Լրահոս
Օրվա լրահոսը

Իգոր Մուրադյանը ինքնիշխան հայ մարդու մոդելն էր. Գարեգին Չուգասզյան

Ապրիլ 29,2022 17:38

Այսօր Արցախյան շարժման հիմնադիրներից Իգոր Մուրադյանը կդառնար 65 տարեկան: Իգոր Մուրադյանի ընկերները եւ հետեւորդները Եռաբլուրում ծաղիկներ խոնարհեցին նրա շիրիմին:

ԱԺԲ խորհրդի անդամ Գարեգին Չուգասզյանը հիշատակի խոսքում նշեց. «Մարդու հիշատակը հարգելու լավագույն ձեւը նրա գործը շարունակելն է: Որքան հեռանում ենք՝ հստակ երեւում է, որ մենք գործ ենք ունեցել բացառիկ անձնավորության հետ: Պատմությունը Իգոր Մուրադյանին հիշելու է որպես ազգային ազատագրական շարժման թե տեսաբան, թե կազմակերպիչ: Դեռ 2014-ին նա հասկանում էր, թե ինչ է կատարվում աշխարհում, այն կենտրոնական դերը, որ Ուկրաինան խաղում է Եվրոպայի աշխարհակարգի հաստատման գործում: Այն ժամանակ, թերեւս, միայն Իգոր Մուրադյանն էր, որ հստակ արտահայտել էր այն գաղափարը, որ Ուկրաինան դառնալու է նոր աշխարհակարգի ձեւավորման կարեւորագույն գործոններից մեկը, եւ Կիեւը որպես մայրաքաղաք թելադրելու է եվրոպական օրակարգը

Իգոր Մուրադյանը ինքնիշխանության, ինքնիշխան հայ մարդու մոդել էր: Նա հասկանում էր հայ ժողովրդի քաղաքակրթական պատկանելությունը եվրոպական քաղաքակրթությանը, որ դա եղել է եւ մնում է մեր մայրուղին»:

«Հանուն Հադրութի» ՀԿ գործադիր մարմնի նախագահ Լեւոն Հայրիյանը ասաց. «Եթե Իգորի գործը փորձենք արժեւորել, նրան, թերեւս, կարելի է համեմատել Արամ Մանուկյանի հետ: Նրանք կարողացան ստեղծել հայկական պետություն: Եթե Արամը պետություն ստեղծեց, Իգորը վերաանկախացրեց Հայաստանը: Բայց ցավոք, խավարամտությունը մի քիչ շատ էր: Այսօր հսկա մակընթացությունից հետո, որը մեզ բերեց ազգային հաղթանակների, հայտնվել ենք տեղատվության դաշտում: Բայց դա մենք չպետք է թույլ տանք: Ամեն մարդ պետք է իրեն համարի զինվոր եւ չթողնի, որ այս տեղատվության ազդեցության տակ կորցնենք մեր ազգային արժեքները: Չի կարելի հուսահատվել: Հակառակ դեպքում կործանվելու ենք»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930