բեմադրված պարերից, այստեղ իրականացվել են նաեւ պարային համարներ՝ Մոցարտի, Բորոդինի, Կարլ Օրստի, Էլթոն Ջոնի եւ այլ օտարազգի կոմպոզիտորների երկերի հիման վրա։

Բնականաբար, այս ամենն իրականացրել է Նորայր Մեհրաբյանը։ 1990-ականների վերջերից էլ ավելի ընդլայնելով պարացանկը, անսամբլի գեղարվեստական ղեկավարը իր խորեոգրաֆիայով հանդիսատեսին ներկայացրեց նաեւ Հախինյանի «Լոռեցի Սաքոն», Բաբաջանյանի «Հերոսական Բալլադը», Բորոդինի «Պոլովեցյան պարերը», ապա բեմադրող ռեժիսոր Արամ Սուքիսայանի հետ համատեղ Բաղդասարյանի «Մարոն»։ Ճանաչված բալետի արտիստ եւ բալետմայստեր Արսեն Մեհրաբյանն էլ ներկայացրեց Ալան Հովհաննեսի երաժշտությամբ «Արշիլ Գորկի» ստեղծագործությունը։

«Բարեկամությունը» հիմնադրման առաջին իսկ տարիներից մեծ հաջողությամբ հանդես է եկել տարբեր երկրներում, այդ թվում՝ ԱՄՆ, Գերմանիա, Ռուսաստան, Հնդկաստան, Իտալիա, Մեծ Բրիտանիա, Չինաստան, Ֆրանսիա եւ այլն։ Անսամբլը մասնակցել է նաեւ տարբեր փառատոների. օրինակ՝ 2013թ. Սանկտ Պետերբուրգում անցկացված միջազգային փառատոնում արժանացել է Գրան Պրիի։ Հիշարժան է 2015-ը, երբ «Բարեկամությունը» նախաձեռնեց եւ իրականացրեց «Երգենք, պարենք հանուն խաղաղության» փառատոնը, որի շրջանակներում կազմակերպվեց «Բարեկամության կամուրջներ» համերգը՝ Եվրոպայից եւ Արեւելյան գործընկերության 8 երկրից ժամանած 40 պրոֆեսիոնալ եւ ոչ պրոֆեսիոնալ արտիստների մասնակցությամբ։

2022թ. հունվարի վերջին «Բարեկամությունը» հանդես եկավ Արաբական Միացյալ Էմիրություններում, «Հայկ եւ Բել» առասպելի հիման վրա, «Լեգենդ Հայկի մասին» խորեոգրաֆիկ պատկերով, ընդ որում՝ «Առավոտի» հետ զրույցում Նորայր Մեհրաբյանն ասաց, որ այդ ուղեւորությունն անցկացվել է «Հայաստանի օրերը Դուբայում» ծրագրի շրջանակում, ելույթ են ունեցել նաեւ Սերգեյ Սմբատյանի ղեկավարած Հայաստանի պետական Սիմֆոնիկ նվագախումբն ու Արտո Թունջբոյաջյանն՝ իր բենդով։

«Լեգենդ Հայկի մասին» խորեոգրաֆիկ պատկերը բեմադրել է Արսեն Մեհրաբյանը՝ «Շարմ հոլդինգի» առաջարկով եւ հրավերով։ Լիբրետոյի կոմպոզիտորն է Արմեն Մարտիրոսյանը, հեղինակն ու ռեժիսորը՝ Դավիթ Բաբայանը, իսկ զգեստների նկարիչը Արամ Նիկոլյանն է։ Համերգի երկրորդ բաժնում ներկայացրինք մեր հայկական ազգային պարերը»,-հայտնեց պարոն Մեհրաբյանը։
Հետաքրքրությանը, թե հայ հանդիսատեսը ե՞րբ կդիտի այն, քանի որ ըստ էության պրեմիերան կայացել է Դուբայում, մեր զրուցակիցն ասաց, որ հայաստանյան պրեմիերան կկայանա անսամբլի հոբելյանական տարուն նիրված համերգաշարի շրջանակում։

Մեր զրույցին ներկա անսամբլի տնօրեն Արթուր Դանիելյանն էլ ընդամենը հավելեց, որ հոբելյանական տարվա գլխավոր համերգը նախատեսված է հոկտեմբերին՝ Ֆրանսիայում։

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ
Լուսանկարներում՝ տեսարաններ «Լեգենդ Հայկի մասին» խորեոգրաֆիկ պատկերից

«Առավոտ» օրաթերթ
10.03.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031