Լրահոս
Օրվա լրահոսը

«Ուզում եք դարպասները բացե՞մ, վրայով թռնեք, մտնեք ՔԿՀ»

Հունիս 16,2022 13:30

Հայցվոր «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ ներկայացուցիչ Հասմիկ Հարությունյանը դիմել էր ՀՀ վարչական դատարան՝ ընդդեմ ՀՀ արդարադատության նախարարության «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի՝ պաշտոնատար անձի 2017թ. ապրիլի 2-ի գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու պահանջի մասին: Ներկայացրած հայցադիմումով հայտնել է, որ հանդիսացել է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդական խմբի անդամ։ 2017 թվականի ապրիլի 2-ին Հասմիկ Հարությունյանը եւ Արման Սահակյանը, առավոտյան ժամը 11։00-ին ներկայացել են ՔԿՀ։ Նրանք քրեակատարողական հիմնարկի աշխատակից Հայկ Թովմասյանին հայտնել են, որ որպես ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից լիազորված դիտորդներ, ցանկանում են դիտարկել ընտրական գործընթացը։

ՔԿՀ աշխատակիցը հայտնել է, որ նրանց անունները բացակայում են տրամադրված ցուցակներում, հետեւաբար ընտրական գործընթացի դիտորդություն իրականացնելու համար ՔԿՀ մուտք գործել չեն կարող։ Հասմիկ Հարությունյանը եւ Արման Սահակյանը ներկայացված փաստարկների դեմ չեն առարկել, սակայն նշելով խուց դիտարկելու անհրաժեշտությունը՝ ցանկություն են հայտնել մուտք գործել ՔԿՀ, արդեն որպես քրեակատարողական հիմնարկների վրա հսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի անդամներ եւ իրականացնել իրենց լիազորությունները։ ՔԿՀ աշխատակիցը նրանց տեղեկացրել է, որ ընտրատեղամասը գտնվում է դեպի ռեժիմային գոտի տանող միջանցքում, հետեւաբար, դիտորդները ռեժիմային գոտի մտնել չեն կարող: Երկրորդ անգամ դիտորդների մուտքը մերժելուց հետո Հայկ Թովմասյանը հայցվորին հեգնական ձեւով առաջարկել է. «Ուզում եք դարպասները բացե՞մ, վրայով թռնեք, մտնեք ՔԿՀ»։

Այս տարվա ապրիլի 19-ին դատական նիստին ներկայացած վկա Արման Սահակյանը հայտնել է, որ այդ օրը (խոսքը 2017թ. ապրիլի 2-ի մասին է-Ռ.Մ.) եղել է ահազանգ դատապարտյալի կողմից, սակայն չի իմանում, թե կոնկրետ ում կողմից է եղել: Ի սկզբանե փորձել են ճշտել, թե կարո՞ղ են դիտարկում անել, թե՝ ոչ, իսկ երբ իմացել են, որ չեն կարող նման դիտարկում անել, տեղեկացրել են, որ ահազանգ ունեն դատապարտյալի կողմից եւ ցանկանում են մտնել ՔԿՀ տարածք: Սակայն չեն թողել: «Քանի որ ընտրություններին բոլոր դատապարտյալներն են մասնակցում, եւ անցակետում այլ աշխատող չի եղել, մեկ ծառայող էլ հեռախոսների մոտ է ծառայությունն անցկացրել, ուստի հայցվորին եւ խմբին տեղեկացրել են, որ այդ պահին չեն կարող ընտրատեղամաս մտնել»,-ասել էր մեկ այլ վկա՝ «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ աշխատակից Վարդան Աղաբալյանը:

Այս գործով դատարանը մեկ անգամ՝ 2019թ. սեպտեմբերի 19-ին կայացրած վճռով հայցը բավարարել է: Սակայն Վերաքննիչ վարչական դատարանի 2020 թվականի հոկտեմբերի 21-ի որոշմամբ վճիռն ամբողջությամբ բեկանվել է, եւ գործն ուղարկվել է նույն դատարան՝ ամբողջ ծավալով նոր քննության: 2021 թվականի հուլիսի 16-ի որոշմամբ վարչական գործով հարուցվել է գործի նոր քննության վարույթ:

Դատարանը, դատաքննությունն ավարտված համարելով, դատական ակտի հրապարակման օր էր նշանակել 2021 թվականի դեկտեմբերի 17-ը, սակայն մեկ օր շուտ՝ դեկտեմբերի 16-ին գործի դատաքննությունը վերսկսվել է: Եվ, փաստորեն, դատարանը որոշման հրապարակման օր է նշանակել 2022թ. մայիսի 10-ը: Հայցվորի՝ ՔԿՀ-ի՝ պաշտոնատար անձի 2017 թվականի ապրիլի 2-ի գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու պահանջի մասին հայցը բավարարվել է: «Առավոտը» փորձեց տեղեկանալ, թե արդյոք կա՞ բողոք, երեկվա դրությամբ բողոք չկար: Ահա, այսպիսի «օպերատիվություն»:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
15.06.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930