Լրահոս
Օրվա լրահոսը

«Իսկ ո՞ւր էր Անդրանիկ Քոչարյանն, իր տղան, էդ մնացած բոլորը․ սրիկայությանն էլ չափ ու սահման կա՞»․ Իշխան Սաղաթելյան

Մայիս 05,2022 15:36

Ոստիկանության հայտարարությունը, թե բաց են բոլոր փողոցները, ամեն ինչ հարթ եւ հանգիստ է, իրականությանը չի համապատասխանում։ Այս մասին այսօր Ֆրանսիայի հրապարակում հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց Դիմադրության շարժման առաջնորդներից՝ ՀՅԴ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։ Նա վստահեցրեց, որ կան միջպետական փակ ճանապարհներ՝ Սեւան-Մարտունի, Սեւան-Երեւան ճանապարհները, նաեւ Տավուշի մարզում կան փակ ճանապարհներ, Երեւանում էլ այս պահին մի քանի ուղղություններով անհնազանդության երթեր են, կային փակ փողոցներ։

«Ոստիկանությունը կիրառել է խայտառակ անհամաչափ բռնի ուժ մեր հայրենակիցների նկատմամբ, պատգամավորներ Արամ Վարդեւանյանի, Անդրանիկ Թեւանյանի, Աննա Գրիգորյանի նկատմամբ։ Առնվազն 150 բերման ենթարկվածներ կան, նաեւ Համբիկ Սասունյանին են բերման ենթարկել։ Նիկոլը, հավանաբար, ցանկանում է թուրքերին եւ ադրբեջանցիներին դուր գալ։ Տեսանք թուրքական մամուլի արձագանքը՝ ուրախ են, հայ վրիժառուն 40 տարի բանտարկվելուց հետո Երեւանում ոստիկանների կողմից հարձակման է ենթարկվում։ Որքան ձերբակալեն, այնքան ավելանալու ենք, իրենք իրենց են խայտառակում, շարունակում են կատարել վարչապետի աթոռին հայտնված անձի ապօրինի հրահանգները։ Բայց երկար չեն կարողանա, գալու է մի պահ, որ պարտավորված են լինելու զեկուցել, որ այլեւս իրենք իրավիճակին չեն տիրապետում»,-ասաց Սաղաթելյանը։ Եվ, ըստ նրա, Փաշինյանի հրաժարականը կլինի հենց այն օրը, երբ ուժային կառույցները զեկուցեն, որ այլեւս չեն կարողանում կասեցնել ժողովրդի ցասումը։

Անդրադառնալով ՔՊ պատգամավոր Վահագն Ալեքսանյանի այն հայտարարությանը, թե Փաշինյանի հրաժարականի հանրային պահանջ չկա, ու շարժումը գնալով կմարի, Սաղաթելյանն ասաց՝ Փաշինյանի հեռանալու հանրային պահանջն ակնհայտ է․ «Իրենք իրավիճակին չեն տիրապետում, պահանջը դրսեւորվում է ամեն օր»։ Նա ասաց, որ իշխանության միակ հենարանը ոստիկանությունն է, դրա համար էլ կամ ճնշում են կամ ոգեւորում են ոստիկանությանը, որ «շարունակեն բռնի անհամաչափ ուժ կիրառել ՀՀ քաղաքացու նկատմամբ»։

ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի՝ «Կոչ եմ անում ԱԱԾ-ին հավաքագրել բերման ենթարկված քաղաքացիների տվյալները և դրանք փոխանցել ՊՆ-ին» հայտարարության մասին էլ Իշխան Սաղաթելյանն ասաց՝ այսօրվա բերման ենթարկվածների մեջ առնվազն 40-ը 44-օրյա պատերազմի մասնակիցներ են, ովքեր ընկերներին են կորցրել, առաջնագծում են եղել․ «Իսկ ո՞ւր էր Անդրանիկ Քոչարյանն, իր տղան, էդ մնացած բոլորը։ Սրիկայությանն էլ չափ ու սահման կա՞։ Վախեցնում են մեզ բանտարկությամբ, բայց իրենց օրը շատ մոտ է, իրենք են դավաճանություն գործել հայրենիքի նկատմամբ, ի՞նչ իրավունք ունեն այդ թեմաներից խոսել։ Ժողովրդավարության բաստիոնում փորձում են մեկ անձի դիկտատուրա հաստատել»։

Իշխան Սաղաթելյանը դիմեց միջազգային կառույցներին, ՀՀ-ում դեսպանատներին եւ ասաց, որ պետք է արձագանքեն տեղի ունեցողին․ «Իրենց լռությամբ նպաստում են, որպեսզի օրվա իշխանությունն ապօրինի ճնշումներ գործադրի»։

 Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031