Լրահոս
Օրվա լրահոսը

Սյունիքի մարզպետն անձամբ ստուգեց ջրի պղտորվածությունը, Մեղրիի համայնքապետն էլ խմեց պղտոր ջուրը (ֆոտոշարք, տեսանյութ)

Հունիս 09,2022 23:33

Արդեն 10 օր է, ինչ Մեղրի եւ Ագարակ քաղաքների բնակիչներին խմելու ջուրը մատակարարվում է անկանոն։ Ըստ բնակիչների՝ եթե ջուր էլ մատակարարվում է, ապա գիշերային ժամերին՝ 15-20 րոպե։ «Վեոլիա ջուր» ընկերությունից պատճառաբանում են, որ ջրամբարները մաքրում են, ինչ պատճառով էլ Մեղրի համայնքի մի քանի բնակավայրեր մեկ-երկու օրով ջրազրկվել են։

Մեղրեցիները չեն հավատում ջրամատակարար ընկերությանը՝ պնդում են, որ պատճառն այլ է։

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը նախօրեին, անձամբ մեկնեց Մեղրի՝ ուսումնասիրելու պարբերաբար կրկնվող ջրամատակարարման երկարատեւ ու անկանոն խափանումների պատճառները։ Մարզպետը, Մեղրիի համայնքապետ Բագրատ Զաքարյանի ու ջրամատակարարման պատասխանատուների հետ եղավ Մեղրի ու Ագարակ քաղաքներին խմելու ջուր մատակարարող կայաններում, ծանոթացավ օրվա կարգավորիչ ջրամբարներին, դրանցում կատարվող մաքրման աշխատանքներին։

Ըստ «Վեոլիա ջուր»-ի ներկայացուցիչների՝ չնայած բնակչությանը մատակարարվող խմելու ջուրը մաքրվում է, քլորացվում, բայց ձնհալի պատճառով պղտորվածությունը շատ մեծ է լինում, ինչի պատճառով էլ ջրամատակարարումը դադարեցվում է։ Մաքրման կայաններում վերջերս տեղադրված հատուկ սարքերն են որոշում ջրի պղտորվածության թույլատրելի սահմանը։ Երբ սարքի սանդղակը մոտենում է չթույլատրված սահմանին, սարքը սկսում է ազդանշան տալ։ Իսկ նախկինում, երբ նման սարքեր տեղադրված չէին, համայնքը նորմալ ջրամատակարարում էր ստանում։ Մեղրիի համայնքապետ Բագրատ Զաքարյանը անզեն աչքով դիտարկելով փորձանմուշի համար ավազանից բերված ջուրը՝ եզրակացրեց՝ այն մաքուր է։

«Բայց սրա ի՞նչն է պղտորված, մաքուր ջուր է, զարմանում եմ, որ բաց չեք թողնում բնակիչներին»,-ասաց Զաքարյանն ու նույնիսկ խմեց այդ ջրից։ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը իր ձեռքով ավազանից վերցրված ջրի փորձանմուշն անձամբ է ստուգում։ Թույլատրելիի սահմանն անցնում է։ Մեղրիի համայնքապետը կասկածի տակ է դնում սարքերի աշխատանքը։ Առաջարկում է՝ ստուգել շշալցված ջրի պղտորվածությունը։ Եթե Մեղրիի մաքրման կայաններից վերցված ջրի աղտոտվածությունը 18-23 աստիճան էր, ապա շշալցված ջրինը՝ 1.3 աստիճան։

Մեղրու համայնքապետարանում կայացած խորհրդակցությունում էլ շահագրգիռ կողմերը փորձեցին գտնել ելք՝ ինչ անել, որպեսզի բնակիչները նորմալ ջրամատակարարում ստանա։ Մարզպետի խոսքով, պետք է մշակել համապատասխան ընթացակարգ ու գոնե սպառողներին տեղեկացնել, թե որ ժամին է ջուր մատակարարվելու նման պայմաններում։ Նաեւ առաջարկեց «Վեոլիա ջուր» ընկերության պատասխանատուներին հրավիրել Մեղրի՝ ստուգելու սարքերի աշխատանքը, գուցե՞ ճանապարհ գտնվի հարցը լուծելու համար։

Մեղրի համայնքի բնակիչները Aravot.am-ի հետ հեռախոսազրույցում նշեցին, որ հինգշաբթի՝ հունիսի 9-ին, մի քանի ժամով ավելացել է ջրամատակարարումը։ «Չգիտեմ, մարզպետի երեկվա այցը օգնեց թե այլ պատճառ կա, բայց այսօր համեմատաբար ջրի երես տեսանք»,-ասաց Մեղրիի բնակիչ Արամ Ալավերդյանը։

Հիշեցնենք՝ Aravot.am-ը Մեղրի համայնքում ստեղծված իրավիճակի մասին պարզաբանում ստանալու նպատակով հարցում է ուղարկել «Վիոլա ջուր» ընկերություն։ Պատասխանը ստանալուն պես կներկայացնենք։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930