Լրահոս
Օրվա լրահոսը

«Սպառողի խնդիրն է գտնել այն ԶԼՄ-ները, որոնք իրեն կտան վստահելի տեղեկություն»․ Դավիթ Ալավերդյան

Հունիս 17,2022 19:00

«Այս ցուցանիշը հետևանք է այն բանի, որ Հայաստանում լրատվամիջոցների բևեռացվածությունը հասել է իր գագաթնակետին»,- «Հոդված 3» ակումբում «Մեդիան` թիրախում. ինչպես վերականգնել ԶԼՄ-ների նկատմամբ վստահությունը» թեմայով հանրային քննարկման ժամանակ կարծիք հայտնեց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը` անդրադառնալով CRRC-ի ուսումնասիրությանը, որի արդյունքներով՝  վստահելի կառույցների ցանկում վերջին տեղում ԶԼՄ-ներն են։

Ըստ այդ ուսումնասիրության՝ հասարակության 52 տոկոսի համար ԶԼՄ-ներն ընդհանրապես վստահելի չեն:

Ըստ Աշոտ Մելիքյանի՝ սա սպասելի էր, բայց որ արդեն հասել է այս մակարդակին, ըստ նրա՝ երևի թե սպասելի չէր: Նրա կարծիքով՝ սա լուրջ ազդակ է, պրոֆեսիոնալ դաշտ վերադառնալու նախազգուշացում։

Խոսելով հետպատերազմյան շրջանի մասին՝ Աշոտ Մելիքյանն ասաց․ «Հատկապես հետպատերազմյան շրջանում էլ ավելի ցայտուն են դարձել բաժանարար գծերը տարբեր քաղաքական ուժերին սպասարկող ԶԼՄ-ների։ Դա ակնհայտ է ոչ միայն մասնագետների, այլև շարքային քաղաքացու համար: Հասարակությունը ևս նույն այդ բևեռվածության չափով բաժանվել է»։

Ըստ «Մեդիամաքս» լրատվական գործակալության համահիմնադիր, գլխավոր խմբագիր Դավիթ Ալավերդյանի՝ ԶԼՄ-ների նկատմամբ վստահության ցածր մակարդակի պատճառներից մեկն էլ մեդիագրագիտության պակասն է: Նա նաև այսպիսի միտում նկատեց․ «Մի կողմից վստահության մակարդակը ԶԼՄ-ների հանդեպ իջնում է, մյուս կողմից առնվազն առցանց ԶԼՄ-ների լսարանը մեծանում է, ավելանում է նաև առցանց ԶԼՄ-ների թիվը, ավելանում են նաև հավանումները, ոչ ԶԼՄ-ներին մոտ յութուբյան մի շարք ալիքներ: Մենք ունենք զուգահեռ գործընթաց, երբ մարդիկ ավելի շատ են սպառում տեղեկատվություն, այցելում տարբեր մեդիաներ, բայց միաժամանակ չեն գտնում իրենց համար վստահելի ԶԼՄ-ներ։ Այդ պատճառով չեն վստահում ոչ մեկին»։

Մտահոգություն հայտնելով հասարակության շրջանում ընդհանուր առմամբ մեդիագրագիտության ցածր մակարդակի առիթով՝ Դավիթ Ալավերդյանն ասաց․ «Այդ պատճառով էլ մեդիասպառողները սպառում են հիմնականում այն տեղեկությունները, որոնք ստանում են իրենց ֆեյսբուքյան, ինստագրամյան էջերով և ջանք չեն գործադրում, որ գտնեն իրենց համար հավաստի տեղեկատվության աղբյուրներ»։

Անդրադառնալով ԶԼՄ-ների նկատմամբ վստահության պակասի մասին վկայող ուսումնասիրություններին՝ Դավիթ Ալավերդյանը նշեց․ «Մեզ համար ցավալի է գիտակցել, որ այդքան ցածր է մեդիագրագիտության առումով գիտակցության մակարդակը, բայց պետք է հասկանալ, որ ոչ բոլոր ԶԼՄ-ներն են քաղաքականացված, ոչ բոլոր ԶԼՄ-ներն են տարածում ֆեյք նյուզ, ոչ բոլոր ԶԼՄ-ներ են զբաղվում կեղծիքով: Սպառողի խնդիրն է գտնել այն ԶԼՄ-ները, որոնք իրեն կտան վստահելի տեղեկություն»։

Լուսանկարները՝ «Հոդված 3» ակումբի

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930