Լրահոս
Օրվա լրահոսը

«Ձեր ղեկավարն ասաց, որ Ադրբեջանից հնարավոր է հարձակում, իսկ դուք լուրջ դեմքով խոսում եք ՏԻՄ-երից»․ Ագնեսա Խամոյան

Ապրիլ 01,2022 12:38

ԱԺ-ն այսօր արտահերթ նիստ է գումարել՝ օրակարգում ՏԻՄ մարմիններին առնչվող նախագծով, որով դրա հեղինակ իշխանական պատգամավորներն առաջարկում են՝ վարչապետը պետք է ժամանակավոր պաշտոնակատարներ նշանակի այն համայնքներում, որտեղ համայնքապետեր չեն ընտրվել։ «Ստեղծվել է իրավիճակ, երբ վերջին խոշորացումների արդյունքում որոշ համայնքներում ՏԻՄ կառավարման բնականոն ընթացքը խաթարված է։ Հրատապությունը դրանում է։ Նման համայնքներում պետք է ՏԻՄ կառավարումը եւ քաղաքացիների սպասարկումը բնականոն շարունակվի»,-հայտարարեց նախագծի համահեղինակ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը հետաքրքրվեց՝ թեեւ օրվա հրատապությունն այլ տեղում է, բայց կոնկրետ ո՞ր համայնքների մասին է խոսքը եւ սրա հրատապությունն ինչո՞վ է պայմանավորված։ Վահագն Հովակիմյանը պատասխանեց․ «Խնդիրը, որը ստեղծվել է, ապագայում կարող է ստեղծվել ցանկացած համայնքում։ Ֆորսմաժորն ամեն համայնքում կարող է լինել։ Հիմա նման խնդիր կա Վանաձորում»։ Մինասյանը հարցրեց՝ Վանաձորում խնդրի լուծման այլ տարբերակ չկա՞ր, օրինակ՝ մարդու իրավունքների պաշտպանությունը։ Վահագն Հովակիմյանը նշեց՝ եթե այլ տարբերակ լիներ, իրավական լուծում լիներ, համայնքն ինքը կլուծեր, մինչդեռ երկու ամիս է՝ այս վիճակն է, եւ բոլոր մասնագետներն են ասում, որ լուծումն օրենսդրական մակարդակում է։ Հիշեցնենք, որ Վանաձորի ընտրված համայնքապետ Մամիկոն Ասլանյանը կալանավորված է։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանն էլ նկատեց՝ հրատապությունը երկրում ստեղծված իրավիճակն է, որը երեկ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց․ «Կամ դուք լուրջ չեք ընդունում ձեր ղեկավարի խոսքերը, կամ չեք կարդացել։ Փաստորեն, երբ ՀՀ-ն պատերազմից հինգ պակաս վիճակում է, այստեղ պետք է քննարկենք հարց, որը վերաբերում է այն համայնքներին, որտեղ ձեզ չի հաջողվել իշխանություն վերցնել։ Որքանո՞վ է ադեկվատ ձեր պահվածքը»։ Վահագն Հովակիմյանը պատասխանեց․ «Ավելի քան ադեկվատ է մեր պահվածքը։ Իսկ թե որքան ադեկվատ է ձեր հարցը․․․»։ Խամոյանը նշեց․ «Նայեք ձեր ղեկավարի երեկվա ելույթը։ Հստակ ասել է, որ հնարավոր է նոր հարձակում Ադրբեջանի կողմից, իսկ դուք այստեղ դեմքի լուրջ արտահայտությամբ ասում եք, թե հրատապ խնդիրը ՏԻՄ-երում փոփոխությունն է»։

Վահագն Հովակիմյանը պատասխանեց․ «Ասել եմ, խնդիրը հրատապ է։ Չեմ ասել, թե որն է ամենահրատապ խնդիրը։ Խնդրի ժամ առաջ լուծումը մեր՝ օրենսդիր մարմնի լիազորությունն է։ Մեր պարտականությունն է։ Սա չի նշանակում, թե մնացած մասով մեր պարտականություններն անտեսում ենք։ Ինչի՞ մասին է խոսքը, ես նախագիծ եմ զեկուցում»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930