Լրահոս
Օրվա լրահոսը

«Մի սխալ քայլ՝ և քարը կարող է կոտրվել, մինչդեռ այն պետք է հազարամյակներ կանգներ». Գևորգ Աբգարյանի զարդաքանդակները զարդարում են Հայաստանի տասնյակ կառույցներ

Ապրիլ 11,2022 17:49

Երևանի ամենաինքնատիպ շենքերը լրացնում են հայկական զարդաքանդակները: Դրանք վարպետ Գևորգի ձեռակերտ աշխատանքներն են: Հայտնի ճարտարապետների կողքին գրեթե անհայտ է քանդակագործ Գևորգ Աբգարյանի անունը:

Թուրքիայում ծնված ու 1915-ից հետո գաղթի ճանապարհով անցած վարպետը 1923թ. գալիս է Երևան:

«7 տարեկան հասակում տեղափոխվել են Իզմիր: Պապիկս ծանոթանում է մի հայ քանդակագործի հետ՝ Փափազյան ազգանունով: Նա խնդրում է հայրիկիս տանել իր մոտ աշակերտության:

1924 թ. Թամանյանը գալիս է Հայաստան է ու առաջին հերթին սկսում Օպերայի շենքի շինարարությունը»,-պատմում է Գևորգ Աբգարյանի դուստրը՝ Մերի Բերբերյանը:

Գևորգ Աբգարյանի հետ քաղաքի գլխավոր կառույցում աշխատում էր մի մեծ խումբ՝ վաստակավոր շինարար Վարդան Զաքարյանի գլխավորությամբ:

Վարպետ Գևորգի զարդաքանդակները ձևավորում են ոչ միայն Օպերային թատրոնի շենքի սյունաշարերն ու բարձրաքանդակները, այլև դահլիճի առաստաղը: Կառավարության շենքի խոյակներն ու ժանեկազարդերը ևս Գևորգ Աբգարյանի գործերն են:
«Հայկական զարդաքանդակները շատ մեծ դեր են խաղում հայկական ճարտարապետության մեջ: Վարպետ Գևորգի վարպետությունը այն էր, որ նա կարողանում էր շատ ճիշտ աշխատել՝ լինի տուֆ, ֆելզիտ, թե բազալտ, թեև ամեն քար ունի իր դժվարությունն ու խնդիրը»,-նկատում է ճարտարապետ Անահիտ Թարխանյանը:

«Իրականում շատ դժվար է մանր դետալների հետ աշխատանքը, որովհետև մի սխալ քայլ՝ և քարը կարող է կոտրվել, մինչդեռ այն պետք է հազարամյակներ կանգներ»,-ասում է քանդակագործ Համբիկը:

Թամանյան, Գրիգորյան, Իսրայելյան. Վարպետ Գևորգի հետ Երևանի գլխավոր ճարտարապետներն աշխատում էին ամենապատասխանատու կառույցներում:

«Մենք լավ պարտեզ ունեինք՝ մրգատու ծառերով: Նրանք հաճախ էին գալիս մեր տուն: Իսրայելյանն ասում էր, որ երբ Գևորգին պատմում էր քանդակի մասին, վերջինս որոշում էր՝ ինքը կնկարի: Տուն էր գալիս, մինչև գիշերվա կեսը նստում՝ նկարում էր»,-պատմում է Մերի Բերբերյանը:

Հայկական ճարտարապետության մեջ զարդաքանդակները ոչ միայն շենքերի ճարտարապետական լուծումներն ու գեղարվեստական կերպն են լրացնում, այլև երկրի ու ազգի պատմության ու ազգային մշակույթի բացահայտիչն են:

«Արտաքին ճակատային լուծումները, կամրջվելով, եկել են միջնադարյան զարդարվեստից: Օրինակ, Օպերայի պարագայում հանդիպում ենք թեմատիկ զարդաքանդակների՝ դիմակների: Այստեղ՝ Հրապարակում, հիմնականում պատկերված են բուսական և կենդանական մոտիվները. միատեղված է գյուղատնտեսությունը, գիտությունը, մշակույթը: Եթե նայենք ժամ-աշտարակին՝ ապա միանգամից աչքի է զարնում Խորհրդային Հայաստանի զինանշանն իր դրոշներով, որն այն ժամանակ կառավարության հարգանքի և առաջնայնության վկայությունն է»,- ընդգծում է արվեստաբան Անի Հայկազունը:

««Մայր Հայաստան» ռազմական թանգարանի մուտքի դռանը, եթե նայենք, ապա առանց հուշելու ոչ ոք չի իմանա, որ այն ամբողջությամբ ձևավորված է այն ժամանակ պարտադիր դարձած նշաններով՝ կարմիր աստղերով. դրանք բոլորը քողարկված են, ունեն ծաղկի տեսք և ոչ մեկը չի կրկնվում»,-նշում է Անահիտ Թարխանյանը:

Երևանյան շենքերի քարակերտ զարդարվեստը շատերի համար արդեն սովորական է, իսկ զբոսաշրջիկների աչքից՝ չվրիպող: Գևորգ Աբգարյանի գործերը զարդարում են ոչ միայն Երևանի, այլև մարզերում կառուցված ճարտարապետական տասնյակ բացառիկ կառույցներ ու հուշարձաններ:

Երևանի քաղաքապետարան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930