Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Նարինե Դիլբարյանը իշխանության մասին. «Իրենք նման են ճնճղուկների, իսկ քրիստոնեության մեջ ճնճղուկները նզովված են, որոնք Հիսուսին խաչելու գամերն էին իրենց կտուցներով բերում»

Մարտ 22,2022 17:08

Հայաստանի դեմոկրատական կուսակցության փոխնախագահ Նարինե Դիլբարյանը «Հայելի» ակումբում այսօրվա իշխանության՝ խաղաղության օրակարգի անվան տակ Արցախից ձեռքերը լվանալու քաղաքականության մասին ասաց. «Շատ տրամաբանական եւ սպասելի է իրադարձությունների զարգացման այսպիսի արագացումը: Նկատելի է, որ եւ Թուրքիան եւ Ադրբեջանը սպասելու, հապաղելու ժամանակ այլեւս չունեն եւ հիմա թուրքական օրակարգը, թուրքական ծրագիրը, որ կար, մոտենում է հանգուցալուծմանը:

Ինչ վերաբերում է մեր իշխանությանը, դա նույնպես տրամաբանական է, անսպասելի ոչ մի բան տեղի չի ունենում: Բայց շփումները ակնհայտ ցույց են տալիս, որ պնդումը, թե իրենք ստացել են հանրության քվեն եւ այդ քվեի հիման վրա իրականացնում են արտաքին քաղաքականությունը, բացարձակ սնանկ է: Ես երեկ վերստին բաց արեցի 2021 թվականի օգոստոսին լույս տեսած կառավարության ծրագիր կոչված փաստաթուղթը, որտեղ անգամ իրենց մուրճ-չագուչային ընտրարշավում հայտարարվում էր, որ Արցախի կարգավիճակի համար իրենք պայքարելու էին, պայքարելու էին արցախյան հարցի համապարփակ լուծման համար՝ ազգային ինքնորոշման սկզբունքի հիման վրա: Այսինքն, եթե հանրության ինչ-որ տոկոս, որը գնացել եւ իսկապես իրենց ձայն է տվել, ձայն է տվել այդ ծրագրին, որտեղ խոսք անգամ չկար, որ մենք գլխապատառ պետք է նետվենք Թուրքիայի հետ մեր հարաբերությունների կարգավորմանը՝ առանց հաշվի առնելու Հայաստանի պետական շահը, առանց համակշռված գործողությունների, այն էլ՝ Շուշիի հռչակագրից հետո հակադարձումներ չկատարելով:

Ես այսօր ուզում եմ արձանագրել մի միտք. իրենք իրականում չունեն այն քվեն, որով անընդհատ հպարտանում են, որովհետեւ եղած քվեն էլ ստացել են բոլորովին այլ ծրագրի համար: Այսինքն, կարող ենք ասել, որ իրենք այն ժամանակ ունեցել են ծրագիր, որը հիմա ինչ-որ գործոնների ազդեցությամբ կամ ճնշմամբ փոխել են: Իսկ դա նշանակում է, որ իրենք պետք է այդ մասին հայտարարեն:

Այսօր Զելենսկին հայտարարել է, թե պատերազմի ավարտի հետ կապված ցանկացած որոշում պետք է կատարվի հանրաքվեով, ուկրաինական ժողովրդին մասնակից դարձնելով: Եվ ուզում եմ հիշեցնել Նիկոլ Փաշինյանին իր արտահայտությունները, որ ինքը միայնակ ոչինչ չի որոշելու: Հիմա ո՞վ է իրեն տվել քվե եւ իրավասություն՝ այս կերպ լուծելու խնդիրները:

Քաղաքագիտության մեջ կա աղավնիներ եւ բազեներ հակադրությունը: Բայց իրենք անգամ աղավնիներ չեն, իրենք նման են ճնճղուկների: Իսկ քրիստոնեության մեջ ճնճղուկները նզովված են, որոնք Հիսուսին խաչելու գամերն էին իրենց կտուցներով բերում»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031