Լրահոս
Օրվա լրահոսը

«Ձեռք կբերենք լաստանավ, որով ՌԴ-ՀՀ բեռնափոխադրումները կիրականացվեն մեծ ծավալով». «Հայաստանի Հանրապետություն»

Ապրիլ 26,2022 10:49

Այս օրերին, երբ Ռուսաստանը ռազմական հատուկ գործողություն է իրականացնում Ուկրաինայում, անշուշտ, բոլորիս առաջին հերթին հետաքրքրում է անչափ կարեւոր մի հարց՝ ինչպե՞ս են կազմակերպվում բեռնափոխադրումները ՌԴ-ից դեպի Հայաստան, հատկապես՝ հացահատիկինը: Հացի պակաս մենք չե՞նք զգա:

«-Ոչ, հացի պակաս մենք չենք զգա: Հացահատիկի, ալյուրի մատակարարումները շարունակվում են, ընդհատվելու «ցանկություն» չունեն,-«ՀՀ»-ի հարցին պատասխանեց «Հարավ-Կովկասյան երկաթուղի» ՓԲ ընկերության գլխավոր տնօրենի խորհրդական, պատվավոր երկաթուղային Ռաֆայել Սեխլեյանը:-Ուկրաինական պատերազմը խաղաթղթեր խառնեց, ընդհատվեցին Ուկրաինայից լաստանավով բեռնափոխադրումները դեպի Հայաստան: Բայց հայ գործարարների շնորհիվ հաջողությամբ շարունակվում է Ռուսաստանի Ռոստովի, Ստավրոպոլի, Կրասնոդարի մարզերից հացահատիկի, ալյուրի տեղափոխումը մեր երկիր՝ 22 տոննա բեռնատարողությամբ մոտ 100 բեռնատար մեքենաներով: «Հարավ-Կովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն եւս անմասն չէ այդ գործից: Շատ շուտով երկաթուղին ավելի կմեծացնի մեր երկիր հացահատիկի մատակարարման գործում իր ունեցած դերը: ՀՀ կառավարության առաջարկով ընկերությունը ձեռք կբերի լաստանավ, որով Ռուսաստանից դեպի Հայաստանի Հանրապետություն եւ հակառակ երթուղով բեռնափոխադրումները կիրականացվեն մեծ ծավալով. լաստանավը կգործի Նովոռոսիյսկ քաղաքից 12 կմ հեռավորությամբ գտնվող «Կովկաս» նավահանգստից Բաթումիի նավահանգիստ երթուղով եւ հակառակ ուղղությամբ: Լաստանավից մեզ համար անհրաժեշտ ապրանքներով գնացքակազմերը Բաթումիից Վրաստանի երկաթուղով կհասնեն Հայաստան: Այդուհետ հնարավորություն կունենանք ավելի արագ ու անվտանգ, քիչ ծախսերով եւ ընդամենը մի գնացքով Հայաստան տեղափոխել 65-70 ծանր մեքենաների ողջ բեռը»:

Տեղեկացանք, որ մեր երկիրը շաքարավազի պակաս էլ չի ունենա. օրերս Բրազիլիայից նավով ստացվեց 27 հազար տոննա շաքարի հումք (որից մոտ 80 տոկոս շաքարավազ կստացվի), շաքարի նույնաքանակ հումքով մի նավ էլ ճանապարհին է: Երկաթուղով կանոնավոր ներմուծվում են մեր երկրին անհրաժեշտ բոլոր ապրանքները, ինչպես նախկինում՝ նավթամթերք, բենզին, պարարտանյութեր, խտացված կերեր, թռչնակեր, ինքնաթիռի վառելանյութ: Երկաթուղով արտահանում ենք հանքարդյունաբերական խտանյութեր, խմիչք, հանքային ջրեր, պահածոներ, ալյումինի ֆոլգա, դեղորայք: Ի դեպ, Ռ. Սեխլեյանի վկայմամբ՝ Հայաստանում արտադրվող «Տաուֆոն» անունով՝ աչքի համար նախատեսված դեղը շատ մեծ պահանջարկ ունի Ռուսաստանում, Բելառուսում:

Գագիկ ԱՆՏՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930