Լրահոս
Օրվա լրահոսը

«Հենց այնպես չես կարող հրաման իջեցնել և մարդկանց ուղարկել սահման պահելու»․ գաղափարական հիմք պիտի լինի»․ Տիգրան Աբրահամյան

Հունիս 08,2022 23:23

«Արժեհամակարգի վերացմանն ենք ականատես լինում»,- Ֆրանսիայի հրապարակում «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորների մասնակցությամբ անցկացվող «Հայաստանը երեկ, այսօր և վաղը» թեմայով քննարկման ժամանակ այսպիսի մտահոգություն հայտնեց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ասպրամ Կրպեյանը։

Ըստ նրա՝ ներկայիս իշխանությունը վերացնում է այն արժեհամակարգը, որի վրա խարսխված է եղել մեր պետականությունը և որն՝ ըստ Ասպրամ Կրպեյանի, պիտի լինի ազգային պետության, պետականության հիմքը։ Պատգամավորը մտահոգված է՝ այս իշխանությունները եկան, սկսեցին այդ արժեհամակարգին հարվածել, արժեզրկել այն, հայ ժողովրդին մոլորեցնել։

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն էլ վստահեցրեց՝ բանակում որևէ լուրջ հաջողության չենք կարող հասնել առանց գաղափարական հենքի։ Միևնույն ժամանակ նա խոսեց գոյություն ունեցող խնդիրների մասին․ «Կա իրավիճակ, երբ զինծառայողը ծանր վիրավորում է ստանում, այդ պահին պետությունը պետական միջոցներով նրան վերականգնման որոշակի փուլի տանում, հասցնում է, բայց  արդեն վեց ամիս, մեկ տարի հետո մեկ էլ պարզվում է, որ այս կամ այն պատճառներով հայրենիքի պաշտպանը պետության ֆինանսավորմամբ բուժման հնարավորություն այլևս չի ունենում։ Սա նաև շատ վատ ազդակ է հասարակությանը, հնարավոր մյուս բոլոր մարտական գործողությունների ժամանակ այն բոլոր մարդկանց, որոնք գնալու են մարտի»։

Այս առիթով նա կարևորեց նաև սոցիալական բաղադրիչն ու նշեց․ «Այն մարդիկ, որոնք գնացել են հավաքներին, մասնակցել մարտական գործողություններին, պետությունը պարտավոր է մարտի դաշտում ստացած ցանկացած վիրավորում մինչև վերջ, այդ թվում արտերկրում բուժումը կազմակերպել ու վերականգնման փուլն ավարտին հասցնել»։

Խոսելով անվտանգային խնդիրների մասին՝ Տիգրան Աբրահամյանը փաստեց՝ ՀՀ-ն և Արցախը միևնույն անվտանգային համակարգում են ու կարևորեց, թե Արցախի հարցը ինչ ռելսերի վրա ենք դնում․ «Մենք պետք է վերադարձնենք գործընթացն Արցախի հարցով գոնե մինչև 2018-ի հատված,  երբ ինքնորոշման իրավունքի սկզբունքը հստակ որպես փաստ համաձայնեցված էր, համաձայնություն ստացվել էր նաև Ադրբեջանի կողմից՝ անկախ այն գործընթացից, թե որ փուլում Ադրբեջանն ինչ էր հայտարարել։ Գոնե կար միջազգային կոնսենսուս, որ ինքնորոշման իրավունքը պետք է լինի հակամարտության կարգավորման գործընթացի հիմքում»։

Տիգրան Աբրահամյանը վստահ է՝ առանց դաստիարակության հիմքում գաղափար դնելու մեր մարտական խնդիրը երբեք չենք լուծելու։ Նա պարզաբանեց․ «Հենց այնպես չես կարող հրաման իջեցնել և մարդկանց ուղարկել սահման պահելու։ Երբ դա գիտակցաբար չեն անելու, հիսուն միլիոն էլ լինենք, այդ խնդիրը չենք լուծելու։ Սրանք նպատակային ձևով բարոյալքեցին բանակը։ Սա մեր պարտության ամենախոշոր պատճառներից մեկն է եղել։ Առանց գաղափարական հիմքի մենք բանակում որևէ լուրջ փոփոխություն չենք կարող անել»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930