Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Լարիսա Ալավերդյան. «Ո՞ւր եք, տղաներ», «Ո՞ւր եք, քաղաքական բոլոր ուժեր»

Ապրիլ 15,2022 22:35

«Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ, Հայաստանի առաջին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանը «Հայելի» ակումբում անդրադառնալով ԱԺ-ում 44-օրյա պարտերազմի եւ Արցախի մասին Նիկոլ Փաշինյանի եւ իշխանական թիմի ներկայացուցիչների արած վերջին հայտարարություններին եւ դրանց ի պատասխան արվելիք իր պատկերացրած քայլերին՝ ասաց, որ Նիկոլ Փաշինյանը եւ նրա թիմակիցները խախտում են այնպիսի օրենքներ, որոնք անխախտելի են: «Օրինակ, վարչապետի աթոռը զբաղեցնողի ինքնախոստովանությունը, թե ինքը մեղավոր է կամ չէ, դա պետք է անպայման դիտարկվի: Եվ իրավապահները դա անպայման պետք է անեն, անկախ նրանից, թե խախտողը մեկն է, թե մի քանիսը»,-ասաց նա:

Տիկին Ալավերդյանը նաեւ «նախատեց» ոչ խորհրդարանական ընդդիմությանը՝ ասելով, եթե նրանք տեսնում են, որ խորհրդարանական ընդդիմությունը չի կարողանում առաջ տանի պայքարի դրոշը, ճիշտ ժամանակն է, որ դա անի ոչ պառլամենտական ընդդիմությունը: «Ո՞ւր եք, տղաներ», «Ո՞ւր եք, քաղաքական բոլոր ուժեր»,-հարց հնչեցրեց բանախոսը:

Հայաստանի առաջին ՄԻՊ-ը անչափ կարեւորում է հանրային տրիբունալի անհրաժեշտությունը: «Արդեն մեկ տարուց ավելի է, այս մասին ասում եմ: Հանրային տրիբունալի որոշումները,  որոնք եւ ստորագրություններով կամրապնդվեն, պետք է ներկայացվեն ամբողջ միջազգային հանրությանը: Եվ որքան էլ ուզում եք ինձ ասեք, թե միջազգային հանրությունը այս է, այն է, ի՞նչ ենք արել մենք, որ ինչ պահանջենք միջազգային հանրությունից: Ես չեմ հոգնելու դա կրկնելուց. կա՞ այլ Հայաստան, թե՞ չկա: Այս թիմը, որ աշխուժորեն ուզում է ավելի շուտ հանձնել Արցախը ու, կարծես, մրցակցության մեջ է, դա Հայաստան չէ: Վաղուց ասել եմ, որ մեր ԱԺ-ում կա միլլի մեջլիսի այն խմբակցությունը, որը այստեղ աշխատում է: Ու լավ է աշխատում: Եթե երկրում չկա այն սերունդը, վերնախավը՝ պառլամենտում կամ դրսում, որն իր վրա է վերցնում ազգի եւ պետության շարունակելիության պատասխանատվությունը, ապա մենք դատապարտված ենք: Եվ ոչ միայն զուտ իշխանության կողմից:  Ամեն մեկս կրում ենք մեր չափով պատասխանատվություն:

Մենք տարիներ շարունակ մի քանի փորձագետներով հավաքագրել ենք բոլոր փաստաթղթերը, որոնք ապացուցում են, որ իրավական առումով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ոչ մի կապ չունի Արցախի Հանրապետության հետ: Եվ այդ նորմերն են աշխատել 24 տարի, մինչեւ 2018 թվականը: Որ ասում են՝ միջազգային հանրություն, այդ ո՞ր միջազգային հանրությունն է: Այն, որի հետ լեզո՞ւ եք գտել: Միջազգային հանրություն հասկացություն չկա: Ինչ է, մեզ իսկապես մանկապարտե՞զ եք համարում: Դա ի՞նչ բան է, ի՞նչ միջազգային հանրություն:

Միջազգային հանրության մեջ տարակարծություն կա: Մենք պարտավոր էինք նույն Կատալոնիայի, նույն Շոտլանդիայի, նույն Քվեբեկի, նույն բասկերի շարքերը լրացնել: Այլ ոչ թե թաթիկները բարձրացնել ու հանձնվել: Եվ ես չեմ զարմանում վարչապետի աթոռը զբաղեցնող անձի վրա: Նա չի ծառայել, նա ատում է բանակը, նա ատում է մարտերի մասին խոսելը: Նայեք նրա լրագրողական ժամանակների հոդվածները եւ տեսեք, որ բառիս բուն իմաստով ինչ կեղտ էր լցնում ամբողջ ազգային ազատագրական պայքարի վրա»,-ասաց Լարիսա ալավերդյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930