Լրահոս
Մուրճը եւ խաչը
Օրվա լրահոսը

Որտե՞ղ է գյուղոլորտի առջեւ դրվող հիմնախնդիրը` ՀՀ պարենային ապահովության ու պարենանվտանգության հիմնահարցը․ «Ազգ»

Ապրիլ 16,2022 10:30

Ընթացող շաբաթվա առաջին օրը ՀՀ էկոնոմիկայի նախարարության տարածած լուրը` մինչեւ 2026 թվականը երկրի տնտեսության զարգացման հիմնական ուղղությունների մասին, առավել քան զգաստացնող էր, թեեւ այն ներկայացնող վարչության պետ Ա. Եգանյանի, 20 տոկոս տարեկան տնտեսական աճը ոգեւորող է պետք դիտարկել: Թեեւ այլ մասնագետների ու փորձագիտական կառույցների գնահատականներում ՀՀ-ում երկնիշ տնտեսական աճը ընթացող վայրիվերումների պայմաններում որոշակիորեն անհասկանալի է, այսուհանդերձ փորձենք վստահել պետական սույն հաստատությանը, ինչքան էլ այն խոցելի լինի:

Գերակա ոլորտ է հռչակվում գյուղատնտեսությունը, որտեղ ըստ նախարար Վահան Քերոբյանի, աճը կապահովվի ներկայիս ՀՀ վարելահողերի շուրջ 50 տոկոսի մշակումը 70 տոկոսի հասցնելու արդյունքում: Ասել է թե` ներկայիս 220 հազար հեկտար մշակվող տարածությունները կդառնան մոտ 320 հազար հեկտար: Թե ինչ մշակաբույսերի հաշվին կընդլայնվեն տարածքները, կոնկրետ չի ասվում, սակայն նկատի ունենալով կառավարության նախորդ որոշումները, կարելի է գուշակել, որ դրանք կլինեն… հիմնականում խաղողի ու ծիրանի ինտենսիվ որակվող այգիների շնորհիվ։

Այգին լավ բան է, անգամ քննարկման խնդիր չկա, միայն անհասկանալի է որտեղ է գյուղոլորտի առջեւ դրվող հիմնախնդիրը` ՀՀ պարենային ապահովության ու պարենանվտանգության հիմնահարցը: Հենց մեր օրերում ընթացող գործընթացներում հայաստանյան հանրության բացարձակ մեծամասնությանը մտահոգում է ոչ այնքան կոնյակի ու գինու արտահանումների ծավալը, որքան հացամթերքի ու կաթնամթերքի, կենդանական ու բուսական յուղերի, շաքարավազի, մսատեսակների, այլ առօրյա առաջնահերթությունների ժամ առ ժամ աճող գները, հիմնականում դրանց հումքը մեր բարեբեր հողերում չմշակելու խնդրի հետ: Միայն երկրի 3 մլն բնակչության հաց-հացամթերքների պահանջը բավարարելու համար, ներառյալ մակարոնեղենն ու հրուշակեղենը, պահանջվում է մոտ 600 հազար տոննա ցորեն, որի մշակման համար աշխարհի շատ երկրներում օգտագործում են 90-100 հազար հեկտար վարելահող, ՀՀ-ում` առկա այս նշանակության հողերի մոտ 20 տոկոսը, իսկ գյուղնշանակության ողջ հողերի պարագայում` շատ ավելի պակաս:

Թերեւս այստեղ է զգացվում ՀՀ-ում գյուղատնտեսության նախարարության անհրաժեշտությունը, քանզի էկոնոմիկա անվանվող նախարարությունը այսօրինակ մոտեցման պահանջ պարզապես չի ցուցադրում: Առաջարկվող հայեցակարգով նախատեսվում է սննդի արդյունաբերության արտադրանքը հասցնել 3 մլրդ դոլարի, որից արտահանել 1,5 մլրդը: Պարզ է, որ այստեղ հիմնականը լինելու է ծխախոտն ու կոնյակը, թերեւս գինին ու բանջարեղենը, որտեղ վերամշակողներն ու արտադրողները հազիվ մի քանի խոշոր ընկերություններ են, ջերմոցային տնտեսություններ. ՀՀ-ում առկա 340 հազար գյուղացիական տնտեսություններն այստեղ գրեթե անելիք չունեն, պարզապես ոլորտից օտարված են: Սա է ՀՀ գյուղոլորտում իրողությունը, որի գնահատականը ներկրումների վրա հիմնված մեր առօրյան է. ներմուծում ենք, երբ պարտավոր ենք ինքներս արտադրել` սոխ ու սխտորից մինչեւ շաքարավազ ու հատիկավոր պարեն, բուսական ու կենդանական յուղեր, հյութեր ու քաղցրավենիք…

Գեղամ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930