Լրահոս
Օրվա լրահոսը

«Հեմինգուեյի «կորուսյալ սերունդ» արտահայտությունը կարծես մեզ համար է հորինվել»

Մայիս 05,2022 13:00 Share

Հարցազրույց գրող, գրականագետ Ամալյա Սողոմոնյանի հետ

– Որն է գրող լինելու առանձնահատկությունը…

– Լավ է, երբ կարողանում ես գրելու օգնությամբ ներսիցդ դուրս հանել կուտակվածը, բայց միշտ չէ, որ լավ գրականություն ես ստեղծում: Դժվար է լավ գրել, դժվար է դրական բաների մասին գրել: Կարծում եմ գրականությունը ցավից, տառապանքից, դժբախտությունց է ծնվում, իսկ այդ ամենը գեղարվեստի վերածելը կարողություն է, որը ոչ բոլորին է տրված:

– Հիշո՞ւմ եք ձեր կարդացած առաջին գիրքը: Ի՞նչ զգացումներ ունեիք գիրքը փակելուց հետո:

– Հեկտոր Մալոյի «Առանց ընտանիքի» վիպակն էր: Վիպակը Ռեմի անունով մի փոքրիկ տղայի մասին է, ով տարբեր փորձությունների ու դժվարությունների միջով է անցնում, բայց մնում է նույն բարի, աշխատասեր ու մարդասեր տղան: Մինչեւ հիմա հիշում եմ Ռեմիի կապիկ Հոգյակին ու երեք շներին՝ Կապիին, Դոլչեին ու Զերբինոյին։

– Ձեր կարդացած գրքերից որեւէ մեկը նպաստե՞լ է գրող դառնալուն:

– Կարծում եմ՝ պատկերներն ու զգացողություններն ավելի կարեւոր են: Դու կարող ես շատ լավ գրականագետ լինել, բայց ոչ լավ գրող եւ հակառակը:

– Փոխվե՞լ եք ձեր առաջին գրքի հրատարակումից հետո:

– Ներքին համոզմունք ունեի, որ ինչ-որ բան կփոխվի, բայց այնքան բան կատարվեց բոլորիս կյանքում այդ ընթացքում, որ չհասցրի դասակարգել ապրումներս:

– Նոր գրականությո՞ւն, թե՞ հին: Ինչո՞ւ:

– Անտիկ գրականություն: Առասպելներ ու լեգենդներ: Նոր գրականությունը ստեղծվում է անտիկ գրականության հենքի վրա: Վերցվում է թափառող սյուժեն ու դառնում նոր գրական գործ: Բայց ավելի հոգեհարազատ է աբսուրդի գրականությունը: Ջոյս, Կաֆկա, Կամյու, Սարտր:

– Ժամանակակից հեղինակներից ո՞ւմ եք հաճախ կարդում:

– Բոլորին էլ կարդում եմ, ցավոք, շատերի տեքստերը որպես գրականագետ եմ կարդում:

– Վերջերս ի՞նչ նոր հետաքրքրություն եք հայտնաբերել գրականության մեջ:

– Ես ամեն օր լսարանից դուրս գալիս նոր բան եմ բացահայտում գրականության մեջ: Գրականության մեջ ապրում եմ, փորձելով ուսանողներիս նույնպես ուղղորդել այդ աշխարհ:

– Գեղեցիկը տեսնելու համար ո՞ր ստեղծագործությունը կրկին կկարդայիք:

– Ֆրանսուազ Սագանի «Բարեւ, Թախիծ» վեպը մտքիս եկավ: «Միայն թե երբեմն, արշալույսին, երբ դեռ պառկած եմ անկողնում, իսկ Փարիզի փողոցներում միայն մեքենաների աղմուկն է, հիշողությունս մոլորեցնում է ինձ, առջեւս է կանգնում անցած ամառը եւ հետը կապված բոլոր հուշերը։ Աննա՜, Աննա՜, ցածրաձայն ու երկար-երկար կրկնում եմ ես խավարի մեջ։ Ինչ-որ բան է մեջս բարձրանում. ես փակում եմ աչքերս եւ մեջս բարձրացող այդ բանը կոչում իր անունով. բարեւ, թախիծ»:

– Ժամանակակից գրականության մեջ կա՞ այնպիսի գործ, որը պատրաստ եք պարբերաբար վերընթերցել:

– Ցավոք սրտի, հիմա երբ ժամանակակից գրականության մասին ենք խոսում, շատերը հայ հեղինակների ստեղծագործությունների վերլուծություն են ակնկալում: Ես ամեն օր ժամանակակից գրականություն եմ կարդում, թարգմանված ու չթարգմանված, բայց վերընթերցելու ժամանակ չկա, քանի որ ամեն օր նոր գիրք է տպագրվում: Նախընտրում եմ դասականներին վերընթերցել:

– Որքանո՞վ են արդիական ձեր աշխատանքները գրականության ոլորտում եւ ի՞նչ եք կարծում, տարիներ անց նույն արդիականությունը կունենա՞ն գրականության մեջ, թե՞ ոչ:

– Գրականությունը ժամանակի ընկալումից դուրս է: Ես իմ ապրումների ու զգացողությունների մասին եմ գրում: Իմ էտյուդները կարդում են մարդիկ, ովքեր սիրահարված են, սիրում են, կարոտում են, տխուր են, հուսալքված կամ ուղղակի երկար վեպեր կարդալու ժամանակ չունեն:

– Արտասահմանյան գրականությունն առավելություն ունի՞ հայ գրականության նկատմամբ, թե՞…

– Հայ գրականությունն իր ազգային առանձնահատկություններն ունի, բայց փոքր ժողովրդի գրականությունն ի սկզբանե դատապարտված է: Հայ գրականությունը համաշխարհային գրականության մի փոքրիկ մասնիկն է:

– Եթե վերնագրեիք հայ գրականությունը, ինչպե՞ս այն կկոչեիք այսօր, եւ ինչպե՞ս այն կկոչեիք տարիներ առաջ:

– Հեմինգուեյի «կորուսյալ սերունդ» արտահայտությունը կարծես մեզ համար է հորինվել: Պատերազմից առաջ եւ հետո:

Էլեն ՄԻՐԶՈՅԱՆ
ԵՊՀ 4-րդ կուրսի ուսանողուհի

«Առավոտ» օրաթերթ
04.05.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031