Լրահոս
Օրվա լրահոսը

Անգամ ամենալավ նախաձեռնությունները, ի վերջո, չեն աշխատում կամ տապալվում են․ «Հայացք Երեւանից»

Մայիս 28,2022 09:45

Յուրաքանչյուր երկրորդ հայ աշխարհը փրկելու առնվազն տասը ծրագիր ունի, մարդկությանը դաս տալու առիթ էլ միշտ կգտնի: Էլ չեմ խոսում՝ «մենք որ թատրոն ունեինք, մյուս ազգերը ծառերի վրա էին» հայտնի անհամության մասին: Բայց ամեն երկրորդ հայի քաղաքակրթելը, դաստիարակելը, հորդորելը, որ իր գործը պատշաճ կատարի՝ անչափ բարդ է:

Այսպես: Երբ Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտային պարկը համալրվեց նոր, կապույտ, գեղեցիկ, երկար ավտոբուսներով, անչափ ուրախացա: Եվրոպական հանրային տրանսպորտի կարոտը սրտումս՝ ավտոբուս եմ բարձանում: Առաջին օրերին ամեն ինչ հրաշալի էր: Վարորդի ձեռքը գումար չեմ դնում, չեմ դիպչում նրա մատներին, վարորդը չի ծխում, երաժշտություն չի միացնում: Բայց հայկական երջանկության առանձնահատկությունն այն է, որ կարճ կյանք է ունենում:

Թիվ 11 կապույտ, երկար ավտոբուսով տնից մամուլի շենք եմ հասնում 10-15 րոպեում: Հրաշալի է: Բարձրանում եմ ավտոբուս, բարձր միացրած ռաբիս երաժշտություն է ավտոբուսի ողջ սրահում: Վարորդին կատակով ասում եմ՝ «բայց ասում են երաժշտություն չեն միացնելու այստեղ»: Այնքան բարձր է միացրել, որ չի էլ լսում: Կողքիս երիտասարդ աղջիկն ինձ մխիթարում է՝ «բայց շատ քյարթ երգ չէ»:

Ուղեւորներից մեկը բարձրանում է, 100 դրամը արկղը գցում եւ նստում տեղը: 100 դրամանոցը պարզվեց, որ արկղ չի ընկել: Վարորդը կտրուկ արգելակեց ավտոբուսը, բացեց իր խցիկի դուռը, վերցրեց 100 դրամը եւ… դրեց գրպանը: Այդքան ուղեւորների աչքեր իրեն էին նայում, թե ինչ է անում:

Առաջին օրերին կանգառի զանգն աշխատում էր, բայց վարորդն էլի գոռում էր՝ «իջնող կա՞», թեպետ իջնող ուղեւորները սեղմում էին զանգի կոճակը: Հետո այդ զանգն էլ չաշխատեց, եւ հիմա թիվ 11 ավոտբուսի վարորդները հանգիստ գոռում են՝ «իջնող կա՞»:

Այդ վարորդներին աշխատանքի ընդունելիս միայն վարորդական վկայականի կարգ պահանջելը սխալ է: Թող թեսթ էլ հանձնեն, արյուն էլ հանձնեն, տեսնենք այս մարդիկ ընդհանրապես քաղաքակրթության եւ ուղեւորների սպասարկման հետ որեւէ առնչություն կարո՞ղ են ունենալ: Ես վստահ եմ, որ նրանց արյան գենում ամրագրված է, որ չեն կարող քաղաքակիրթ սպասարկել:

Ասում են, որ մենք՝ հայերս հերթ կանգնել չենք կարողանում: Բայց մենք ի՞նչ ենք կարողանում անել: Ես մտածում եմ, որ մենք ոչինչ չենք կարողանում անել: Անգամ ամենալավ նախաձեռնությունները, ի վերջո, չեն աշխատում կամ տապալվում են: Անգամ ավտոբուսի սրահը վարորդն իր տնամերձն է համարում, մյուսը մայթը համարում է ոչ մեկի տարածք եւ յուրացնում է, անգամ ակնհայտ ապօրինությունները չենք կարողանում կանխել: Օրինակ՝ ավտոտեխսպասարկման կետերը Արշակունյաց պողոտայի երկայնքով զավթել են մայթերը, անցորդները փողոցի երկրորդ գիծ են հասնում՝ շրջանցելով այդ կետերում կանգնեցված եւ տեխսպասարկվող մեքենաները:

Ընտանիքում պետք է սովորեցնել ամենապարզ բաները, ասենք՝ մետրոյի գնացքից սկզբում իջնում են ուղեւորները, նոր են նստում մյուսները: Եթե պետք է որ ամեն մի վարորդի, տեխսպասարկման կետի, ապօրինի շինարարության, փողոցում նետած աղբի հետեւից գնա իշխանությունը, ապա նա դա պետք է անի: Մեր հանրությունն էլ պետք է սովորի վատամարդ չլինելու բնավորությունից հրաժարվել եւ հասարակական պարսավանքի ինստիտուտն աշխատեցնել:

Անկարեւոր մանրուքներ չկան: Այս մանրուքներից են ծնվում քաղաքակրթվածությունը եւ օրինականությունը:

Նարինե ՄԿՐՏՉՅԱՆ

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) ACNIS reView «Հայացք Երեւանից» պարբերականից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031