Լրահոս
Օրվա լրահոսը

Ալեն Սիմոնյանին սպասարկող BMW-ն ուղեկցելու համար Toyota RAV 4 ամենագնացներ կգնեն

Ապրիլ 07,2022 13:20

Կառավարությունը գումար կհատկացնի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին սպասարկող BMW 750Li ծառայողական մեքենային ուղեկցող Toyota RAV 4 մոդելի ամենագնաց երեք ավտոմեքենա ձեռք բերելու համար։ Հիշեցնենք, որ ԱԺ նախագահին սպասարկելու համար դեռ ամիսներ առաջ 90 միլիոն դրամով ձեռք էր բերվել BMW 750Li մեքենան։

Ծառայողական մեքենան ուղեկցելու համար նոր ավտոմեքենաներ գնելու մասին որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության այսօրվա նիստի օրակարգում՝ որպես չզեկուցվող։

«ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում եւ լրացում կատարելու մասին նախագծով առաջարկվում է պետական բյուջեով նախատեսված հատկացումների վերաբաշխման արդյունքում ժամանակավորապես ազատ ֆինանսական միջոցները ուղղել վերոգրյալ ավտոմեքենաների ձեռքբերմանը։ Ըստ այդմ, ինչպես նշվում է նախագծում, 54 միլիոն դրամ է հատկացվելու, որպեսզի ԱԺ-ն ձեռք բերի նշված երեք ավտոմեքենաները մեկ անձից գնման ընթացակարգով։

Նախագիծը հիմնավորվում է, թե ԱԺ նախագահին սպասարկող BMW 750Li ծառայողական մեքենային որպես ուղեկցող շահագործվող (TOYOTA LC PRADO 2.71 (2003թ. արտադրության, վազքը՝ 235334 կմ), (TOYOTA LC PRADO 4.0GA (2007թ. արտադրության, վազքը՝ 252884 կմ) եւ NISSAN X-TRAIL 2.01 (2008թ. արտադրության, վազքը՝ 271613 կմ)) մեքենաներն իրենց տեխնիկական բնութագրով չեն ապահովում ԱԺ նախագահի ծառայողական մեքենայի անվտանգ եւ ապահով տեղաշարժը, իսկ ԱԺ ավտոտնտեսությունում առկա տրանսպորտային միջոցները չեն կարող շահագործվել ԱԺ նախագահի ուղեկցման համար:

Նախագծում նաեւ նշվում է, որ հարցի կարգավորման նպատակով ԱԺ աշխատակազմը իրականացրել է հայաստանյան ավտոշուկայի ուսումնասիրություն, հարցումներ են կատարել «Մուրան», «Գրանդ Մոթորս», «Սքայ մոթորս» եւ «Տոյոտա Երեւան» ընկերություններին, արդյունքում նպատակահարմար են գտել ձեռք բերել Toyota RAV 4 մոդելի ամենագնացները, քանի որ «Տոյոտա Երեւան»-ը նշված մոդելի համար կիրառել է լրացուցիչ զեղչեր, ինչպես նաեւ տրամադրվում է սպասարկման յոթ տարվա երաշխիք:

Ձեռք բերվող ավտոմեքենաների տեխնիկական բնութագիրն էլ է նշված՝ արագացումը 0-100կմ/ժ կազմում է՝ 8,5 վայրկյան, առավելագույն հզորությունը՝ 199 ձիաուժ, առավելագույն պտտող մոմենտը՝ 243 Ն.մ։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930